ԿարևորՍպորտ

Հայաստանում կստեղծվի դահուկային սպորտի և տուրիզմի ակադեմիա

Հայաստանում կստեղծվի  դահուկային սպորտի  և տուրիզմի ակադեմիա, որտեղ կպատրաստվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Դահուկային սպորտաձևը Հայաստանում զարգացնելու մեծ հեռանկարներ կան ու դրանք արդեն հետաքրքրում են եվրոպացիներին։

Հայաստանում ձմեռային  հանգիստը շատերը նախընտրում են անցկացնել այնպիսի վայրերում, որտեղ հնարավություն կա և հանգստանալու , և սպորտով զբաղվելու։ Մայրաքաղաքի փողոցներում անցկացրած հարցումը հենց այդ մասին է փաստում:

 Դահուկավազքը շատերի համար նախընտրելի սպորտաձև է այս շրջանում։  Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, սակայն, ասում է, որ այս ոլորտում շատ խնդիրներ կան․ օրինակ դահուկավազքի հրահանգիչների  որակավորման հարցը, ինչըն արտերկրից ժամանած  մարզիկն անմիջապես նկատում է․

«Ծաղկաձորում կան մի քանի տասնյակ հրահանգիչներ, մարդիկ, ովքեր լեռնադահուկային սպորտի հետ կապ չունեն։ Մի քանի տարի սահել են և այսօր հրահանգիչ են աշխատում։ Եվ երբ դրսից գալիս է տուրիստ և հրահանգավորման աշխատանքը տեսնելով և համեմատելով աշխարհում գործող ուսուցման ձևերի հետ, հասկանում է, որ Հայաստանի և արտերկրի  ուսուցման ձևերը, դրանք  տարբեր բաներ են։ Եվ վերջ ի վերջո դաշտը կանոնակարգելու խնդիր կա»,- ասում է Գագիկ Սարգսյանը։ 

Մյուս կողմից էլ սպորտային գոտիները  հարմարեցված և կահավորված չեն հաշմանդամություն ունեցող մարզիկների համար, ինչը ևս խնդիր է հատկապես  օտարերկրացի զբոսաշրջիկի կամ  մարզիկի համար՝ ասում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը․

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները խախտված են սպորտի մասով։ Այսինքն   հաշմանդամություն ունեցող  երեխաները , երիտասարդները սպորտով զբաղվելու  իրավունք ունեն, սակայն այս պահին երկիրը այս պահանջները բավարարել չի կարողանում։ Մեկ այլ հարց էլ կա , Հնարավորություն  և կարողություն ունենք միջազգային մեծ տուրնիր կազմակերպելու, բայց քանի որ Հայաստանի հյուրանոցային համակարգը ի զորու չէ մեծ քանակությամբ սայլակ օգտագործողներին ընդունել և ճանապարհել։ Բացի դրանից  մատչելի երթուղային տրանսպորտի դեֆիցիտ կա, դրա համար չեն կարողանում տարածվել և մեծ աղմուկ բարձրացնել»։  

Հաշվի առնելով ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրները և  ձմեռային սպորտաձևերի զարգացման մեծ հնարավորությունը՝ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան շտապում է  տեղեկացնել, որ շուտով Հայաստանի դահուկային սպորտի կենտրոնը կդառնա Աշոցքը, այնտեղ և կլիմայական պայմանները, և  ռելիեֆը նպաստավոր են ստորտաձևի զարգացման համար։

Բացի դրանից՝   կստեղծվի Հայաստանի դահուկային սպորտի  և տուրիզմի ակադեմիան, որը կպատրաստի դահուկային հրահանգիչներ: 

«Ակադեմիայի կենտրոնը լինելու է Աշոցքում։ Դա ենթադրում է ամեն տարի հրահանգիչների դասընթացներ և  դրա արդյունքում որակավորման աստիճանի շնորհում՝ մինչև միջազգային կարգի»։

Արագած սարը ևս հետաքրքրություն է առաջացրել, մասնագետների գնահտմամբ՝  Արագածն ունի միջազգային մրցումներ անցկացնելու համար պահանջվող բոլոր տվյալները։

«Հայաստանը հետաքրքրություն է շարժում ՝ գլոբալ տաքացման հետ կապված։ Գիտենք, որ եվրոպական շատ սարերում  ձյուն չի կուտակվում և  տուժում է  լեռնադահուկային սպորտի ոլորտը։ Հիմա մեծ հետաքրքրություն է առաջացրել Արագած սարը և լուրջ ներդրումներ են սպասվում։ Մասնագետների գնահատմամբ ՝ աշխարհի առաջնություններ անցկացնելու սար է և մեծ հույսեր ունենք , որ գարնանը լավ լուրեր կունենանք։  Արագածը բավականին բարձր է և առաջիկա 10-15 տարիներին հնարավոր է տարվա ընթացքում շուրջ վեց ամիս ապահովել լեռնադահուկային, դահուկային սպորտաձևերի համար  գոտի» ։ 

Արտերկրի մարզիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ գնալով մեծանում է, ինչի մասին վկայում է  մեր երկիր  այցելող ձմեռային սպորտի սիրահարների տարեցտարի մեծացող թիվը։ Ոլորտի մասնագետները հույս ունեն, որ  առաջիկայում  խնդիրները լուծելուց հետո Հայաստանը կդառնա ձմեռային  սպորտաձևերի անցկացման համար հարմարվետ և բարենպաստ  երկիր։

Ցուցադրել ավելի
Back to top button