ԿարևորՀասարակություն

«Հայ ինքնության հետ կապված հարցերն առաջնահերթություն են և դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում»․ Ա. Հարությունյան

Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն։ Այդ հանձնարարականը տրված է, և դրա հետ կապված բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մշակված ու իրականացվող ծրագրերի և օրակարգում եղած բարեփոխումների հետ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՝ ընդգծելով, որ հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է։

Նրա խոսքով՝ 2020 թվականի բյուջեում զգալի ավելացել է արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։ Բացի այդ, նախատեսվում են հայագիտական նոր  ծրագրերի իրականացում և դպրոցներում հայագիտական առարկաների ուժեղացում։  

Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը չի նշանակում, որ երեխաների հայրենասիրական դաստիարակությունը կտուժի կամ կարհամարհվի։ Ըստ նրա՝ հնարավոր չէ դպրոցներում աշակերտներին չսովորեցնել Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն, և այդ բացը լրացնել բուհերի ինժեներական ֆակուլտետներում։ Ն. Փաշինյանի խոսքով՝ անցած տարի միասնական քննություն անցկացնելու նախարարության նախաձեռնությանն ի պատասխան աղմուկ էր բարձրացել, քանի որ մտավախություն կար, որ մատյաններում դրված գնահատականներն ու սովորողների իրական գիտելիքներն իրար չեն համապատասխանում։ Ընդգծելով ձևը բովանդակությունից տարանջատելու կարևորությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք գնում ենք  հանրակրթության խորքային և բովանդակային բարեփոխման ուղղությամբ, և 2020 թվականն այս առումով լինելու է գործողությունների, շատ կոնկրետ քայլերի տարի»։

Նրա տեղեկացմամբ, այսօր 126 դպրոցներում 222 դեպքով հարուցված են  քրեական գործեր,  երբ տնօրեններն իրենց ազգականներին ձևակերպել են այս կամ այն հաստիքի վրա ու աշխատավարձ են վճարել այն դեպքում, երբ այդ մարդիկ, անգամ, չեն ներկայացել աշխատանքի։ «Սա նշանակում է, որ այս երևույթը համատարած բնույթ է կրում»,- արձանագրել է Ն. Փաշինյանը՝ բացատրելով, որ սրա պատճառով հնարավոր չի եղել ուսուցիչների աշխատավարձերը 10 %-ի փոխարեն բարձրացնել 20-ով։

«Աղքատությունից ապահովագրելու համար մենք միայն մեկ տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն։ Սոցիալական օգնությունից զատ, մենք պետք է ապահովենք բազմազավակ ընտանիքների երեխաների մրցունակ կրթություն ստանալու իրավունքը, որ նրանք ստացած մասնագիտությամբ աշխատաշուկայում կարողանան գործ գտնել։ Սա պետական պարտավորություն է, և սա աղքատության հաղթահարման միակ ճանապարհն է։ Աղքատությունը հաղթահարելու միակ ճանապարհն աշխատանքն է, իսկ աշխատանք ունենալու ճանապարհը պատշաճ կրթությունն է։ Ես հույս ունեմ, որ մեր երեխաներին այս ուղերձը կհասնի»,- եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում` անդրադառնալով առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին սոցիալական ապահովության ծրագրերից զատ որակյալ կրթություն տրամադրելու և մտածողության փոփոխության կարևորությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button