

Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում մանուկների ամանորյա նվեր ներկայացումն է՝ «Մանչուկն ու Կառլսոնը», մինչև դեկտեմբերի 30-ն այն կուրախացնի փոքրերին, իսկ նոր տարին կսկսեն նոր անակնկալներով` ասում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
2019-ին Գյումրիի դրամատիկականն ունեցել է 4 առաջնախաղ, խաղացել են 150 ներկայացում, ունեցել ավելի քան 52 000 հանդիսատես. «Թատրոնի համար շատ հետաքրքիր հյուրախաղային տարի էր: Թատրոնը ավելի շատ եղավ դրսում, հունվար և փետրվար ամիսներին ԱՄՆ-ում էինք: 30 ներկայացում խաղացել ենք Գյումրիից դուրս»:


Հյուրախաղերի վերջին ներկայացումը դեկտեմբերի 7-ին էր՝ Սանկտ Պետերբուրգում. «Խաղացինք երիտասարդական ներկայացում: Այցն այսպիսի վերնագիր ուներ` «Վերածնվող Գյումրի», երիտասարդական ներկայացում խաղացինք` «Երկնագույն շան աչքերը», նաև ֆոտոցուցահանդես կազմակերպեցինք` «Վերածնվող Գյումրին»»:
Գյումրիի դրամատիկականի հատուկ ուշադրության կենտրոնում է հայ ժամանակակից դրամատուրգիան. «Դրա վառ ապացույցն էր Նիկոլայ Ծատուրյանի վերջին բեմադրությունը, Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումը: Դրան հաջորդեց Սամվել Արծրունու աշխատանքը, որի ներկայացումը մեր լիբանանահայ ռեժիսորն արեց, և թատրոնը պատրաստվում էր հյուրախաղերով մեկնել Լիբանան, բայց հայտնի դեպքերի պատճառով հետաձգվեց»:


«Ամենապահանջատեր գյումրեցի հանդիսատեսին գոհացնելը դժվար է»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը և հիշում հանդիսատեսի հումորային արձագանքներից,- «Ծատուրյանը պարապ է մնացել հմի էլ դերասաններին կթռցնե: Գրել էին` սաղ խաղերը խաղացինք, հմի էլ երկնագույն շուն կխաղցնենք»:
Գյումրիի դրամատիկականը դարձել է զբոսաշրջային նոր հասցե: Տուրիստական շատ ընկերություններ իրենց երթուղին կազմելիս հաշվի են առնում նաև օրվա ներկայացումները: Սակայն այս ամենի հետ մեկտեղ Գյումրիի դրամատիկականում շատ են նաև խնդիրները: Դեռ անհայտ է թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում տեղակայված Մինասի որմնանկարի ճակատագիրը, շենքը վերանորոգման ու վերազինման կարիք ունի՝ տանիքը, մեծ բեմը. հակահրդեհային համակարգի խնդիրն էլ, մասնագետների գնահատմամբ, հրատապ լուծման կարիք ունի. «Նախագծային հաշվարկ ունենք մոտ 4 մլն դրամի, դիմել ենք մշակույթի նախարարություն»:
2020 թ-ը հոբելյանական է Գյումրիի դրամատիկականի համար, բացելու են թատրոնի 155-րդ թատերաշրջանը և նշելու են Վարդան Աճեմյանի 115-ամյակը, ունենալու են 2 նոր ներկայացում.
«Բայց կուզեմ առանձնացնել «Շիլլերը», որը լինելու է հոբելյանական մեզ համար: Բեմադրությունն իրականացնելու է հրավիրված ռեժիսոր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Ներկայացումն առանձնահատուկ է նրանով, որ շատ երկար տարիներ առաջ Շիլլերի «Սեր և խարդավանք» ներկայացումը բեմադրել է Վարդան Աճեմյանը»:
«2020-ին թատրոնի տոմս գնելու համար կրպակներում նույնպես հերթեր կլինեն»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանն ու հրավիրում մինչև տարեվերջ «Մանչուկի ու Կառլսոնի» հետ տեղափոխվելու հեքիաթների աշխարհ: