ԿարևորՀասարակություն

Ո՞ւր կտանի մանկավաճառության քանդվող կծիկը

Ապօրինի որդեգրման բացահայտումները  ցնցել են  հանրությանը։ Դրա շուրջ խոսել են նաև  կառավարությունում ու ԱԺ–ում։  Որդեգրման քաղաքականության բարելավման ուղղությամբ  վարչապետի  հրամանով կազմվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն աշխատում է ընթացակարգերը  բարելավելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու ուղղությամբ։ Ընթացքում են նաև ընտանեկան օրենսգրքի և  որդեգրման  կարգի վերանայման աշխատանքները։

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը,  փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը ձերբակալվել են  ծնողներից երեխաներին ապօրինի  բաժանելու կասկածանքով։ Հանցագործության   վերաբերյալ աղմուկը բարձրացավ  Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային  ծննդաբերած ու այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանի դեպքից հետո։  Երեք երեխաների մայրը բնական ճանապարհով ծննդաբերել է երեխային ու  նրան ցույց չեն տվել։ Միայն ասել են, որ 4կգ քաշով ծնված երեխան մահացած է։   

Այնուհետև Կոտայքի մարզի բնակչուհին  «Հայոց  մայրեր» հասարակական շարժման շրջանակներում  կազմակերպում է ստորագրահավաք և  կոչ անում բոլոր այն ծնողներին, որոնք տարբեր տարիների տուժել են այդ ծննդատնից, միանալ Ռազմիկ Աբրահամյանի տնօրինության տակ գտնվող Հանրապետական ծննդատունը բժշկական լիցենզիայից  զրկելու, ինչպես նաև  նրա գործունեությունը դադարեցնելու պահանջին։

Երեխային կորցրած մոր հորդորն էր նաև ստուգել  Ռազմիկ Աբրահամյանի  ֆինանսական  աղբյուրները  և բացահայտել  նրանց, իր բնորոշմամբ, ապօրինություններն ու հանցագործությունները։   

Ապօրինի որդեգրման լուրերին այսօր անդրադարձել են գործադիր և օրենսդիր մարմիններում։ « Իմ քայլից» պատգամավոր Գևորգ Պապոյանն է ԱԺ ամբիոնից  կոշտ արձագանքել երեկվա բացահայտումներին  ու 101 երեխայի մանկավաճառության մեջ մեղադրել նախորդ իշխանություններին։

«Չնայած անմեղության կանխավարկածին, ես կարծում եմ, որ  նման դեպքերի համար քաղաքական պատասխանատվություն են կրում նախորդ իշխանությունները, որովհետև միայն կոռումպացված,  հովանավորչությամբ երկրում կարելի էր երեխաների վաճառել ու մնալ անպատիժ» ,– ասել է Պապոյանը։

Իսկ գործադիրում  Նիկոլ Փաշինյանն է խոսել  ապօրինի որդեգրումների բացահայտումներից ու լուրը որակել շոկային։  Վարչապետի խոսքով` սկզբում, երբ  խորհրդակցություն են անցկացրել  ստացված ահազանգերն ու նամակները քննարկելու համար, այնքան էլ  իրատեսական չեն համարել, որ այս թեմայով կարող են լինել կոնկրետ բացահայտումներ, սակայն այսօր արդեն  փաստ է, որ կան ձերբակալվածներ, ասում է վարչապետն ու Քննչական կոմիտեի նախագահ  Հայկ Գրիգորյանից հետաքրքրվում ձերբակալվածներին մեղադրանք առաջադրելու ժամկետների մասին։

«Այս պահին ապացույցների  համակցությունը  բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու  քրեական օրենսգրքի 167-րդ` ծնողներից  երեխաներին ապօրինի  բաժանելու հոդվածով։ Մոտ օրերս` վաղը կամ մյուս օրը,  այդ անձանց կառաջադրվեն  մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,– նշեց Հայկ Գրիգորյանը։

Հայկ Գրիգորյանի ներկայացրած տեղեկատվության համաձայն` գործով կատարվել են մի շարք խուզարկություններ։ Առգրավվել են 2012 թվականից առ այսօր  բոլոր փաստաթղթերը  և ենթարկվելու են մանրակրկիտ  զննության։ Կան նաև մի շարք անձանց  ցուցմունքներ,  որոնք, ըստ Հայկ Գրիգորյանի,  մերկացնում են տվյալ անձանց  այդ հանցանքը կատարելու մեջ։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  գործն զգացմունքային արձագանք է առաջացրել հանրության  շրջանում , սակայն, շատ կարևոր է, որ  գործի քննությունը լինի առանց  էմոցիաների։ 

Պետք է բոլոր դեպքերն առանձին–առանձին  ուսումնասիրել ու քննել,  և  բոլոր հնարավոր կասկածները  հանրության և  կոնկրետ ընտանիքների  շրջանում փարատվեն, ասել է վարչապետը։

Որդեգրման քաղաքականության բարելավման ուղղությամբ  վարչապետի  հրամանով կազմվել է միջգերատեսչական   աշխատանքային խումբ։ Այն աշխատում է  ընթացակարգերը  բարելավելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու ուղղությամբ։ Ընթացքում են նաև ընտանեկան օրենսգրքի և  որդեգրման  կարգի վերանայման աշխատանքները, ասել է սոցապնախարար Զարուհի Բաթոյանը։  

«Այստեղ շատ աշխատանք ունենք անելու։ Հատկապես  աշխատանք ունենք անելու Հայաստանում  երեխաների  կյանքն ապահովելու ուղղությամբ։ Երեխաները պետք է ապրեն ընտանիքում։ Երեխաներն իրավունք ունեն։ Եթե կենսաբանական ընտանիքն ինչ–ինչ պատճառներով չի կարող  խնամքն ապահովել, ապա նրանք կարող են ապրել այլ ընտանիքում,  որը որևէ կերպ իհարկե չի կարող զիջել  կենսաբանական ընտանիքի ցուցաբերած հոգատարությանը, բայց մեզ համար  առաջնահերթ է, որ այս երեխաներն առաջին հերթին ապրեն Հայաստանում»։

Նախարարի խոսքով` որդեգրումները Հայաստանում երբևէ չեն դադարել, գործընթացը միայն դանդաղել է։

Ցուցադրել ավելի
Back to top button