ԿարևորՔաղաքական

Հայկական գործոնն աշխարհում իր ուրույն տեղն է սկսում զբաղեցնել․ թուրքագետ

2019 թ.-ը մեր արտաքին քաղաքականության դիվանագիտության պատմության մեջ պետք է համարենք, այսպես ասած, ուժերի կուտակման, տեսական խնդիրներ դնելու փորձի շրջան։ Այս կարծիքն այսօր հայտնել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ակնկալելով ավելի ակտիվ դիվանագիտական գործունեություն 2020 թվականին։ Թուրքագետն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ մատնանշելով, իր կարծիքով, ամենակարեւոր դասը, որ պետք է քաղել 2019-ի զարգացումներից։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում սպասելի է թուրքական ագրեսիվ քաղաքականության հետագա ուժգնացում։ Ըստ նրա՝ սա 2019-ի տարածաշրջանային զարգացումներից քաղելիք ամենակարեւոր դասն է։ Դա են ցույց տալիս այդ երկրի արտաքին քաղաքականության ներկա փուլի առանձնաhատկությունները։ Արդեն խոսակցություն կա, որ Լիբիայում Թուրքիան նույնպես կարող է օգտագործել իր զինված ուժերը՝ նկատում է թուրքագետը։

 Նրա գնահատմամբ՝ դա վտանգավոր է նաեւ մեր տարածաշրջանի համար եւ պետք է դրան պատրաստ լինել.

 «Քանի որ Թուրքիան, եթե սկսել է իր արտաքին քաղաքականության այս փուլը, կարող է շարունակել ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ, իր դրդմամբ, այսպես ասած, փոխանցի զինված ուժերի ագրեսիվ գործողությունները Ադրբեջանին եւ Ադրբեջանը վտանգ կարող է ներկայացնել տարածաշրջանային անվտանգության համար»,-ասաց Սաֆրաստյանը։

Մտահոգությունների առիթ են տալիս նաեւ իրանական զարգացումները։ Չլինելով իրանագետ, տեսնում եմ, որ ներիրանական զարգացումներում պետք է հաշվի առնել դրսից եկող միջամտության հնարավորությունը՝ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքագետը կարծում է, սակայն, որ այդ ալիքը արդեն մեղմվել է եւ գոյություն չունի, այսինքն՝ Իրանում գոյություն ունեցող համակարգը եւս մեկ անգամ ցույց տվեց իր կենսունակությունն ու ներքին ամրությունը։

 «Սա հնարավորություն է տալիս մեզ՝ հույս ունենալու, որ Իրանում կպահպանվի ընդհանուր կայուն իրավիճակը, իսկ դա մեզ համար շատ կարեւոր է։ Եվ մեր դիվանագիտությունը պետք է շատ զուսպ լինի բոլոր այս խնդիրներում»։   

Թուրքագետը չի բացառում, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրումը հանգեցնի, որ Թուրքիան առավել կտրուկ քայլերի դիմի՝ Ինջիրլիք եւ Քյուրեջիք ամերիկյան ռազմաբազաների սամանափակման կամ ընդհանրապես փակման առումով։ Փորձն էլ ցույց է տալիս, որ որքան սրվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, այնքան բարելավվում են ռուս-թուրքական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության բանաձեւերին. թեպետ առկա խորապատկերում դրանք ընդունվեցին, սակայն, կարեւոր է առաջին հերթին հասկանալ, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների տասնամյակների հետեւողական աշխատանքի արդյունք են։

 «Վկայում է այն մասին, որ հայկական գործոնն ընդհանրապես աշխարհում իր ուրույն տեղն է սկսում զբաղեցնել»,– նշեց թուրքագետը։

Նա հույս ունի, որ դա կանգ չի առնի եւ կօգտագործվի նաեւ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչը, ըստ նրա, Հայաստանի դիվանագիտության կարեւոր խնդիրն է։

«Ասելով «հայկական գործոն» ես նկատի ունեմ ե՛ւ սփյուռքի հայկական կազմակերպությունները, եւ՛ Հայաստանի Հանրապետությունը, եւ՛ Արցախի Հանրապետությունը պետք է ուժերն ավելի մեկտեղեն՝ այդ կարեւոր նպատակներին հասնելու համար»,– հավելեց Սաֆրաստանը։

Թուրքագետի դիտարկմամբ՝ այս տարի մի կարեւոր բան տեղի ունեցավ, ինչը պատշաճ ուշադրության չարժանացավ։ Խոսքը մեր երկրի արտգործնախարարության կողմից ընդունված արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկի՝ «համահայկականության» մասին է, որը ձեւակերպվեց առաջին անգամ եւ ցույց է տալիս, որ ՀՀ-ն գործում է ոչ թե միայնակ, այլ՝ օգտագործելով ողջ հայկական պոտենցիալը։

Ցուցադրել ավելի
Back to top button