Ամանորի մարզային եռուզեռը

Մարզերում արդեն մեկնարկել են Ամանորի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Առանցքային միջոցառումները, ինչպես միշտ, տեղի կունենան մարզկենտրոններում ու խոշոր քաղաքներում, բայց որոշ մարզերում մշակութային միջոցառումներ կանցկացվեն նաև ավելի փոքր համայնքներում։
Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 30-ին մարզկենտրոն Արտաշատում կանցկացվի Արարատի մարզի Ամանորի գլխավոր միջոցառումը։ Մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյանն ասում է, որ ինչպես ամեն տարի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին նվերներ կբաժանեն, տեղի կունենան մշակութային միջոցառումներ։ Սա քաղաքապետարանի նախաձեռնությունն է, մարզպետարանում գալիք Ամանորը կնշանավորեն կորպորատիվով. « Մարզպետարանը, որպես այդպիսին, բյուջեով նախատեսված գումարներ չունի միջոցառումներ իրականացնելու համար։ Աշխատակիցների նախաձեռնությամբ տարեվերջին նախատեսել ենք կորպորատիվ միջոցառում քաղաքի ռեստորաններից մեկում։ Մարզկենտրոնում Արտաշատի քաղաքապետարանը կկազմակերպի միջոցառում, իսկ քաղաքներում ու գյուղերում՝ տեղական մարմինները»։
Տոնական տրամադրությունը չի շրջանցի նաև Արմավիրի մարզը, գլխավոր միջոցառումը համանուն մարզկենտրոնում է։ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն ասաց, որ տոնական միջոցառումներում ակտիվորեն ներգրավված են մարզի բոլոր կրթօջախները. «Բոլոր ուսումնական հաստատություններն ունեն միջոցառումների առանձին ցանկ։ Յուրաքանչյուր քաղաք ու համայնք ինքն է կազմել իր ցանկը, կլինեն համերգներ, նվերներ և այլն»։
Արագածոտնի տոնական ծրագրին մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Ավոյանն է ծանոթացնում․ «Հանրակրթական դպրոցներին հանձնարարվել է մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Տոնական միջոցառումներ տեղի կունենան Աշտարակում, Ապարանում ու Թալինում։ Աշտարակի դիմակահանդեսը կազմակերպել է տեղի ՊՈԱԿ-ը։ Մուլտֆիլմի հերոսների կերպարներով ինչ-որ նորույթ են նախատեսել»։


Մարզի տոնական միջոցառումների ցանկը ներկայացնելու մեր խնդրանքին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը դժգոհեց, որ տարբեր լրատվամիջոցներից, հկ-ներից ինչ-որ մարդիկ են զանգում ու շտապ ինֆորմացիա ուզում։ Դժվարությամբ, բայց խոստացավ հանձնարարել համապատասխան պաշտոնյային զանգահարել մեզ ու տեղեկություններ տրամադրել։ Մեզ զանգահարեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը՝ ամփոփ ու ընդգրկուն տեղեկատվությամբ։
Տոնական միջոցառումների հարուստ ծրագիր են նախատեսել ոչ միայն մարզկենտրոն Գավառում, այլև Գեղարքունիքի մարզի մյուս խոշոր քաղաքներում՝ Վարդենիսում, Մարտունիում, Սևանում, Ճամբարակում։
Ամանորին լրջորեն են նախապատրասվում նաև Տավուշում։ Տավուշում Ամանորն այս տարի ակտիվ կնշեն նաև գյուղական համայնքներում։ Յուրաքանչյուր համայնք որոշել է միջոցառումների իր ծրագիրը։
Լոռու մարզպետարանում այսօր մարտական էին տրամադրված․ մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանն ասաց, որ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը ստանալու համար մարզպետարան պետք է ներկայանանք․ «Ճշտելու համար դուք կգաք այստեղ» ։
Արամ Ռևազյանից, այնուամենայնիվ, հաջողվեց ճշտել Լոռու մարզի տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում։


Գրանցած հաղթանակից հետո տեղափոխվենք Շիրակ։ Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ Ամանորի տոնական միջացառումների պաշտոնական մեկնարկը կտրվի դեկտեմբերի 20-ին․ Գյումրու հրապարակում կվառվեն տոնածառի լույսերը․ «Գյումրին բնականաբար լոկոմոտիվն է, բայց էնպես չէ, որ որևէ համայնք դուրս կմնա։ Առաջին տեղում տեղական կոլեկտիվներն են, որովհետև Շիրակի մարզը ամենամշակութային մարզն է, իսկ Գյումրին մշակութային մայրաքաղաք է, և մշակութային կոլեկտիվների առումով որևէ խնդիր չկա »։
Կոտայքի ու Վայոց ձորի տոնական եռուզեռի մասին մեզ մնում է միայն ենթադրություններ անել․ տեղի մարզպետարաններից լուր ստանալ չհաջոցվեց, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ տոնածառի լույսերն այստեղ չեն վառվելու, Ձմեռ պապն անակնկալ չի հայտնվելու։