ԿարևորՀասարակություն

Հայտնի գործիչների հայրական տները՝ հյուրատներ

Կառավարության սեղանին այս պահին դրված է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի ներկայացրած հայեցակարգն ու նախահաշիվը՝ Մաթեւոսյանի թանգարան–կենտրոնի բացման, շահագործման հետ կապված։ Որոշումից կախված կլինի, թե երբ կբացվի կենտրոնը։

Դրան զուգահեռ` նախարարությունը հաջորդ տարվա համար թանգարան–հյուրատների հետաքրքիր տեսլական ունի Հրանտ Մաթեւոսյանի՝ Ահնիձորի տան հետ կապված եւս։

Կիսակառույց «Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի դռները կիսով չափ բացվեցին ու փակվեցին մի քանի ժամից, մեկ ամիս առաջ։ Արդեն 16 տարի Երևանը, գրողի ընտանիքը, Մաթևոսյանի գրականության սիրահարները, մի խոսքով՝ շատ շատերը, սպասում են մշակութային այս «տան» դռների ամբողջական բացմանը:

Պետությունը, ի դեմս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը, ի դեմս գրողի ընտանիքի, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հետ կապված դեռ սեղանի շուրջ հանդիպելու են։

Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը դեռ սեպտեմբերից սկսել էր խոսել կենտորնի բացեվելուն խոչընդոտող փաստերի մասին։ «Ռադիոլուրին» Մաթեւոսյանն ասում է` պետությունն իր բացատրությունն անպայման պետք է ունենա, ինչու է ձգձգվում թանգարան-կենտրոնի բացման աշխատանքը հարցին չի կարող պատասխանել։

Պետության անունից խոսել չի կարող, փոխարենը հայտնում է իր կարծիքը։

«Ես կարծում եմ, որ մի կողմից կա ադմինիստրատիվ փորձառության պակաս նոր իշխանությունների կողմից, մյուս կողմից՝ հասարակության եւ իշխանության մեջ որոշ մարդկանց չկամություն ու խնդրի չըմբռնում։ Բայց իշխանությունը, նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները իրենք կարող են իրենց բացատրությունը տալ»,-  ասում է Դավիթ Մաթեւոսյանը։

Տալիս են։ Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասում է՝ որ կենտրոն–թանգարանը գործի, պետությունն արդեն մոտ 500 մլն դրամի` 1 մլն դոլարի ներդրում արել է։ Իսկ որ բացի իր դռներն ու շահագործման հանձնվի, պետք է եւս 1 մլրդ դրամից ավել գումար ներդնի։

Հիմնադրամի ներկայացրած հայեցակարգն ու նախահաշիվը կառավարությունում են։ Հիմա քննարկվում է եւս 1 մլն պետության կողմից ներդնելու նպատակահարմարության հարցը։ Բայց… ասում է Նարինե Խաչատուրյանը.

«Կարծում եմ, որ Ահնիձորի տունը շատ ավելի գրավիչ կարող է լինել, եւ թանգարան–հյուրատուն գաղափարն այնտեղ շատ լավ կաշխատի։ Եվ համայնքը կվերակենդանանա այդ տան շուրջ, գյուղը ծաղկում կապրի»։

Մաթեւոսյանի տղան ասում է՝ գրողի Ահնիձորի տունը թանգարան–հյուրատուն դարձնելն իրենց գաղափարն է եղել։ Խաչատուրյանն ասում է՝ խոսել է նաեւ Վարդգես Պետրոսյանի կնոջ հետ՝ գրողի Աշտարակի տունը զբոսաշրջիկին  ու տեղացուն հետաքրքիր մատուցելու համար։ Նախնական համաձայնություն արդեն կա։

Իսկ, թե ինչ ճակատագիր կունենա «Հրանտ Մաթեւոսյանի» թանգարան–կենտրոնը Երեւանում, կախված կլինի կառավարության որոշումից։ Մինչ այդ` նախարարությունը պիլոտային ծրագրով փորձ կանի ունենալ առաջին թանգարան– հյուրատունը։

Երբ ու որտեղ՝ դեռ հայտնի չէ։ Ասում են՝ կարեւոր է, որ մարզում կլինի, կարեւոր է, որ համայնքի ներգրավվածությունը լինի։

Back to top button