ԿարևորՀասարակություն

Դիլիջանում վերաբացվել է վերակառուցված բժշկական կենտրոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր պաշտոնապես բացվել է Դիլիջան բժշկական կենտրոնը։

Ներդրումային ծրագրի շրջանակում բժշկական հաստատությունն ամբողջովին հիմնանորոգվել և համալրվել է ժամանակակից սարքավորումներով։ Այսպիսով, Դիլիջանում հնարավորություն է ստեղծվել Տավուշի եւ հարակից մարզերի բնակիչների համար որակյալ եւ անհրաշեժտ  ախտորոշում ու բուժում ստանալ՝  ստիպված չլինելով հասնել մայրաքաղաք։

Կենտրոնը սերտորեն համագործակցում է նաեւ Երևանի առաջատար բժշկական հաստատությունների հետ և ընդգրկված է ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել այստեղ ստեղծված հնարավորություններին։

Դիլիջանի հիմնանորոգված եւ վերակառուցված բժշկական կենտրոնն ամբողջությամբ վերազինվել է ժամանակակից լավագույն սարքավորումներով։

Կենտրոնի տնօրեն Ռուբեն Բաբակեխյանը թվարկում է նորագույն սարքավորումները եւ նշում՝  ինչպես խոստացել էին Ամանորի նախաշեմին գեղեցիկ անակնկալ են մատուցում Դիլիջանի բնակիչներին։ Նրանք այսուհետ ստիպված չեն լինի հետազոտվելու կամ բուժվելու համար հասնել մայրաքաղաք։

Դիլիջանի ԲԿ-ի ներդրումային ծրագիրն իրականացրել է պրոֆեսոր Հարություն Քուշկյանը։ Ժամանակակից ԲԿ ունենալու նպատակով Դիլիջանում ներդրվել է ավելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար: Հարություն Քուշկյանը ծրագրին նայում է համաչափ զարգացման տեսանկյունից եւ նշում՝ մոտ է ժամանակը, երբ բոլոր մարզերն էլ կունենան այսպիսի բժշկական կենտրոն։

Հարություն Քուշկյանը նաեւ վստահեցրեց՝ բուժծառայությունների որակի եւ մատչելիության հարցով էլ խնդիրներ չեն լինի, այդ թվում՝ պետպատվերով սպասարկելու առումով։

Բուժհաստատությունն ունի 175 աշխատակից, որից 30-ը՝ բժիշկ, անհրաժեշտության դեպքում պարբերաբար իրականացվում են Երևանից ևս 35 բժշկի պարբերական այցելություններ: Սոմատիկ բաժանմունքի վարիչ Անուշ Մկրտումյանն ասում է, որ սարքավորումներով հագեցվածությունն ու ստեղծված մյուս պայմանները  հեշտացնում են հենց բժիշկների աշխատանքը՝ առավել որակյալ բուժսպասարկում իրականացնելու համար։

2019 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծրագրի՝ պետպատվերի շրջանակում Դիլիջանի բժշկական կենտրոնին հատկացվել է 275 մլն դրամ: Բժշկական կենտրոնն ունի նաև առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա, ծննդատուն, շտապօգնության ծառայություն:

Back to top button