ԿարևորՄշակույթ

Նորից չեն սիրում, սիրում են կրկին

Հոբելյաններով հարուստ 2019 թվականը  նշանավորվեց նաև Պարույր Սևակի 95-ամյակով։ Սևակի ընտանիքի, մասնավորապես նրա թոռան՝ բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի համար հոբելյանն առիթ էր հավաքագրելու և  թանգարանը հարստացնելու գրողին առնչվող  նոր  փաստագրական նյութերով։

Լույս տեսան նաև կարևոր հրատարակություններ, կազմակերպվեցին հետաքրքիր միջոցառումներ։  «Սևակի հոբելյանն առիթ էր նաև նրան նորովի բացահայտելու»,- Ռադիոլուրի հետ զրույցում խոստովանել է Սևակ Ղազարյանը։

Սևակի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկեցին 2019-ի հունվարի 24-ին՝ ծննդյան օրը։ Ծննդյան օրվա հետ կապված ուշագրավ մի պատմություն կա, որը մեզ է փոխանցում նրա թոռը՝ բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։ Ասում է՝ Սևակը ծնվել է հունվարի 24-ին, բայց ծննդյան օրը  նշել է հունվարի 26-ին։ Պատճառը՝ հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի մահվան օրն էր։

«Ծննդից  3 օր առաջ մահանում է Լենինը, և Խորհրդային Միությունում հայտարարում են եռօրյա սուգ։ Հունվարի 24-ին տեղի իշխանությունները հրաժարվում են երեխային գրանցել, որովհետև առաջնորդն էր մահացել, ուրախություն չէր կարող լինել, ինչ-որ պատճառով 25-ին էլ չեն գրանցում  և Սևակի ծննդյան օրը դե յուրե գրանցվում է հունվարի 26-ին»։

Հոբելյանական տարվա բազմաթիվ միջոցառումներից Սևակ Ղազարյանն առանձնացնում է ընդամենը երկուսը․  առաջինը հունիսի 17-ին՝ Սևակի մահվան օրը կազմակերպված  մեծ միջոցառումն էր։  Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում  սեպտեմբերի 29-ին  նշվեց ոչ միայն Սևակի 95-ամյակը, այլև նրա հարազատ Զանգակատուն համայնքի 190-ամյա հոբելյանը։ Տոնը նշվեց Սևակի՝ 1920-ականներին կառուցված  հայրական տան այգում։  Զանգակատան ծննդյան օրը  ամենամյա փառատոնի վերածելու նպատակ ունեն, մանավանդ, որ ներկայացնելու հարուստ նյութ էլ կա։

 «Այո կան նման փաստեր․ 1828-29 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ  Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի որոշ հողատարածքներ անցնում են Ռուսաստանին, հայության մի մեծ զանգված Պարսկաստանից վերադառնում է հայրենիք։ Զանգակատան տարածքում հայերն ապրել են դեռևս 9-րդ դարից, սակայն Շահ Աբասի օրոք տեղահանվել են դեպի Պարսկաստան, և ահա 19-րդ դարում  վերադառնում են, հիշողությամբ գտնում են իրենց պատմական  տարածքը, որտեղ նախկինում  մոտավորապես եղել էր իրենց գյուղը, նորից հիմնում են այդ գյուղը։ 7-8 ընտանիք է եղել, տոհմածառը կա և գյուղում բոլորը գիտեն, թե կոնկրետ ում ընտանիքից են սերում»։

Սևակ Ղազարյանն ասում է, որ  Զանգակատան տարածքում  գտնվող Հորթում կոչվող հին բնակատեղիում  հայտնաբերվել է  Հայաստանի տարածքում  ամենահին թվագիր խաչքարը՝ 876 թվական։  35 տարի առաջ անհայտ հանգամանքներում խաչքարը գյուղից դուրս էր բերվել, և միայն վերջերս Սևակի տուն-թանգարանի ու հուշարձանների պահպանության ծառայության համատեղ ջանքերով այն վերադարձվել  է՝  Խոսրովի արգելոցի գրասենյակից։ Ինչպես է այնտեղ հայտնվել, հստակ չէ, խաչքարը թանգարանում ներկայացնելու գործընթաց են սկսել։  «Հայաստանի ամենահին խաչքարը, որը երբևէ մարդկանց չի ներկայացվել, ուզում ենք հասանելի դարձնել մեր թանգարանում»,-ասում է Սևակ Ղազարյանը։ Պարույր Սևակի հոբելյանական տարին նշանավորվեց ոչ միայն  պատմա-մշակութային  նման իրադարձություններով, այլև նոր հրատարակություններով։

«Չորս գիրք տպագրվեց այս տարի, վերահրատարակվեց Սևակի «Ամանեջ»  վեպը,  «Ալռելի զանգակատունը»՝ նվիրելով այն Կոմիտասի 150-ամյակին, «Սիրերգություն» վերնագրով ժողովածուն, որտեղ ամփոփված են Սևակի  լավագույն սիրային բանաստեղծությունների 133 նմուշները։ Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ մոտ օրերս լույս կտեսնի «Սևակ Թումանյան» գիրքը։ Քչերն են հիշում, որ Սևակը նաև մանկական բանաստեղծություններ ունի։  Որոշեցինք տպագրել մի գիրք, որը երկու երես ունի՝ մի էջում  Սևակի, մյուսում՝ Թումանյանի ստեղծագործություններն են»։

Վերջին մեկ տարվա ընթացքում Սևակին նվիրված բազմաթիվ  փաստագրական նյութեր են հավաքվել թանգարանում, այդ թվում՝ տեքստեր, տեսանյութեր։ Հայկական հեռուստատեսությունում նկարահանված ուշագրավ մի տեսանյութի մասին, որը շատ կցանկանային ունենալ թանգարանում,  հեռուստատեսային ռեժիսոր Ջուլիետա Կաժոյանն է պատմել իր հուշերում։

«Ռեժիսորն իր հուշերում պատմում է, որ 1968-69 թվականների Ամանորի միջոցառմանը հեռուստատեսություն են հրավիրել  հայտնի մարդկանց, այդ թվում՝ Բաբկեն Ներսիսյան, Երվանդ Քոչար, Պարույր Սևակ․․․ Հաղորոդումն ուղիղ եթերում պետք է  հեռարձակվեր 2․5  ժամ, բայց ոմանք այնքան երկար են խոսել, որ մոտ 4․5  ժամ ձգվել է։ Երբ  հերթը հասել է Սևակին, նա ամանորյա մաղթանքի փոխարեն ուղիղ եթերում բարկացել է, թե հարգարժան մարդկանց եք հավաքել, բայց ոչ մի տոնակատարություն էլ տեղի չունեցավ։ Առիթից օգտվելով ուզում  եմ դիմել  Հանրային հեռուստաընկերության գուցե արխիվի բաժնի աշխատակիցներին, հնարավորության դեպքում գտնել այդ տեսանյութը, որովհետև Սևակին, ընդհանրապես, շատ քիչ են տեսագրել և դա կարևոր է մեզ համար»։

Սևակին առնչվող փաստագրական  նյութերը հաճախ նորովի են բացահայտում գրողին, մարդուն։ 95-ամյա պապին նորովի բացահայտելու առիթ է ունեցել  հենց ինքը՝ Սևակ Ղազարյանը, երբ կազմում էր գրողի «Սիրերգություն» ժողովածուն։ «Ես պարզապես ապշում էի՝ ինչպես կարելի է միևնույն երևույթի՝ սիրո մասին  խոսել  այդքան տարբեր,  յուրովի, բոլորովին այլ տեսանկյունից»,- ասում է Սևակն ու հավելում, որ այս ամենից հետո ես հասկանում, որ, իրոք, «նորից չեն սիրում, սիրում են կրկին»։

Ցուցադրել ավելի
Back to top button