ԿարևորՀասարակություն

Ապացուցելու ենք, որ Հանրային խորհուրդը ասելիք ու անելիք ունի․ Ս․ Սաֆարյան

Հանրային խորհուրդը, ինչպես գիտենք, ունի նոր նախագահ, և ներսում բուռն քննարկումներ են ծավալվում։ Կառավարության վերջին նիստում որոշվեց` խորհրդի նախագահը Ստյոպա Սաֆարյանն է։ Նա է փոխարինելու Վազգեն Մանուկյանին։ Հանրային խորհրդում ընթացող բուռն քննարկումների ֆոնին խորհուրդը լքում են որոշ անդամներ։

Այսօր էլ խորհրդից հեռանալու մասին է պարզաբանում ներկայացրել Լարիսա Ալավերդյանը։ Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանն էլ իր անդամակցությունը դադարեցնելու դիմում վարչապետին ներկայացրել է դեկտեմբերի 20-ին։

Հանրային խորհրդի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ  Լարիսա Ալավերդյանը ևս մեկ անգամ հարկ համարեց պարզաբանել, թե ինչու է դուրս եկել Հանրային խորհրդից։ Որոշումն ընդունել էր դեռ այս տարվա հոկտեմբերին ու հայտարարել, սակայն այդ ժամանակ որևէ մեկի ուշադրությանն իր այդ հայտարարությունը չէր արժանացել` ասում է։ Իսկ ՀԽ լքել է նախևառաջ առողջական խնդիրների պատճառով։

Լարիսա Ալավերդյանն ասում է, որ նախկինում էլ Հանրային խորհրդում իր ներկայությունն անհրաժեշտ չի համարել, սակայն այսօր իրեն դուր չեն գալիս որոշ արտահայտություններ ու ձևակերպումներ, որ հնչում են Հանրային խորհրդում։

Ինչ ապագա է տեսնում Հանրային խորհրդի համար նորանշանակ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Նա «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ նախ ինվենտարիզացիա է իրականացնելու կառույցում։

«Այս պահին ամեն ինչ անելու ենք, որ ապացուցենք, որ այս կառույցը ասելիք ու անելիք ունի։ Նման հայտարարություն չէի անի, եթե ստացած չլինեի Հանրային խորհրդին անդամակցելու բազում- բազում առաջարկներ։ Մարդիկ ուզում են օգտակար լինել, ունեն բազում օգտակար առաջարկներ։ Հետեւաբար, առաջին հերթին փորձելու ենք գնահատել  կառույցին անդամակցող բոլոր կազմակերպությունների ռեսուրսները, ինվենտարիզացիա իրականացնել, թե փորձագիտական ինչպիսի ռեսուրսներ ունի, այնուհետեւ փորձելու ենք կառույց վերադարձնել բազում հեռացած մարդկանց, որոնք խռովել են», –նշեց Սաֆարյանը։

Խռովածներից ոմանք դիմել են վերադառնալու համար։ Կան մարդիկ, որոնք ուզում են դուրս գալ, նրանց կփոխարինեն նորերը` ասաց։

Հանրային խորհրդի նոր նախագահն ուզում է խորհրդին անդամակցող բոլոր մարդկանց ձայնը լսել, նրանք 1000- ից ավելի են։ Ասաց, որ պատրաստվում է գնալ մարզեր, տեղում իրավիճակը հասկանալ։

Մինչ այդ` խորհրդից հեռացած Լարիսա Ալավերդյանն ուզում է տեսնել  կառավարությանը այլախոհ Հանրային խորհուրդ, որտեղ ոչ միայն գովեստի խոսքեր կհնչեն կառավարության հասցեին, այլև` քննադատություն։

Երիտասարդ ու անփորձ լինելը նա պատճառ չի համարում քննադատելու որևէ մեկի աշխատանքը, նրան տխրեցնում է այլախոհների հետ աշխատելու ունակություն չունենալու ոմանց կեցվածքը։

Ստյոպա Սաֆարայանն մինչդեռ հստակեցնում է, որ մատնանշվելու են կառավարության ռիսկային քայլերը։

Սաֆարյանը նշեց, որ գալիք տարում արդեն Հանրային խորհրդի օրակարգն է կազմվելու օրենսդրական փոփոխություններից մինչեւ գործողությունների ծրագրի հաստատում։

Ցուցադրել ավելի
Back to top button