ԿարևորՏնտեսական

Ի՞նչ է պետք հայ կնոջը՝ սեփական բիզնես սկսելու համար

Խոհանո՞ց, թե՞ բիզնես․ այս երկընտրանքն այսօր կարծես հայ կանանց առջեւ այլեւս կոշտ դրված չէ։ Դրանք համատեղելն արդեն սովորական է դիտարկվում հատկապես Երեւանում։

Իսկ ինչպե՞ս է դա հաջողվում մարզաբնակ կանանց, ստացվո՞ւմ է սեփական խոհանոցի տիրուհին լինելուց զատ լինել նաեւ սեփական բիզնեսի տերը։

Երբ Լիլիթը ցանկացել էր Գյումրիում աշխատել որպես արեւային համակարգեր տեղադրող, միանգամից տարօրինակ հայացքների էր արժանացել։

«Կինը տանիքի՞ն։ Չէ, չի լինի»՝ ասել էին այս գործով զբաղվող տղամարդիկ։ Զրուցակիցս՝ Լիլիթը, հիշում է` մի անգամ էլ մասնագիտական մի հարցի բերումով ասել էին՝ մի տղամարդ չկա՞՝ իրեն հարցնենք։ Սա ոչ առաջին անգամ էր, ոչ էլ երեւի՝ վերջին, որ գործարար հարցերը փորձում են տղամարդկանց հետ ու տղամարդկանց միջոցով պարզել՝ ասում է։

Լիլիթն իր շրջապատում այսօր ավելի շատ է ճանաչում մարդկանց, որոնք կոտրել են կարծրատիպը, թե բիզնեսը տղամարդու գործ է։ Գյումրիում մետաղական խաղահրապարակներ կառուցող մի կնոջ է մատնանշում։ Կնոջից լավ ո՞վ կպատկերացնի կարուսելների ամենահարմար ձեւը երեխաների համար՝ նկատում է զրուցակիցս։ Բայց արի ու տես, որ մարդկանց աչքն ու միտքը սովոր չեն կնոջը տեսնել այն բիզնես ոլորտներում, որոնք ընդունված է տղամարդկանցը համարել։


Ի՞նչն ու ո՞վ է հիմնական խանգարողը, որ հայ կինը սեփական բիզնեսն ունենալու ռիսկին դիմի։ Նաեւ՝ ֆինանսն ու իրազեկվածությունը հարկային օրենքների, արտադրություն ստեղծելու, իրացման հարցերի վերաբերյալ։ Հաղթահարելով սրանք՝ Լիլիթն իր ընտանիքի հետ գտել է «կանացի» բիզնեսի իր ուղին՝ հայ կանանց կառուցվածքին ավելի սազական հագուստի արտադրություն։

Որքանո՞վ է մարզաբնակ հայ կնոջ համար բիզնես սկսելը իրատեսական։ Հարցի պատասխանը փնտրում ենք նախ գյումրեցի կանանց հետ զրույցներով․ նրանք այս առումով ավելի ակտիվ են՝ վիճակագրությունն է հուշում։ Անահիտ Առաքելյանը ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության Շիրակի  բաժնի պետն է։ Ավելի քան մեկ տասնամյակ է՝ գործի բերումով առնչվում է հարկատուների հետ։

«Գյումրին առանձնահատուկ է նաեւ այն պարզ պատճառով, որ այստեղ աշխատուժն առավելապես կանայք են։ Մանրածախ առեւտուրն է առավելապես նրանցը։ Բիզնեսում նրանց դա ավելի հասանելի է»,- նկատում  է Անահիտ Առաքելյանը։

«Կանանց կողմից բիզնես հիմնելու ցուցանիշերն ավելանում-պակասում են։ Եթե մասնագիտորեն դիտարկենք՝ սա կապված է նրա հետ, որ այն բիզնեսմեն-կանայք, որոնք ընդգրկվում են առեւտրի կամ այլ ոլորտներում,  ոչ ճիշտ կազմակերպման կամ, ասենք, իրազեկման խնդիրների պատճառով մասամբ փակվում են։ Բայց բացվում են նորերը։ Այս պրոցեսն է։ Ու կարող եմ ասել, որ այս վերջին տարիներին կանանց ակտիվությունը նույն մակարդակի վրա է։ Ակտիվություն կա»։

Այո, ասում է Ալիսան՝ Գյումրիից, հիմա կանայք ավելի շատ են ռիսկի դիմում, ավելի ակտիվ են։ Բայց կանանց ընտրած բիզնես-ոլորտները նեղ են ու «կանացի»՝ հրուշակեղենի, խմորեղենի, կաթնամթերքի, տիկնիկների արտադրություն, գեղեցկության ու ծաղկի սրահներ, սպասարկում-ծառայություններ՝ հիմնականում կանանց համար, մանրածախ առեւտուր։

«Եթե ռիսկի դիմում են, ուրեմն ստացվում է։ Մանավանդ մեր մարզի, մանավանդ Գյումրիի կանայք։ Տղամարդկանց հավասար աշխատում են, մի բան էլ ավելի են ձգտում»։

Վանաձորում կանայք նոր բիզնես-նախագծեր կյանքի կոչելու հարցում, թերեւս,  ավելի սպասողական են՝ ասում է հաշվապահական ծառայություններ մատուցող Մանեն՝ Վանաձորից։ Նկատել է՝ իր հայրենի քաղաքում դեռ համարում են, որ կան ոլորտներ, որտեղ տղամարդուն կարելի է, կնոջը՝ ոչ։ Կանանց ակտիվությունն այստեղ հաճախ «մարսելի» չէ՝ ասում է Մանեն։

«Սկսում են հետագայում այդ կնոջ մասին մի քիչ վերապահումով խոսել։ Ակտիվությունը երբեմն որպես բացասական կողմ է գնահատվում։ Իրենց մտքում ավելի անշնորհք մարդիկ իրենց ավելին են թույլ տալիս»։

Ընտանեկան ու միկրոձեռնարկատիրության մասին օրենսդրական նախաձեռնությունները վանաձորցի կանանց գործարար մոտեցումներն ակտիվացրին՝ պատմում է մյուս զրուցակիցս՝ Սեդան։ Վանաձորում սպասում են կնոջ կողմից հիմնված ջինսերի խոշոր արտադրության։ Քաղաքում գործող, միմյանց հետ մրցակցող 2 ավտոդպրոցի ղեկավարն էլ կանայք են։ Քաղաքն օգտվում է 24 տարեկան աղջկա արտադրած օճառներից։ Բայց եթե մարզկենտրոնում կանայք ակտիվացել են, նույնը  փոքր քաղաքների ու առավել եւս գյուղերի մասին Սեդան չի կարող ասել։

Որքա՞ն հայ կանայք են այսօր բիզնես վարում․ վիճակագրությունն այս առումով թվեր չի փոխանցում։ Ու ի վերջո՝ վերադառնում ենք հարցին, թե ինչ է պետք հայ կնոջը՝ սեփական բիզնես-նախագծերում հաջողելու համար։ Թեմայի շուրջ իր գնահատումներն ունի մյուս զրուցակիցս՝ Ասանեթ Ալոյանը։

ԱՄՆ պետքարտուղարության՝ օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագրի շրջանավարտը համեմատել է երկու երկրում կանանց բիզնես սկսելու խնդիրներն ու առանձնահատկությունները։ Հասկացել է՝ հարկային օրենքների իմացության խնդիրներն են հաճախ խանգարում կանանց։

Բիզնեսի ճանապարհին հաջողելու համար հայ կանայք, ըստ նրա, օժանդակության, վստահության եւ իրազեկ լինելու կարիք ավելի շատ ունեն։ Այս դիտարկումը հիմք ընդունելով՝ իր «Նոր բիզնես սկսելու համար կանանց ներուժի զարգացման ծրագրի» շրջանակում Ասանեթ Ալոյանը 5 մարզում կանանց հետ անվճար հանդիպում-սեմինարներ է անցկացրել, ներկայացրել Հայաստանում բիզնես-սկսելու եւ գրանցելու անհրաժեշտ քայլերը, փորձել հարկային օրենսդրության կարգավորումները կանանց առավել հասու դարձնել, ուղղորդել եւ հմտացնել նրանց գործարարության հարցերում։

Ընդունված կարծիք կա՝ եթե տղամարդիկ բիզնեսում ավելի հաստատակամ են, ապա կանայք ավելի ճկուն են ու հեշտ են մանեւրում։ Ուստի պետք է նրանց պարզապես չսահմանափակել, խրախուսել եւ իրազեկել, որ հարկային համակարգի հետ «հաշտ» գործեն, որպեսզի բիզնեսը չմնա կրկին որպես տղամարդու գործ։

Ցուցադրել ավելի
Back to top button