ԿարևորՀասարակություն

Տարկետման նոր իրավունքի հնարավորություն․ գործադիրը դեմ է

Խորհրդարանական երեք խմբակցությունները միասին հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն քաղաքական ուժերին  համախմբած գաղափարին կողմ չէ կառավարությունը կամ  առնվազն երկու նախարարություն։ Թեման տարաձայնություննների առիթ է  դարձել պատգամավորների և գործադրի ներկայացուցիչների միջև։

Եթե խորհրդարանական 3 ուժերը պնդեն իրեն նախաձեռնությունը եւ ընդունեն համատեղ մշակված նախագիծը, չի բացառվում, որ պատասխան քայլով պաշտպանության նախարարությունը դիմի խորհրդարան և բարձրացնի միջին մասնագիտական ու արհեստագործական հաստատությունների ուսանողներին տարկետման իրավունքից զրկելու հարցը։ Այդ իրավունքը նրանց տրվել է  2018– ին, և այսօր արդեն փաստի առաջ  կանգնեցնել պաշտպանության նախարարությանը։

Սա հիմնավորումներից մեկն է, որով կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ Արայիկ Հարությունյանը,  բացատրում է , թե ինչու է գործադիրը դեմ միջին մասնագիտական եւ արհեստագործական հաստատություններին առնչվող նախաձեռնությանը։

«Վերջերս զորակոչային խնդիրները քննարկելիս ՊՆ–ում բախվեցինք մի խնդրի, որ կտրուկ աճել է տարկետում ստացողների թիվը: Սա լուրջ մտահոգություն է ՊՆ–ում, որը մենք լրջորեն  ուսումնասիրում ենք: Վտանգ կա, որ այս կարգավորումն ընդունելուց հետո ՊՆ–ն ինչ–որ փուլում հանդես կգա այդ կարգավորումից հրաժարվելու նախաձեռնությամբ։ Որովհետեւ սա հնարավորություն է տալու շատերին գալ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ եւ ինչ–որ ժամանակով  հետաձգել իրենց զորակոչը բանակ»։

Պատգամավորներն առաջարկում են հանել 12–ամյա ուսուցման պարտադրանքը՝ միջին մասնագիտական կրթություն ստանալ  կամ որեւէ արհեստ սովորել ցանկացողների համար։ Որպես հիմնավորում ներկայացնում են շուկայում առկա մասնագիտությունների պահանջարկը, որը դեռ չի հաջողվում լրացնել։ Նախաձեռնությունը մշակելու հարցում ընդհանուր հայտարարի են եկել «Իմ քայլը» , «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։   

Բացի պաշտպանության եւ կրթության նախարարություններից, պատգամավորների նախաձեռնությանը բացասական եզրակացություն է տվել նաեւ արդարադատության նախարարությունը։ Խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ եւ «Կրթության մասին» օրենքով պետությունը պարտավոր է ապահովել 12–ամյա անվճար հանրակրթություն։ Կրթության նախարարը հավաստիացնում է՝ նախագծին  բացասական եզրակացություն տալով՝  ամենեւին չեն պաշտպանել 12–ամյա կրթության «շահերը»։ Հակառակն ապացուցող այլ օրինակներ ունեն․ առանց տարկետման իրավունքի արհեստ սովորելու ցանկություն ունեցողները քիչ են․

«Ուրեմն Ամերիկայում ապրող հայ բիզնեսմենի հետ պայմանավորվեցի, որ «Մոզյան Քոլեջ»–ի համար, որտեղ լավագույն բազան ունենք,  կրթաթոշակներ սահմանենք։ Նման բազա ուրիշ հաստատությունում չունենք, կոչ կանեմ Արցախ գնալուց անպայման գնալ Շուշի ու  այդ ուսումնական հաստատություն։ 10 կրթաթոշակ էինք սահմանել Հայաստանից որակյալ զոդող, խառատ պատրաստելու համար։ Մենք երկու անգամ մրցույթ հայտարարեցինք, զրո մարդ դիմեց»։

Քննարկումների առաջին փուլում կողմերին չհաջողվեց համոզել միմյանց։ Տոների հետո այս բանավեճը խորհրդարանում դեռ շարունակվելու է։ Հաջորդ տարի նաեւ խորհրդարանին է ներկայացվելու կրթության նոր ռազմավարությունը, բայց մինչև այդ արդեն «Կրթության մասին» օրենքով նախարարությունը փոփոխություններ է առաջարկել, որով փոխվելու է դպրոցների տնօրենների ընտրության կարգը։

Ցուցադրել ավելի
Back to top button