ԿարևորՀասարակություն

Facebook-ի զոհերը․ ինչպես վերադառնալ իրականություն

Այսօր մարդկությունը միայն իրական աշխարհում չէ, որ ապրում է: Մեր առօրյայի զգալի մասն արդեն լրացնում է վիրտուալ կյանքը՝ իր կանոններով: Վերջին շրջանում անդունդը իրական ու վիրտուալ կյանքի միջեւ ավելի ու ավելի է խորանում:

Փոխվել է ոչ միայն հաղորդակցության ձեւը, այլեւ՝ բովանդակությունը:  Շատերն են նկատում, որ վիրտուալ կյանքը ագրեսիվ է դառնում: Մեդիափորձագետ Աննա Փամբուխչյանը փորձում է հիմնավորել այս ամենը:

«Այն, ինչ այսօր տեսնում ենք այստեղ, միայն Հայաստանի խնդիր չէ։  Այն գոյություն ունի ամբողջ աշխարհով մեկ, ուղղակի քանի որ մենք նախքան հեղափոխությունը գտնվում էինք կարգավորվող եւ կառավարվող խոսքի ազատության իրավիճակում, 1.5 տարվա ընթացքում արագ ցատկել ենք եւ հայտնվել այն իրավիճակում, որում որոշ երկրներ հայտնվել են մի քանի տասնամյակի ընթացքում: Դրա պատճառներից մեկն էլ 2000-ականներից հետո ողջ աշխարհում մեդիայի դերի փոփոխությունն է` պայմանավորված սոցիալական հարթակների առաջացմամբ: Հայաստանն այս պահին Facebook-ի զոհ է։ Հայաստանում չկա որոշակի մեդիագրագիտության որոշակի աստիճան, որպեսզի հասարակության մի ստվար հատված, հատկապես մոտավորապես 40-ից բարձր տարիքային խմբի որոշակի մաս, գիտակցի, որ այն ամենը, ինչ գրված է ինտերնետում` հատկապես ՖԲ-ում, դա բառացի ճշմարտություն չէ»,– ասում է մեդիափորձագետը։

Դեռ 2013–ին ամերիկյան Pew հետազոտական կենտրոնը հրապարակել էր օգտատերերի շրջանում իր անցկացրած հարցման արդյունքները։ Վեց տարի առաջ հարցված ամերիկացի երիտասարդների գրեթե կեսն ասել էր, որ նախորդ տարիների համեմատ Facebook-ում ավելի քիչ ժամանակ է անցկացնում։ 4 տոկոսը հրաժարվել էր այդ կայքից անձնական պատճառներով։ Նման որոշում վերջերս կայացրեց նաեւ Հանրային ռադիոյի «Արժեքների հեղափոխություն»  հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը:

2008-ից ֆեյսբուքի այս օգտատերը որոշում կայացնելու համար ընդամենը երկու շաբաթ ծանր ու թեթեւ  արեց եւ գտավ այն բացատրությունը, թե ինչու է հեռանում հարթակից:

«Ես հասկացա հետեւյալ բանը՝ մենք բնականից ունենք կարիք մեր ընկերների հետ շփվելու, իրենց տեսնելու, խոսելու ժամանակ անցկացնելու եւ Facebook-ը կամ սոցիալական ցանցը տալիս է այդ կեղծ կապվածության զգացում։ Ըստ էության այդ սոցիալական ցանցի միջոցով մենք բավարարում ենք մեր կարոտը այդ մարդկանց հետ շփվելու եւ իրական հանդիպման պահանջն ավելի թուլանում է։ Հիմա մենք շատ հաճախ տեսնում ենք, որ մարդիկ իրար հետ չեն շթվում, իրար հետ Facebook–ում են շփվում։ Նույն մարդիկ, ովքեր կողք կողքի են նստած։ Ես տեսնում եմ մանիպուլյացիայի մեծ դաշտ, որտեղ մի մասը մանիպուլյացիայի է ենթարկում, մյուս մասը՝ մանիպուլյացիայի ենթարկվում։ Ատելության խոսքը, ատելության դրսեւորումը ահռելի քանակների է հասնում։ Դուք որ դուր եք գալիս փողոց, դուք ատելության միջավա՞յր եք տեսնում։ Ես ունեմ ընկերներ, որոնք հրաշալի մարդիկ են, իրենց հետ շփվելը գերագույն հաճույք է, իրենք սիրո եւ դրական էմոցիաներ են առաջացնում միայն, բայց իրենց ֆեյսբուքյան գրառումները ուղղակի սարսափելի են։ Ես նույնիսկ ժամանակին ջնջել էի իմ ընկերների ցանկից  Facebook–ում եւ իրենց էլ ասել էի, որ անտանելի են։ Այսինքն՝ իրենք այնտեղ գրում են, խոսում են այնպիսի բաներ, որ իրենց նման չի դա։ Ես նկատում եմ, որ մարդկանց ինքնատիրապետումը սոցիալական ցանցերում թուլանում է։ Իրական կյանքում մարդիկ ուրիշ են, քան իրենք Facebook–ում են եւ ես  դրանում համոզվել են, որովհետեւ ինքս էլ եմ այդպիսին»,- ասում է Վահե Հովհաննիսյանը։

Սոցիալական ցանցը միայն Facebook-ը չէ, թեեւ այն հայ օգտատերերի ֆավորիտներից է: Մեծ պահանջարկ է վայելում նաեւ Instagram-ը, Հայաստանում որոշակիորեն իր դիրքերը զիջել է «Одноклассники»- ն,  չմոռանանք նաեւ YouTube-ի, Twitter-ի եւ այլ հարթակների մասին: 

Իրական կյանք վերադարձողների կողքին վիճակագրությունն ամեն դեպքում փաստում է վիրտուալ աշխարհի հաղթարշավի մասին: Ամեն վայրկյան աշխարհում  բացվում է Facebook-ի 5 նոր հաշիվ, ամեն րոպե կատարվում է 510 հազար  մեկնաբանություն,  օրական ներբեռնվում է 300 միլիոն նկար: 2 միլիարդից  ավելի մարդ ամեն օր մի քանի ժամ  անցկացնում է այս հարթակում:

Ու հակառակ սրան` օգտատերերն այդպես էլ չունեն սոցցանցերից օգտվելու բավարար գիտելիքներ: Մեդիափորձագետ Աննա Փամբուխչյանն ասում է, որ խնդիրը միայն Հայաստանի համար չէ:

«Մեդիագրագիտության խնդիրը Հայաստանում իրականում երեւի ամենալուրջն է, որովհետեւ մենք կարող ենք որոշակի օրենսդրական կարգավորումներ մտցնել։ Բայց ես դրան դեմ եմ, որովհետեւ մենք պետք է հստակ հասկանանք, թե դա ինչ վնաս կարող  բերել խոսքի ազատությանը: Այո, Հայաստանը կարիք ունի ատելության խոսքի կարգավորումների, որոնք չկան, որոշակի կարիք ունի նաեւ պետական մակարդակով Facebook-ի հետ բանակցելու, ինչը որոշ պետություններ արել են: Օրինակ՝ Լեհաստանը Facebook-ի հետ համագործակցություն ունի եւ կեղծ լուրերը կարող են որոշակի պաշտոնական համագործակցության մակարդակով դիտարկվել: Հասարակական որոշ կազմակերպություններ Հայաստանում փորձել են Facebook-ի հետ համագործակցել , եվրոպական ստրատկոմի միջոցով նաեւ կապ հաստատել, բայց պետական համագործակցությունը մի քիչ այլ երանգ է հաղորդում եւ ստիպում, որ Facebook-ը  այլ ձեւով աշխատի: Խոսքը ՖԲ-ում պետական վերահսկողության մասին չէ, այլ բանակցություններ սկսելու մասին, թե ինչպես պետք է Facebook-ի հայերեն հատվածը կարգավորի: Հայերեն հատվածի կարգավորում ընդհանրապես գոյություն չունի: Երբ խոսում ես Facebook-ի մասնագետների հետ, ասում են՝ դե այդքան հայերեն խոսող մասնագետներ չունենք, որպեսզի կարողանան որեւէ կերպ կարգավորել: Արդյունքում` մենք ունենք համատարած կեղծ լուրեր եւ եթե խոսում ենք օրակարգ ձեւավորվելու մասին, ապա դեղին մամուլը շատ լավ կարողացել է օրակարգ ձեւավորել վերջին 1.5 տարվա ընթացքում»,- ասում է Աննա Փամբուխչյանը:  

Սոցցանցերի հետ կապված խնդիրներին ժամանակին բախվել է օրինակ՝ Մեծ Բրիտանիան: Այդ երկրի խորհրդարանը զեկույց է ներկայացել, որում ուսումնասիրվել է սոցցանցերի քաղաքականությունն անհատական տվյալների պահպանման և ապատեղեկատվության տարածման կանխման ոլորտում։ «Եզրակացությունները Facebook-ի համար ծայրահեղ անմխիթար են»,- գրեց անգլիական The Guardian-ը։ Զեկույցի հեղինակները պնդում էին, որ Facebook-ը միտումնավոր հրապարակել է օգտատերերի անձնական տվյալները, խախտել մրցակցության մասին օրենքներն ու հրաժարվել ջնջել կեղծ կամ ստահոդ տեղեկություններ պարունակող էջերը։ Վերջին շրջանում տարբեր երկրներում ավելի ու ավելի հիմնավոր են ներկայացվում փաստերը, որ սոցհարթակները հիմնականում օգտագործվում են քաղաքական պայքարներում:

«Fake news»-ը դարձել է քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս եւ կարող է լուրջ ազդեցություն գործել անգամ ընտրական գործընթացների վրա: Սա հասկացել են, եւ մի շարք երկրներում «fake»-երի դեմ պայքարը տարբեր մեթոդներով են իրականացվում։ Եթե 2017թ. դեկտեմբերի վերջին Իրանում արգելափակվեց Telegram-ն ու Instagram-ը, ապա այլ տարբերակներ են գտել, օրինակ Գերմանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում:

Այնտեղ արդեն գործում են համապատասխան օրենքներ: Սակայն 2017-ին Գերմանիայում բացահայտել էին, որ Facebook-ը ջնջել կամ արգելափակել էր հակաօրինական բովանդակության միայն 39%-ը, իսկ Twitter-ն ընդամենը 1%-ը: Տարբեր երկրների խորհրդարանականները պնդում են, որ խաղի ընդհանուր կանոններին պետք է ենթարկվի նաեւ սոցիալական ցանցը՝ ոչ միայն գրանցված մեդիաները կամ շարքային քաղաքացիները:  Սոցիալական ցանցերում «fake»-երի դեմ փորձում է պայքարել նաեւ Եվրոպական հանձնաժողովը: Բայց նրանք էլ դեռ գտել են կիսալուծումներ՝ կարծում է Աժ պատգամավոր Գայանե Աբրահամայնը:

Ասում է՝ եթե կեղծ լուրը դեռ կարելի է ապացուցել, որ կեղծ է, մանիպուլյացիան շատ դժվար է ապացուցել: «Fake» լուրերի մասով Գերմանիայում քննարկվում է լուծումը, բայց անգամ այնտեղ մանիպուլյատիվ լուրերի մասով փորձում են զերծ մնալ, որովհետեւ շատ վտանգավոր է դատարաններին, իրավապահ մարմիններին տալ այդ լծակը ՝ որոշելու, թե որն է մանիպուլյացիա: Համարվում է, որ խոսքի ազատության առումով դա վտանգավոր է:

«Եթե ժամանակին հիբրիդային պատերազմ ասելով՝ հիմնականում հասկանում էինք Ադրբեջանից եւ ընդհանրապես տեղեկատվական այդ հատվածից, պատերազմական իրավիճակից, հակամարտությունից ծնված տեղեկատվական գրոհը, խնդիրները, ապա այսօր մենք ունենք այլ հիբրիդային պատերազմ: Մեդիաները չեն դրանք որոշում, այլ նրանց հետեւում կանգնած քաղաքական ուժերը եւ այն հսկայական ֆինանսական միջոցները, որոնք դրվում են այդ ամբողջն իրականացնելու համար»,- ասում է Գայանե Աբրահամյանը:

2017-ին ամերիկյան Collins English Dictionary բառարանը «fake news»-ը ճանաչել է տարվա արտահայտություն՝ այն սահմանելով որպես «լրատվության անվան ներքո տարածվող  կեղծ, հաճախ սենսացիոն տեղեկություն»: Եթե նախկինում «կեղծ լուրերը» տարածվում էին միայն ավանդական հաղորդակցության միջոցներով, ապա այսօր այն արագորեն տարածվում է առցանց լրատվակայքերում ու սոցիալական ցանցերում՝  ընդգրկելով անհամեմատ ավելի մեծ լսարան եւ ապահովելով տեղեկության տարածման ավելի մեծ արագություն։ Իսկ քանի դեռ չկան անհրաժեշտ լուծումները, սոցցանցերի օգտատերերը շարունակում են բաժանվել երկու մասի՝ մի մասը անգամ չգիտակցված դառնում է սոցցանցի զոհ, մյուս մասը գտնում է սեփական կարգավորումը՝ հեռանալով սոցիալական հարթակներից: 

Ցուցադրել ավելի
Back to top button