ԿարևորՀասարակություն

Անին այսքան մոտ ու այսքան հեռու․ Նորշենի միակ բնակչի ամենօրյա մտորումները

Հայ-թուրքական սահմանամերձ Շիրակի մարզի Նորշեն  համայնքի  մուտքի ռեժիմը հաջորդ տարվանից փոխվելու է։ Հունվարի մեկից բոլոր ցանկացողները առանց հատուկ թույլտվության կկարողանան մուտք գործել գյուղ։ Ինչ կտա սա Նորշենին, Նորշենի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանին, ընդհանրապես՝ տարածաշրջանին։

Հունվարի մեկից առանց ավելորդ քաշքշուկի, հատուկ փաստաթղթերի ու սահմանային պայմանականությունների հայկական կողմից բոլոր ցանկացողները կարող են մուտք գործել Շիրակի մարզի Նորշեն, ավելի հայտնի՝ Խարկով համայնք։  Այս պահին դա անհնարին է, քանի որ մուտքի համար անհրաժեշտ է  սահմանապահների թույլտվությունը։  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ հայկական սահմանային գոտին այդ տարածքում մոտ երեք կիլոմետր խորություն ունի։ Այստեղ  գտնվող Նորշեն գյուղում  չկան ենթակառուցվածքներ։ Սահմանային ռեժիմի փոփոխությունը, ըստ մարզպետի, կնպաստի տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Անի պատմական մայրաքաղաքից Նորշենը բաժանում է միայն Ախուրյան գետը։

«Անի պատմական մայրաքաղաքի դիմաց  գտնվող սահմանը  հատելու համար հատուկ ռեժիմ է գործում, պետք է փաստաթղթեր ներկայացնել սահմանապահներին։ Նորշեն համայնքը իր մեկ բնակչով, ըստ էության, մեկուսացված էր։ Հիմա  այդ սահմանային գոտին ավելի փոքրանում է և մեր երկրի բնակիչներն ու հյուրերը կկարողանան մուտք գործել այդ տարածք առանց բյուրոկրատական քաշքշուկների։ Այստեղ հնարավոր  կլինի արդեն ներդրումներ կատարել ու տարատեսակ ծառայություններ մատուցել տեղում»։

Ըստ մարզպետի, 2020-ին կապահովեն սահմանային գոտու փշալարային հատվածը, տարածքում ենթակառուցվածքներ կկառուցեն։ Նախատեսվող փոփոխություններն ամենից շատ երջանկացրել է Վահանդուխտ Մելքոնյանին, որը Նորշենի միակ բնակիչն է։ Ինչպե՞ս է պատահել, որ նա մնացել է։ Հարցին մարզպետն արձագանքում է՝ հենց այդպես սկզբունքորեն որոշել է ու դուրս չի եկել գյուղից։

Հայրենի հողին անմնացորդ նվիրումի  համար  Նորշենի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանն օրերս արժանացավ հանրապետության վարչապետի  շնորհակալագրին ու դրամական պարգևին։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի տվյալներով, գյուղը դատարկվել է դեռևս նախորդ դարի 60-ական թվականներին։ Տիկին Վահանդուխտը Նորշենի միակ բնակիչն ու պահապանն է։  Տարածքում միայն  հայ և ռուս սահմանապահներն են։ Գյուղից հեռացած հինգ զավակներն էլ  չկարողացան համոզել լքել հարազատ Նորշենը։ Ինչու  այսքան տարի մենակ մնացիք գյուղում, հարցս նրան անկեղծորեն զարմացնում է։

«Դու չգիտե՞ս ինչի մնացի, բալես, մեր հին Հայաստանն ուր է։ Էդքան տուրիստներ են գալիս, էն կողմից բարև են տալիս, ես ոնց թողնեմ իմ Անիի ավերակները։  Դրանք ինձ քաշում են, տանում են էնտեղ։ Ամեն առավոտ գնում մոտիկից նայում եմ»։

Նայում է ու հիշում հայտնի խոսքը՝ Անին այսքան մոտ ու այսքան հեռու։  Ամուր է կպած հողին, որովհետև սկեսուրին խոստացել է ՝ երդիկից միշտ ծուխ է դուրս գալու, որպեսզի թուրքը չմտածի, թե  հայը հեռացել  է այստեղից։ Սկեսուրը Մշո Խաս գյուղից էր, եղեռնից մի կերպ փրկվել, սահմանից այս կողմ էր հասել, բայց աչքը երբեք Էրգրից չէր կտրվել։

«Սկեսուրս ասում էր՝ լաո ես սաղ կմնամ, էրգրի ճամփեն կբացվի, հո էսպես չի մնա, քեզ կտանեմ, կտեսնես Խաս գյուղ ինչ գյուղ է»։

Սահմանային առաջիկա փոփոխությունները տիկին Վահանդուխտին ոգևորել են, ասում է ՝ նորից ժողովուրդ կգա, կվերականգնվի։ Ժամանակին շեն գյուղ է եղել։ «Կոլխոզով, սովխոզով, գրագետ մարդկանցով բազմամարդ գյուղ է եղել։ Գլխավոր հաշվապահ,  ինժեներ մեխանիկ ենք ունեցել»,-ասում է տիկին Վահանդուխտը։ Գյուղի Նորշեն անվան հետ  չի համակերպվում։

«Դա էլ նոր են հորինել, էստեղ ի՞նչ նոր շինություն կա որ` Նորշեն»,-դժգոհում է։ Նրա համար ավելի հարազատ ու նախընտրելի է Խարկովը, որով գյուղը ժամանակին կոչել են Ուկրաինայից եկած կազակները։

Խարկովին հարակից հայ-թուրքական ներկա սահմանը գծվել է  1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով։ Ըստ էության, դա Ռուսաստանի ու Թուրքիայի սահմանն է, որը հսկում են ռուս սահմանապահները։  Լենին-Աթաթուրք  պակտի արդյունքում Թուրքիային են հանձնվել Կարսը, Արդահանը, Արարատ լեռը փոխանակվել է  Բաթումի հետ, որն էլ հետագայում տրվել է Վրաստանին։ Հայաստանը չի ճանաչել այդ սահմանը, ինչն էլ, ըստ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, բնականաբար, Թուրքիայի դժգոհությունների ու անհանգստությունների առիթ  է դառնում պարբերաբար։

«Թուրքիան ինքն էլ գիտի, որ պայմանագիրը բռնությամբ է իրականացվել։ Բացի այդ`  այն ժամանակ ոչ Թուրքիան էր ճանաչված պետություն, ոչ Ռուսաստանը, ուստի  պայմանագիրը վերանայելու հիմքեր կան։ Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու ժամանակ Թուրքիան ուներ մտավախություն սահմանային խնդիրների հետ կապված և այդ առումով ձևակերպումների մեջ շատ զգուշավոր էին»։

2021 թվականին լրանում է ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակը։  Էդիկ Մինասյանի խոսքով՝  Թուրքիան բնականաբար  կողմնակից է պայմանագրի ժամկետը երկարացնելուն, նույնը բխում է նաև Ռուսաստանի շահերից։ Թուրքիայի վրա անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրելու լավ գործիք է։ Ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումն ու վերանայումն ամբողջությամբ օրակարգից դուրս չէ, բայց այս հարցում Էդիկ Մինասյանն առանձնապես լավատես չէ։ Նման հեռանկարն ու պատմական արդարության վերականգնումը քիչ հավանական է համարում։

Ցուցադրել ավելի
Back to top button