ԿարևորՀասարակություն

2020 թ–ին 502 կմ ճանապարհ կնորոգվի

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցներն արդեն 13–րդ աշխատավարձն ստացել են` ամփոփիչ  ասուլիսի ժամանակ հայտարարել է ոլորտի պատասխանատուն ՝ Սուրեն  Պապիկյանը։ Նա հայտնել է նաև, որ իրենց  աշխատակիցների միջին աշխատավարձն է բարձրացել։ 

Գերատեսչությունն իր կազմում ներառում է մի քանի մեծ ոլորտներ,  հիմնականում  տարածքային կառավարման նախարարությունն է իրականացնում կապիտալ ծախսերը։

Այս տարի Հայաստանում իրականացվել են  աննախադեպ ճանապարհաշինական  ծրագրեր. դեկտեմբերի 1- ի տվյալներով` շուրջ 360 կմ ճանապարհ են նորոգել ու հիմնանորոգել։  2020 թվականին նախատեսում են 502 կմ ճանապարհ նորոգել։  

Նվազագույնը՝ բավարար․ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի  ընդամենը վեց ամիս գործող նախարարության աշխատանքներին տված գնահատականն է։

Օպտիմալացման ու միացման արդյունքում ձևավորված նախարարությունում, ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ,  2019 թվականի երկրորդ կիսամյակում   միջին իրական աշխատավարձը կազմել է  378 հազար դրամ, 2018 թվականին  այն   263 հազար դրամ էր։

Օպտիմալացումն իր  կարևոր արդյունքը տալիս է` ասում է։

«Սա նաև հավելյալ վճարումների արդյունք է։ Պարգևավճարները կառավարության կողմից սահմանված էր որոշակի չափաքանակով, մեզ տրամադրվող ծախսերի 30 տոկոսի չափով։  13–րդ աշխատավարձ արդեն ստացել ենք»։

Այս գերատեսչությունն է  հիմնականում  իրականացնում  կառավարության  կապիտալ ծախսերը։  Կատարված աշխատանքներն էլ տեսանելի են։

«Մենք 2020 թվականին ոչինչ չենք խնայելու, որպեսզի  ավելի արդյունավետ դարձնենք մեր աշխատանքը, բարձր պահենք ՀՀ վարչապետի և մեր կառավարության բարի անունը»։

Թե ինչու վարչապետը հայտարարեց, որ  պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, Սուրեն Պապիկյանը դժվարանում է ասել, սակայն  գիտի՝ համակարգում կա ընդգծված թղթաբանական ծանր փուլ, որը հաղթահարելը ֆիզիկապես ու նյարդերի համար ծանր է։

Տարածքների համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է։ Գյումրիի հաջողված փորձը կկիրառեն Հայաստանի մյուս՝ զարգացման հնարավորություն ունեցող 10 քաղաքներում նույնպես։ Գյումրիում կարողացել ենք մթնոլորտը փոխել` ասում է Պապիկյանը։ Նշեց՝ Գյումրին ու գյումրեցին պետք է հաղթահարեին աղետի գոտում ապրողի  հոգեբանությունը։ Հաղթահարեցին։

«Իհարկե, 2019 թվականին Գյումրիում հսկայական միջոցներ են ներդրվել։ Պետք է ասեմ, որ 2020 թվականին այն առնվազն կրկնապատկվելու է։ Սա արդարացի է, քանի որ Գյումրին աղետի գոտի է, կան աղետի գոտում գտնվող այլ համայնքներ նույնպես, որոնք պակաս ուշադրության կարիք չեն զգում»։

2019 թվականին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ է  ծախսել։ 2020- ի համար էլ 10 մլրդ դրամ են առանձնացրել։ Նախորդ տարիներին բյուջեով նախատեսված չէր։ Սա պետություն–համայնք, արդեն  նաև՝ մասնավոր համագործակցության կարևոր պրոդուկտ է համարում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Սուբվենցիոն 483 հայտ էր հաստատվել, 462 ծրագիր կյանքի է կոչվել։ Դրանց մի մասը ավարտին կհասցնենք 2020–ին։ Ընդհանուր առմամբ, 462 ծրագրի համար 16․4  մլրդ դրամ  է ծախսվել, 6․8 մլրդ դրամը՝  համայնքային, 9,6 մլրդ դրամը՝   պետական  ֆինանսավորումն է կազմել։

Դեկտեմբերի 1–ի տվյալներով, Հայաստանում շուրջ  360 կմ ճանապարհ է   նորոգվել ու հիմնանորոգվել։ 2020 թվականին նախատեսում են 502 կմ  ճանապարհ նորոգել։ Սա աննախադեպ է։ Հյուսիս– հարավը ցավոտ ծրագիր է՝ ասում է Պապիկյանն ու տեղեկացնում ՝  կառավարությունը   մեկ կապալառուի ՝  իսպանական  «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության հետ  պայմանագիրը խզել է։ Այժմ հարցը  քննվելու է  միջազգային արբիտրաժում։  Թալին- Գյումրի հատվածում   չինական ընկերությունը ակտիվ աշխատում է, կատարել են  ավելին, քան նախատեսված էր։

Ընդերքօգտագործման ոլորտի 204 կազմակերպության գրավոր զգուշացում են տվել, պետական  բյուջե արդեն իսկ 501 մլն դրամ ապառք է վճարվել։  31 կազմակեպության նկատմամբ էլ  հարուցվել են իրավունքների դադարեցման վարույթներ։ Ոլորտը կզարգանա, սակայն բնապահպանական խիստ նորմերով` վստահ է նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button