ԿարևորՎերլուծական

Հայաստանի շրջափակումը ճեղքելու այլընտրանքը․ ինչպես դուրս գալ բաց ծով

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանություններն այս փուլում բանակցություններ են վարում Սեւ ծովով բեռների փոխադրման համար երկու լաստանավ ձեռք բերելու համար։ Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել Բաթումի նավահանգիստը։

Հայաստանը հնարավոր է ունենա այլընտրանք Վերին Լարսին: Վաղուց խոսվում է լաստանավ ունենալու հնարավորության մասին, որը ծովային ելք կլինի բեռների տեղափոխման համար։ Դեռ նոյեմբերի 13–ին խորհրդարանում տեղի ունեցած Աժ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ բանակցություններ են ընթանում, եւ Հայաստանը նախնական հետաքրքրվածություն է հայտնել, որ ուզում է ձեռք բերել երկու լաստանավ: «Հիմա նման հնարավորություն կա, քանի որ Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան»,- հայտարարել էր նախարարը։ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ամփոփելով հանձնաժողովի աշխատանքը, թեմային վերաբերյալ հավելում է, որ լաստանավերի ձեռք բերման շուրջ բանակցությունները դեռ կողմերի միջեւ շարունակվում են։

«Մենք եկել ենք մի համոզման, որ առանց լաստանավի ու առանց Բաթումում, կամ Փոթիում համապատասխան բեռնաթափման տարածքի, շատ բարդ է լինելու։ Սպասենք տեսնենք իրադարձությունները ինչպես են զարգանում։ Ես ավելի քան վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Հայաստանը, Ղազախստանի օրինակով, պետք է տերմինալ բացի այդ շրջաններում»։

Պատգամավորը բեռների փոխադրման այլընտրանքային ճանապարհը կարեւոր է համարում նաեւ Վերին Լարսի ճանապարահը վերակառուցելու ՌԴ ծրագրին ընդառաջ։ Ի դեպ,  «Ժամանակ» օրաթերթը տեղեկություն  է հրապարակել, որ Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել Բաթումի նավահանգիստը: Վաճառքի գինը 600 միլիոն դոլար է: Հայկական տարբեր շրջանակներ փորձում են դրամահավաք կազմակերպել` նավահանգիստը գնելու համար։ Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ նման հարց կարող  է լինել Վրաստանի իշխանությունների օրակարգում, քանի որ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք Բաթումի նավահանգստի վաճառքի հարցը բարձարացվել է, նրա ընդդիմախոսները մեղադրել են Սահակաշվիլիին։ Սակայն փորձագետը այլընտրանքային ճանապարհի լուծման հեռանակար համարում է ոչ թե սեփական նավահանգիստը, այլ` լաստանավը։ Մեկ այլ էներգետիկ փորձագետ` Արա Մարջանյանը, հերքում է նավահանգստի վաճառքի մասին լուրերը։

«Անցած 15 տարիների ընթացքում նման լուրեր պտտվում են, որ հայկական կողմը պատրասատվում է Բաթումում եւ Փոթիում տերմինալներ գնել։ Հիմքում ռեալ գործընթացներ չկան, եւ պետք է տուրք չտալ նման երկրորդական, երրորդական սադրանքներին։ Ինչ վերաբերվում է ընդհանրապես Վրաստանի ծովային ենթակառուցվածքում  ՀՀ–ի ներկայացվածությանը, ապա ՀՀ–ն կարող է ՄԱԿ–ի եւ միջազգային որոշ օրենքների շրջանակներում ազատ մուտք ունենալ հարեւան որեւէ երկրի, բարիդրացիական, իհարկե,  ծովային տարածք։ Այս հնարավորությունը անցած տարիներին չի օգտագործվել։  ՀՀ–ն պետք է ներկայացված լինի թե՛ վրացական Սեւծովյան, թե՛ Իրանի ծոցում։ Բանդերաբաս նավահանգիստը՝ Իրանում, Հայաստան եւ Սեւ ծովյան որեւիցե նավահանագիստ, ահա, այս առանցքը ՀՀ–ի համար կարող է դառնալ տարանցիկ լոգիստիկ առանցք, որը կջարդի ՀՀ–ի խեղդամահ անող տրանսպորտային շրջափակումը»։

Լաստանավը կարող է լինել իրական այլընտրանք բեռնափոխադրումների համար։ Ըստ փորձագետի` լաստանավի դեպքում փոխադրումները 25–30 տոկոսով ավելի էժան կլինեն, քան` բեռնատարներով, եւ ավելի մրցունակ կարող լինել՝ լաստանավային երկաթուղային փոխադրումները։

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Աջարիայում, իմ գործընկեր Գիտա Էլիբեկյանին ասել էր, որ նման տեղեկություն լսում է առաջին անգամ։

«Հայկական կողմից Բաթումի նավահանգիստ ձեռք բերելու վերաբերյալ լուր այս տարիների ընթացքում ես չեմ լսել, իսկ սեփական լաստանավ ունենալու հարցը տարբեր ժամանակներում, տարբեր միջոցներով բարձրացվել է, բայց դեռ լուծում չի գտնվել»։

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Գիա Ցիպուրիան նշում է, որ այսօր Բաթումի նավահանգիստը կառավարվում է ղազախական «Կազտրանս օյլ»  ընկերության կողմից, եւ տեղյակ չէ, արդո՞ք նավահանգիստը վաճառվում է, թե՞ ոչ, քանի որ պետք է մրցույթ հայտարարվի։

«Դա այդպես արագ տեղի չի ունենա։ Մի  քանի անգամ կառավարման հանձնելու փորձեր արվել են։  Բայց թե այսօր ինչ իրավիճակ է, կա՞ արդյոք վաճառելու ցանկություն, չեմ կարող ասել։ Կհայտարարեն մրցույթ, կտեղեկանանք, որ ընկերությունն էլ առաջարկի մրցունակ պայմաններ, նա էլ կշահի»։

Աջարիայի հայկական համայնքի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանը ոգեւորված է մամուլում տեղ գտած լուրից։ Կարծում է, որ եթե Հայաստանը անհատ գործարարների կողմից հնարավորություն ունենա ձեռք բերել Բաթումի նավահանգիստը, որը ռազմավարական նշանակություն ունի, ապա այն էլ ավելի կաշխուժացնի տարանցիկ բեռանափոխադրումները։

«Մենք միշտ շեշտադրել ենք, որ նավահանգստի հետ միասին նաև կարևոր է Լեռնային Աջարիայով՝ Խուլոյի ճանապարհով, Սամցխե-Ջավախեթիի ուղղությամբ դեպի Հայաստան տանող ճանապարհի վերանորոգումը: Տարիներ շարունակ այս հարցը բարձրացվել է, և նավահանգստի հետ կապված այս աշխուժությունը կզարգացնի նաև տարածաշրջանը՝ Ջավախքի, այնպես էլ մեզ Աջարիայի հայերի համար»։

Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը դեռ 2012 թվականին է ցանկացել գնել Բաթումի նավահանգիստը, սակայն գործարքը ինչ–ինչ պատճառներով չի կայացել։ «Ռադիոլուրը» ժամանակին տարածված այս լուրը փորձեց ճշտել գործարարին կից աղբյուրներից։ Խոստացան պատասխանել ավելի ուշ։

Եվ վերջում հավելեմ, որ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան այսօր հերքեց հայկական մամուլում շրջանառվող լուրը նշելով, որ Բաթումի նավահանգիստը 49 տարվա վարձակալության հիմունքներով տրվել է «Բաթումի նավթային տերմինալ» ընկերությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button