ԿարևորՀասարակություն

Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթը՝ արձան, Դեմիրճյանն էլ՝ փողոց․ կրթական խնդիրները ԱԺ-ում

Կրթական ոլորտի բարեփոխումները, որոնք նախատեսվում է իրականացնել ապագայում, իրականում ունեն երկու ուղղվածություն։ Մասնագիտական, հիմնական լուծումներից բացի այստեղ կա նաեւ քաղաքական ենթատեքստ։ Շատերը կարծում են, որ առաջիկա բարեփոխումների իրական նպատակը հենց ոլորտում հին կուսակցական աշխատողներից ազատվելն է։

Այս ենթատեքստով էր նաեւ ընկալվում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպումը։  Պաշտոնյաները, սակայն, այսօր հաստատեցին՝ հիմնովին քանդելու նպատակներ չկան, թեեւ այդպիսի պահանջ նույնպես հնչել է։ Հնչել են նաեւ աղմկահարույց բացահայտումներ։  

Հայաստանի դպրոցների տնօրենների աշխատասենյակներում այլեւս փակցված չէ որեւէ քաղաքական գործչի նկար։ Դպրոցի եւ ուսուցչի քաղաքականացման մասին վկայող այս ավանդույթը չկա, թեեւ թերահավատությունը ընդդիմադիր գործիչների մոտ դեռ պահպանվում է։

«Այո, դպրոցների ապաքաղաքականացում արձանագրեմ, բայց ես որեւէ երաշխիք չունեմ, ավելին՝ գրեթե համոզված եմ, որ եթե հիմա այսօր իշխանությունը հանձնարարի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին անել նույն բանը, ինչ- որ նրանք անում էին տարիներ շարունակ՝ կլինի պատին նկարներ «ճպացնել», կլինի ընտրական հանձնաժողովում կրծքով փակել քվեախցիկը, գերակշիռ մեծամասնությունը անելու է։ Հանկարծ ինչ- որ մեկը չասի, թե չի անելու եւ իր մտածելակերպում հեղափոխություն է տեղի ունեցել։ Ոչ։ Եթե ինչ- որ փոփոխություն տեղի ունեցել է, երեւի մի 5–8 տոկոսի մոտ։ Այնպես որ` այս առումով եկեք չասենք, որ ամբողջապես հաջողել ենք»,- ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Այն, որ հեղափոխությունը ամբողջովին դեռ չի մտել կրթական համակարգ, պնդում են նաեւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի  ղեկավար Լեւոն Բարսեղյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը։ Յուրաքանչյուրն իր փորձից օրինակներ է ներկայացնում․

Լեւոն Բարսեղյան․ «Մտածողության կամ վարքային փոփոխություն ես առայժմ չեմ նկատում, ցավոք։ Փետրվարին ինձ մոտ եկան 4 մանկավարժ, մեկը փոխտնօրեն եւ սկսեցին պատմել, որ իրենց դպրոցում տարիներ շարունակ աշխատանքի են ընդունել կաշառքով։ Փոխտնօրենն ասում էր՝ ես վերցնում էի կաշառքը, նույն սենյակում տալիս էի տնօրենին։ 2 հազարից 3 հազար դոլար։ Գյումրու գներն են սրանք։ Ինչո՞ւ էին եկել, ասում էին՝ կարո՞ղ ենք երաշխիք ունենալ, որ մեզ չեն դատելու, եթե մենք այս մասին հրապարակավ հայտնենք կամ դիմենք իրավապահներին։  Ես, իհարկե, ասացի, որ որեւէ մեկը նման երաշխիք տալ չի կարող»։

Վահրամ Թոքմաջյան․«Հեղափոխության շունչը կրթության մասնագետները, կրթության անմիջական շահառուները, այդ թվում ուսուցիչները չեն զգացել։ Որովեհետւ տեղային բդեշխիկների ինստիտուտը, ի դեմս տնօրենների, շարունակում է գործել։ Բոլոր այն մարդիկ, որոնք գողացել, թալանել էին պատուհանի փողի մեջ, կտուրի փողի մեջ, սնունդի փողի մեջ, ինչ- որ մի փուլում սրտները դող ընկած սպասում էին, թե երբ է գալու իրավապահը իրենց հետեւից։ Իսկ այդ իրավապահը իրենց հետեւից չեկավ եւ իրենք սկսեցին հարմարվել այդ կոմֆորտ զոնային»։

Այսպիսի հիմնավորումներով  է հնչում համակարգային փոփոխությունների պահանջը։ Երբեմն նշվում է, որ կրթական համակարգը մերը՝ ազգայինը չէ՝ մի մասը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, մյուս մասը՝ միջազգային ծրագրերից։ Քաղաքական ենթատեքստերով հարցերին եւ պնդումներին նախ պատասխանում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան․ «Հայաստանում այլեւս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական եւ օրվա իշխանությունների շահերին եւ այդ շահերի սպասարկմանը։ Հայաստանի կրթության համակարգում այլեւս երբեք չպետք է ճնշվի ազատ ինքնամտածողությունը, Հայաստանի կրթական համակարգում պետք է մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսեւորում»։

ԿԳՄՍ նախաար Արայիկ Հարությունյան․ «Ես այսօր կդժվարանամ ասել, դուք էլ կդժվարանանք ասել, թե անցած 1.5 տարում այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, քանիսն են այդ քաղաքական ուժից տնօրեն դարձել։ Ես չունեմ նման ինֆորմացիա։ Կարող է մեկ երկու, առավելագույնը երեք դեպք 1400 դպրոցից»։     

Բովանդակային առումով կրթության եւ գիտության ոլորտները կրկին մտնում են բարեփոխումների փուլ։ Խորհրդարանում անգամ կատակեցին՝ այնպես լինի, որ հետագայում շատերը չասեն, որ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթը՝ արձան, Դեմիրճյանն էլ՝ փողոց։ Ինչ են ցանկանում ստանալ հանրակրթությունից՝ ձեւակերպեց նախարար Արայիկ Հարությունյանը․

«Վերջնարդյունքում պետք է ունենանք քաղաքացի, որն ունի վերլուծելու, քննադատելու, ազատ մտածելու ունակություններ եւ հմտություններ։ Ամբողջ համակարգը կառուցելու ենք այս նպատակը իրականություն դարձնելու համար»։

Որակյալ կրթություն ապահովելու համար այսօր դիտարկվում է Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքների միաձուլումը, իսկ հաջորդ շաբաթ արդեն պատգամավորները շրջանառության մեջ են դնելու միջին մասնագիտական դպրոցների զարգացման համար նախատեսված մի նախագիծ։

ԱԺ ոլորտային հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան․ «Մենք այսօր մեր երկրում չունենք խառատներ, չունենք զոդողներ, չունենք էլեկտրիկներ եւ դրա պահանջարկը անշուշտ կա։ Այստեղ կարծրատիպերի խնդիր ունենք։ Յուրաքանչյուր ծնող մեր երկրում երազում է, որպեսզի իր երեխան պաշտոնյա դառնա՝ մտածելով, թե դա բարեկեցության ցուցանիշ է։ Լավ արհեստավորը վատ պաշտոնյայից  շատ ավելի լավ սոցիալական պայմաններում պետք է ապրի։ Համոզել ծնողներին մեկ օրում եւ մեկ ելույթով այս ամբիոնից, ես չեմ կարող, բայց յուրաքանչյուր մարդ կարող է տաղանդավոր լինել իր արհեստի մեջ եւ դա պետք է գնահատվի եւ դրա պահանջարկը աշխատանքային շուկայում մենք ունենք»։

Այս ամենին զուգահեռ, կա նաեւ մեկ այլ խնդիր։ Այստեղ պարզապես խոսում են թվերը․ 20 տարի առաջ Հայաստանն ուներ 603 հազար աշակերտ, հիմա՝ 12 դասարանի հաշվարկով աշակերտների թիվը 370 հազար է։ 250 դպրոցում կան դասարաններ, որոնք ունեն մինչեւ 5 աշակերտ։

Ցուցադրել ավելի
Back to top button