ԿարևորՀասարակություն

Համայնքներում սեփական եկամուտները կատարվել են 93.8 տոկոսով. Արմավիրի մարզում ամփոփում են տարին

Տարին մոտենում է ավարտին  և եկել է ժամանակը հետադարձ հայացք ձգելու արված ու չարված գործերի վրա,  ուրվագծելու  հաջորդ տարվա անելիքը: Արմավիրի մարզխորհրդի նիստն այս անգամ տեղի ունեցավ Էջմիածնի մշակույթի տանը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը արտագնա նիստի հետ կապված իր բացատրությունն ունի:

«Նախկինում տարբեր քաղաքական ուժերի որդեգրած քաղաքականության պատճառով մարզպետարանի և քաղաքի կապը, մեղմ ասած, լավ չէր ստացվում և Արմավիրի մարզպետը ներկա չի եղել քաղաքի տոնին: Այս տարի որոշեցինք Էջմիածնի մշակույթի տանը կազմակերպել մարզխորհրդի նիստը: Վերջերս ներկա եմ եղել նաև Էջմիածին համայնքի ավագանու նիստին»:

Տարին բարենպաստ էր և գյուղմթերքի արտադրության աճ էր գրանցվել: Այս տարի  վերամշակող ձեռնարկություններում մթերված  պտուղ-բանջարեղենը 60 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ խաղողը՝ 30 հազ տոննայով: Սակայն գյուղատնտեսական տարին այնքան էլ բարեբեր չէր կարկտահարված համայնքների բնակիչների համար, որոնց կրած վնասի դիմաց մինչև օրս որևէ օգնություն չի տրվել.

«Կառավարության համապատասխան որոշմամբ առաջիկա օրերին դրամական աջակցություն կցուցաբերվի կարկտահարնությունից 50 տոկոս վնաս կրած մարզի 18 համայնքի 1095 գյուղացիական տնտեսություններին: 1 հա հատցահատիկի և հատիկաընդեղենի դիմաց կտրվի 30 հազ. դրամ, խաղողի և պտղի դիմաց՝ համախառն եկամտի 5 տոկոսի չափով, բանջար-բոստանի համար համախառն եկամտի 4 տոկոսի չափով»:

Պետության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը ամենատես աչքի տակ են պահվել, շահագործվել միայն որակի ապահովման պայմաններում, իսկ թերի աշխատանքը չի գնահատվել և չի վճարվել: Դեպքերը եզակի չեն: Տարիներ շարունակ մրցույթը հաղթած շինարարական  կազմակերպություններն այս տարի  ևս փորձել են անորակ աշխատանքների դիմաց պետական բյուջեից գումարներ կորզել, բայց անհաջողության են մատնվել:

«Ունեցել ենք ճանապարհաշինության դեպք, որ առհասարակ որևիցէ ձևով մենք չենք պատրաստվում վճարել, ունեցել ենք դեպք, որտեղ բազմաբնակարան շենքի տանիքը շեղումներով է վերանորոգվել, նույնպես չենք վճարելու և նախատեսված 700 հազ դրամը վերադարձվելու է պետբյուջե, որը կօգտագործվի հետագայում տարբեր ծրագրերի համար»

«Մենք անհանդուրժող ենք լինելու ցանկացած անօրինականության դեմ»-ասել է Համբարձում Մաթևոսյանը և նշել առողջապահության ոլորտում ստվերային դրամաշրջանառության կրճատմամբ և հիվանդանոցի եկամուտների ավելացմամբ  պայմանավորված 24.8 տոկոսով  բուժաշխատողների աշխատավարձրերի բարձրացման, Էջմիածնի ու Արմավիրի  բժշկական կենտրոններում շտապօգնության  ևս 2 բրիգադի կազմավորման մասին:  Համայնքներում սեփական եկամուտները կատարվել են 93.8 տոկոսով: Տեղական բյուջեի մուտքերի ավելացմամբ  2020թ-ին  կշարունակվեն ներդրումային ծրագրերը:

Նախատեսվում է բարելավել ոռոգման համակարգը՝  41 համայնքում կառուցելով 91.6 կմ երկարության ոռոգման ներտնտեսային ցանց՝ 10 տոկոս համայնքի և 90 տոկոս Եվրասիական զարգացման բանկի ու կառավարության ներդրումներով:

Կշարունակվեն ասֆալտապատվել միջպետական և հանարապետական նշանակության  անբարեկարգ ճանապարհները, կկառուցվեն դպրոցներ ու մարզադահլիճներ: Վերջում Արմավիրի մարզպետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել  մոտեցող Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ:

Ցուցադրել ավելի
Back to top button