ԿարևորՀասարակություն

Հեղափոխական փոփոխություն առողջապահության ոլորտում

Հայաստանում   բուժհաստատությունները ձգտում են  ավելի լավ ծառայություններ մատուցել․ այս մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարարը և խոսել մի քանի  նոր ծրագրերի մասին։ Արսեն Թորոսյանը նշել է, որ  պետպատվերի շրջանակում իրականացվող երեք  ծրագրիում շահառուներն իրենք կընտրեն, թե որ բուժհաստատությունում սպասարկվեն։ 

Աստիճանաբար անցում է  կատարվելու ֆինանսավորման այս համակարգին՝ ասել է նախարարը: Թե որ հիվանդանոցը որքան գումար է ստանալու պետպատվերից․ որոշելու է ոչ թե նախարարը, այլ այդ ծառայությունը ստացող քաղաքացին՝ ասել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանը ։

Հեղափոխական փոփոխություն առողջապահության ոլորտում․ ձևակերպումը վարչապետ Փաշինյանինն է, գնահատականին  համաձայն  է  նաև  ոլորտի պատասխանատուն՝ Արսեն Թորոսյանը։ Կառավարությունը որոշել է երեք ծրագրում  փոխել պետպատվերի  գումարի տրամադրման տրամաբանությունը։  Առողջապահության նախարարը  հայտարարեց,  որ  պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օգնության եւ սպասարկման ֆինանսավորումը մինչև այսօր  իրականացվել  է սահմանափակված բյուջեի սկզբունքով:  

Փաստացի, 15 տարի  ոլորտում եղել են  տարվա սկզբին կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում բուժհաստատությունները պետք է տեղավորվեին մինչև տարեվերջ։  Սակայն բյուջեում առողջապահության հատվածի աճի, էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ, որոշում է կայացվել երեք ծրագրերի մասով  ֆինանսավորման նոր մեխանիզմ  ներդնել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնում  է, թե որ ծրագրերի մասին է խոսքը։

«Առաջինը զինծառայողներին,  փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքներին բժշկական օգնության ծրագիրն է, երկրորդը՝ մանկաբարձական բուժօգնություն ծառայություններ ծրագիրը և երրորդը՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որոնց համար առաջարկվում է ներդնել բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Դա կարելի է պայմանական անվանել հետվճարային  համակարգ»։

Բուժհաստատությունների հետ պայմանագրերը կկնքվեն՝  առանց տարեկան սահմանաչափեր ֆիքսելու, բայց կգործեն  զսպող մեխանիզմներ։  Փոփոխությունը  կհեշտացնի  բուժօգնության մատուցումը։  Հաճախ բուժհաստատություններից մեկի  գումարը սպառվում է, մյուսինը՝ոչ։ Կամ հիվանդին ուղորդում են կոնկրետ հաստատություն ։  

«Փաստացի որևէ պաշտոնատար անձ  չի  որոշի, թե  կոնկրետ այս երեք ծրագրերով  որքան գումար տրամադրել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հստակեցրեց՝ նախկինում հաճախ էին հարց տալիս, թե ինչու են պետպատվերի գումաները տրամադրում հիվանդանոցներին։  Հիմա  հիվանդն  ինքը կընտրի, թե  որտեղ ստանալ տվյալ ծառայությունը՝ պետպատվերի շրջանակում ։  Գումարը բյուջեից  հենց այդ հաստատություն կուղղվի։ Գործող կարգը, ըստ վարչապետի,  չէր փոխվում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։  

«Օբյեկտիվ պատճառն այն էր, որ այնուամենայնիվ պետպատվերի համար տրամադրվող գումարը  չէր բավականցնում  պետպատվերի  բոլոր շահառուներին սպասարկելու համար»։

Այժմ  վստահ են՝   պետպատվերի համար նախատեսված գումարը տարվա կեսին չի վերջանա։  Համակարգի ամբողջական ներդրումն ունի քաղաքական նշանակություն՝ ասաց վարչապետը։

«Երբ այս համակարգն ամբողջությամբ կներդնենք, այս խոսակցությունը արմատախիլ կլինի, որովհետև  այլևս նախարարը, կառավարությունը չի որոշի, թե որ  հիվանդանոցը պետպատվերից  որքան գումար է ստանալու։ Դա կորոշի այդ ծառայությունը ստացած քաղաքացին»։

Հայաստանում  բուժհաստատությունները ձգտում են  ավելի լավ ծառայություններ մատուցել՝ հայտարարեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝  ոլորտում  ներդրումների   տեսանելի ակտիվություն է նկատվում։

«Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել։ Տեսնենք, եթե չկարողանանք  հարցը լուծել, ստիպված հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը իրենց երազանքի հիվանդանոցը կառուցեն, որտեղ ըստ որոշ տեղեկությունների 50 տոկոս  տեղական փայի խնդիր կա»։

Առաջարկվում է նաև նեղ մասնագիտացված կենտրոններում ախտորոշիչ  հետազոտություններից պետպատվերի շրջանակներում օգտվողների թիվն ավելացնել  մոտ 200 հազարով։ Գերժամանակակից  գծային արագացուցիչներով ճառագայթային բուժման հասանելիությունը կմեծանա  բոլոր չարորակ  ախտորոշում  ունեցողների համար՝  համավճարի սկզբունքի կիրառմամբ։ Նախարարությունն անցնում է էլկետրոնային ուղեգրման համակարգի։ Մինչև  2020թվականի ապրիլից հանրապետության բուժհաստատություններում   թղթային ուղեգրեր այլևս չեն լինի։   

Ցուցադրել ավելի
Back to top button