ԿարևորՏնտեսական

Պետական երաշխավորություն՝ բիզնես սկսելու համար

Հայաստանում արտադրվող արտադրանքի շուրջ 70 տոկոսը շարունակում է ստեղծվել Երևանում։ Նախկինում թիվն ավելի մեծ էր՝ վստահեցնում է էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

Նրա խոսքով, այժմ նախապատվությունը տալիս են մարզային բիզնեսին։ Աջակցման ռեսուրսների առյուծի բաժինն էլ ուղղում են մարզեր։  Բիզնես հիմնելու տեսանկյունից  ամենապասիվ  մարզերը՝ Վայոց ձորն ու Արագածոտն են, ակտիվ են  Կոտայքն ու Արարատը։  

Հայաստանում  գործում է շուրջ 70 հազար ՓՄՁ։ Դրանց մասնաբաժինը ՀՆԱ- ի մեջ տարիներ շարունակ գրեթե չի փոխվում՝ 25–26 տոկոս է կազմում։ ՓՄՁ- ների մեծ մասը շարունակում է զբաղված լինել մանրածախ առևտրի ոլորտում։  Աստիճանաբար   հետաքրքրության  ոլորտները  փոխվում են։ Հետո արդեն հետաքրքրությունը մեծանում է  ՏՏ- ի, կապի,  շինարարության ոլորտներում։ Չեն   փոխվում, սակայն, ակտիվ ու պասիվ մարզերը՝ Վայոց ձորն ու Արագածոտնը, բիզնեսով  ավելի հետաքրքրված են Կոտայքում, Արարատում։

«Ռադիոլուրի» զրուցակիցը` Վաչիկ Դարբինյանը, Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությամբ է զբաղվում։  Դեռ չի պատրաստվում  ծավալներն  ավելացնել․

«Վարկ չեն տալիս, գրավ են ուզում։ Չենք կարողանում ֆինանսներ գտնել»,– ասում է Վաչիկ Դարբինյանը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը տեղեկացնում է՝ արդեն  տրամադրում են պետական երաշխավորության վարկեր։ Սա սկսնակ բիզնեսին աջակցելու, գրավի առարկայի  բացակայության խնդիրը լուծելու համար է։ Այս տարի ՓՄՁ ոլորտի 74 նախագծի պետական երաշխավորություն են տվել, նախապատվությունը արտադրության ոլորտինն է։

«Մենք առևտրի ոլորտում չենք ընդունում հայտեր, միայն արտադրություն, գյուղատնտեսությունն է ակտիվ։ Նախագծերը փոքր են, սակայն աստիճանաբար  ընդլայնվում են։ Հիմնականում զբաղվում են  չրերի, թեյերի արտադրությամբ»,– նշում է Մարգարյանը։

Այժմ սկսնակ գործարարներին առանց գրավի  պետական երաշխավորությամբ  վարկային միջոցներ տրամադրվում են մինչև  5 տարի մարման ժամկետով, մինչև 5 մլն դրամ գումար՝ 10 տոկոս տոկոսադրույքով։  2020–ից արդեն նախատեսվում է գումարը դարձնել մինչև 7 մլն դրամ։

«Մենք վարկ չենք տրամադրում,  տրամադրում  ենք վարկային երաշխիք։ Բանկը, հանգիստ լինելով, որ գումարը վերադարձվելու է, տրամադրում է վարկը։ Այս տարի մենք 100 տոկոսով էինք երաշխավորում, հիմա եկել ենք համաձայնության ու բանկի հետ ռիսկը կիսելու ենք»,– էկոնոմիկայի փոխնախարարը։

Նախկին ՓՄՁ ԶԱԿ-ի փոխարեն այժմ ներդրումների աջակցության կենտրոնի վերանվանված կառույցում  աջակցում են սկսնակ ներդրողներին՝ սա էլ նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրում անել, սակայն, չգիտեն՝ ինչից սկսել։

Այժմ քննարկման է դրված ՓՄՁ զարգացման 2020–2024թ ռազմավարությունը։ Նախատեսում են ֆինանսական գրագիտության բարձրացում, ֆինանսական շուկայի դիվերսիֆիկացիայի համար բարենպաստ պայմանների ստեղծում, ՓՄՁ պետական աջակցության գործիքակազմի արդյունավետության ընդլայնում։

Ցուցադրել ավելի
Back to top button