ԿարևորՄշակույթ

Արվեստի քիմիան․ ինչպես արժանանալ «Հավատարիմ հանդիսատես» տիտղոսին

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան  դրամատիկական թատրոնում եմ: Ներկայացումն  ավարտվում է, դուրս եմ գալիս դահլիճից։ Հանկարծ տեսնում եմ փոքրամարմին  մի կնոջ ում  ձեռքին ներկայացման հրավիրատոմսն է։ Խնդրում է մակագրել դերասաններին։

Միանգամից ուշադրությունս գրավում է,  քանի որ ինքնագրեր դերասաններից, հատկապես վերջին շրջանում, վերցնում է հիմնականում երիտասարդ  հանդիսատեսը։  Բայց մինչ կմոտենամ տիկնոջը՝  ինձ ասում են, որ այդ կինը   Թատրոնի միջազգային օրվա առիթով   արժանացել է «Հավատարիմ հանդիսատես»  տիտղոսին։ Մի պահ զարմանում եմ, թե ինչ ասել է հավատարիմ հանդիսատես, բայց մի քանի րոպե անց ամեն ինչ պարզ է դառնում։

Պարզվում է, որ փոքրամարմին, տարիքն առած, բայց առույգությունը դեռ չկորցրած   Լիանային  քաղաքում բոլորն են ճանաչում։ Նա  անընդհատ ինչ- որ տեղ է  շտապում  ու ձեռքին միշտ թղթապանակներով լի պայուսակ է։ Այդ օրն էլ բացառություն չէր։  Նրա ձեռքի պայուսակում մի քանի թղթեր կային, թերթեր`  դերասանների մասին հոդվածներով, մշակութային միջոցառումների հրավիրատոմսեր, փոքրիկ ազդագրեր։

Լիանայի հետ զրույցն սկսում ենք հենց հավատարիմ հանդիսատես տիտղոսից։ Ինչո՞ւ համար է դրանց արժանացել։ Լիանան զարմացած նայում է  դեմքիս. «Բա ու՞մ պետք է տային։ Իհարկե ինձ, քանի որ ես բոլոր մշակութային միջոցառումներին ներկա եմ լինում»։

Լիանան արդեն տարիներ շարունակ հավաքում է բոլոր այն միջոցառումների  տոմսերը, հրավիրատոմսերը, ազդագրերը, որոնց ներկա է եղել։ Բոլոր տոմսերի վրա կան այդ ժամանակվա հայտնի դերասանների, արվեստի գործիչների ստորագրությունները։ Մասնագիտությամբ քիմիկոս է, բայց շատ մոտ է մշակույթին։

Ասում է` քիմիայի ու մշակույթի մեջ շատ ընդհանրություններ  կան։ «Երկու ոլորտում էլ  ռեակցիաներ կան,  թեժ  ու տրամադրություն ստեղծող իրավիճակներ, որոնք քեզ հոգեկան բավարարություն են տալիս»։

Հարցնում եմ, իսկ ինչպե՞ս  է  կարողացել այսքան միջոցառումների հաճախել. նկատի ունեմ ոչ միայն ժամանակը, այլև ֆինանսական հնարավորությունները։ Տոմսերի  գինը,  հատկապես հյուրախաղերի, այնքան  էլ  էժան չէ։ Ժպտում է, ասում, որ վերջին  արդեն մեկ տասնամյակից ավել է, որ մշակութային միջոցառումներին ներկա է լինում բացառապես հրավիրատոմսերով։ Իսկ  այդ պատվին արժանացել է իր նվիրվածության շնորհիվ, որը գնահատել են մշակութային օջախների տնօրենները։

Պատմում են, որ նրա տանը մի ամբողջ սենյակ հենց այդ հրավիրատոմսերն են, տեսակավորված են։ Օրինակ մի թղթապանակում դրված են ճապոնական ֆիլմերի փառատոնի, մյուսում` Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» եւ Արցախին նվիրված այլ փաստագրական ֆիլմերի մասին, երրորդում` Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի 150 -ամյակին նվիրված եզակի փաստաթղթեր։ Բնական է, որ Վանաձորի մշակութային կյանքին վերաբերող նյութերը մի առանձին թղթապանակում են։ 

Իսկ այս տարի՝ մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը  թատրոնի ճեմասրահում ցուցադրվել  է նրա հավաքածուի որոշ մասը։ Ու հրավիրյալների համար շատ անակնկալ է  եղել,  քանի որ շատերը  տեսել են այնտեղ նաև իրենց մասին ժամանակին գրված հոդվածներ ,որոնք անգամ իրենց արխիվում չի եղել։ 

Լիանան  ասում է, որ այս տարի իր պայուսակում տեղ է  գտել Հովհաննես Թումանյանի քառյակների հավաքածուն։ Այն մինչև  այս տարվա վերջ  մնալու է  պայուսակում, քանի որ նշվում է  Թումանյանի- 150 ամյակը։ Պայուսակում նաև թերթի այն համարն է, որտեղ տպագրվել է արդեն իր մասին պատմող հոդվածը։  

Ցուցադրել ավելի
Back to top button