ԿարևորՀասարակություն

Մեղրիի «նավարկող» մանկապարտեզից միայն պատերն են մնացել․ շենքը հիմնանորոգվում է

Կառավարության և «Իմ քայլը» հիմնադրամի ֆինասավորմամբ հիմնանորոգվում է Մեղրու միակ մանկապարտեզը։ Այն տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում․ չի ունեցել ամուր հիմքեր, թե ներքևից, թե վերևից ջրերի մեջ է եղել։ Հարցը օրակարգային էր միշտ, սակայն հնարավոր չէր լուծել համայնքապետարանի միջոցներով։

Մեղրու միակ մանկապարտեզը հաճախ անվանում էին նավարկող, քանի որ երկհարկանի շենքը չորս կողմից ջրերի մեջ էր․ խաթարված էր դրենաժային համակարգը, տանիքն էլ շարքից դուրս էր եկել։ Արդեն 95 տարի շահագործվող շենքի հիմքերը օրեցօր թուլանում էին։ Խոնավության պատճառով մանկապարտեզն անգամ սննդի պահեստ չուներ։

Քայքայված պատերն ու հատակն այլևս անցյալում են, կառույցը հիմնանորոգվում է կառավարության և «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով։

Առաջինի համար մոտ 62 մլն (61 մլն. 656 հազար) դրամը սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացրել է կառավարությունը, իսկ 33 մլն.ից ավելին (33 մլի 200 հազար)  դրամը՝ «Իմ քայլը» հիմնադրամը։ Երկրորդ փուլի նախահաշվային գումարը կազմում է մոտ 205 միլիոն դրամ։ Մեղրու համայնքապետարանի շինարարության բաժնի պետ Մհեր Ղազարյանը նշում է՝ ուշադրություն են դարձրել հատկապես սեյսմակայնության վրա։

«Մեղրին առաջին սեյսմիկ գոտի է, որտեղ ցանկացած շինարարություն ունի համապատասխան նորմատիվներ։ Միանշանակ, մանկապարտեզի վերակառուցումը նախատեսում էր սեյսմոլոգի եզրակացություն, ուժեղացման շինարարական աշխատանքներ։ Վթարային կարգավիճակ տրված չէր, բայց ուժեղացում միանշանակ անհրաժեշտ էր։ Աշխատանքները մարզպետարանի ուշադրության կենտրոնում են։ Յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն ենք ներկայացնում մարզպետարան»։

Տնօրեն Սյուզան Սարգսյանի խոսքով՝ մանկապարտեզը նախքան հիմնանորոգումը սպասարկել է 205 սաների, որոնց մեծ մասն այժմ տանն է։

 «Միայն ավագ խմբի սաների համար ենք կարողանում իրականացնել բացառապես կրթական ծառայություն․ խնամք, քուն, սնունդ չի մտնում մեջը։ Նախկին պոլիկնինիկայի շենքում համայնքապետարանը տրամադրեց տարածքը և ընդամենը 67 երեխա ենք կարողանում սպասարկել։ Աշխատող 18-20 ծնողներ իրենց երեխաներին տեղավորել են Լեհվազի ու Վարդանիձորի մասնաճյուղերում»։

Սյուզան Սարգսյանը պատմում է՝ որոշակի փոփոխություններ կլինեն նախագծի հետ կապված, քանի որ ժամանակի հետ փոխվում են նաև պահանջները։ Կփոխվի դերձակի, լվացքատան սենյակը և այլն։ Տնօրենն ասում է՝ տանիքում կտեղադրվեն արևային էներգիայի պանելներ.

 «Ճապոնիայի դեսպանատան կողմից շահել ենք դրամաշնորհ։ 55 հազար դոլարին համարժեք արևային էներգիա կունենանք։ Տանիքը և պայմանները հարմար են։ Երբ պատրաստ լինի տանիքը, կտեղադրվի»։

Առաջին փուլում՝ մինչև հունվարի 25-ը պետք է ուժեղացնել սյուները, հաստացնել պատերը, լուծել կաթող տանիքի խնդիրը։ Մանկապարտեզը սաներին է նախատեսվում հանձնել մինչև 2020-ի ավարտը։

Ցուցադրել ավելի
Back to top button