ԿարևորՀասարակություն

Ինչպիսի՞ն կլինի ՀՀ առաջատար տեխնոլոգիաների զարգացումն առաջիկա 5 տարիներին

Առաջիկա օրերին տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների լիդերների հանդիպում-ֆորումը, որում քննարկվելու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 20-25  թվականների ռազմավարությունը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի փոխանցմամբ՝ ըստ էության նախորդ ռազմավարությունն ընդհատվում է եւ նոր ռազմավարություն է մշակվելու, քանի որ նախորդի մի շարք դրույթներ կյանքի են կոչվել, իսկ նորի անհրաժեշտությունն էլ զգացվում է՝ ոլորտում ներկա զարգացումներին համընթաց քայլելու տեսանկյունից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը ոլորտի փորձագետների վաղեմի երազանքն էր, որ ներառել էին իրենց նախորդ ռազմավարության մեջ։ Այն այսօր իրականություն է։ Ոլորտի փորձագետները նաեւ երկար տարիներ պայքարում էին, որ ռազմաարդյունաբերությունը դուրս բերվի պատվիրատուի, այսինքն՝ ՊՆ-ի ենթակայությունից։ Սա նույնպես նախորդ ռազմավարության մի մասն էր, որն այսօր իրականացվել է։ ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի փոխանցմամբ՝ ռազմավարական նպատակներից մեկն էլ դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումն էր, որը շուտով ամբողջությամբ ավարտին կհասցվի։

«Մենք այս տարի կավարտենք, ըստ էության, 585 լաբորատորիայով, որը գրեթե դպրոցների կեսն է։ Մինչեւ տարեվերջ Շիրակը, Լոռին եւ Տավուշի դպրոցները կզինվեն «Արմաթ»-ներով եւ հուսով ենք, որ եկող տարի բոլոր դպրոցները կունենան ինժեներական լաբորատորիաներ»։

Այսինքն, էական փոփոխություններ կան. մեր նախորդ ռազմավարությունն իրականացվել է մեծ մասով, ուստի պահանջ է առաջացել նոր ռազմավարություն գրելու՝ ասաց Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ դրան նպաստեց նաեւ ԱՏՁՄ-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացված համաշխարհային կոնգրեսը, որտեղ նոր գաղափարներ առաջ քաշվեցին, նոր կապեր ձեւավորվեցին։

«Արդեն նոր խնդիրներով, նոր մակարդակներով։ Դրանց իրացնելու ցանկությունը նաեւ բերեց նոր ռազմավարության անհրաժեշտությանը»։

Դրանով կսահմանվի առաջիկա զարգացման հաղթական դրոշ-նշաձողը, որը, Կարեն Վարդանյանի փոխանցմամբ, առայժմ չկա։

Առաջատար տեխնոլոգիական «Վոլո» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը պատասխանատու է ԱՏՁՄ-ի հայկական տեխնոլոգիական բրենդի ստեղծման եւ առաջխաղացման համար․ «Կարող եմ ֆիքսել, որ 2019 թվականը ավարտվում  է՝ ամբողջությամբ պատմությունը, լեգենդը՝ ինչպես պետք է ներկայանալ, բոլորի կողմից ընկալմամբ։ Մեկ «լեզվով» արդեն խոսվում է բոլոր միջոցառումների ժամանակ, որը կարող ենք գրանցել որպես հաջողություն»։

Նրա փոխանցմամբ՝ երբ 2014-ին մեկնարկեց Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր ձեւավորելու գործընթացը, դեռեւս չկար միասնական խոսք, միասնական մոտեցում ու ներկայանալի կերպ այդ առումով։

Տեղեկատվական տեխնոլոգիաների լիդերների հանդիպում-ֆորումում հերթական փուլի մեկնարկն է քննարկվելու։ Արդյունքում՝ ընդունվելիք նոր  ռազմավարությամբ տրվելու եւ ամրագրվելու է հարցի պատասխանը, թե ինչպե՞ս են շարունակելու այլ ճյուղերի զարգացումը՝ հավելեց Արմեն Քոչարյանը։ Նաեւ պարզաբանեց հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները. «Դրանք են՝ աշխատել, ապրել, սովորել Հայաստանու՛մ. փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս ենք այդ ամենը միմյանց հետ միահյուսում, որպեսզի Հայաստանը դառնա մի միջավայր, որտեղ  թե՛ հարեւան երկրներից, թե՛ ընդհանրապես այլ երկրներից մարդիկ կգան այստեղ՝ հետաքրքիր խնդիրներին, ծանր խնդիրներին  «լծվելու» եւ լուրջ լուծումներ ստեղծելու։ Դա կլինի մեր հիմնական ուղղությունը»։

Ճանապարհներ կան՝ վստահեցնում է Արմեն Քոչարյանը։ Նրա փոխանցմամբ՝ եղել են հաջողված երկրներում, քննարկել-ուսումնասիրել են նրանց հաջողված փորձը ու շատ բան սովորել։ Այդ ամենի մասին կքննարկեն  Տեղեկատվական տեխնոլոգիաների լիդերների հանդիպում-ֆորումում  եւ առավել մանրամասնություններով կամրագրեն նոր ռազմավարության մեջ։    

Ցուցադրել ավելի
Back to top button