ԿարևորՀասարակություն

Համայնքների ձայնը կլսեն, բայց կառաջնորդվեն օրենքով

96 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն արտահերթ նիստում վերջին ընթերցմամբ ընդունել է «Տեղական հանրաքվեի» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ անելու նախագիծը։

Սրանով Հայաստանի տարբեր մեծ ու փոքր համայնքներին տրվելու է հանրաքվե նախաձեռնելու եւ անցկացնելու իրավունք։  Ուղիղ ժողովրդավարությանը նպաստող նախագիծը երկար քննարկումների թեմա է դարձել այն պատճառով, որ համայնքների միավորման ծրագրի շրջանակներում կարող է հակասական արդյունքի հանգեցնել։   

Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել «համայնքների խոշորացում» ծրագրից։ Դժգոհել են լրատվամիջոցներով, հնարավորության դեպքում դա անմիջապես փոխանցել որեւէ պաշտոնյայի, ցույցեր են կազմակերպել։

Այսօր արդեն Աժ–ը նրանց տալիս է նոր լծակ՝ հանրաքվե կազմակերպելու իրավունք։ Իհարկե, այդ հանրաքվեն կրելու է խորհրդատվական բնույթ։ Արդեն ընդունված փոփոխությունների համահեղինակներից է «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նա էլ բացատրում է՝ ինչ կլինի, եթե օրինակ համայնքներից մեկի բնակիչները հանրաքվեով դեմ արտահայտվեն իրենց համայնքի խոշորացմանը։

 «Այնպես չի, որ այդ ձայնը կգա եւ մենք չենք լսի։ Կանխավարկածն այն է, որ իրենք կասեն` ոչ, մենք կասենք` այո։ Չէ։ Իրենք կասեն` ոչ, մենք կլսենք եւ կփորձենք հասկանալ։ Երկու կարեւոր բան կլսենք։ Մեկը` քանակը կլսենք այդ հանրաքվեի միջոցով, բայց լսումների միջոցով կլսենք նաեւ որակը՝ ինչու ոչ կամ ինչու այո։ Եվ կկարողանանք ավելի լավ որոշում կայացնել»։

Այնպես չէ, սակայն, որ օրենքում արված փոփոխությունները կհեշտացնեն տեղական հանրաքվեների կազմակերպումը։ Հիմքում դրված են այնպիսի կարգավորումներ, որ բարդացնում են ամբողջ գործընթացը։ Օրինակ՝ հանրաքվեն կայացած համարելու համար պարտադիր է ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց առնվազն 50 տոկոսի մասնակցությունը։  Այս շեմը նաեւ կզսպի ամեն առիթով հանրաքվե կազմակերպելու ցանկությունը, ինչով նաեւ կխնայվեն ֆինանսական միջոցներ։ Առաջարկվող կարգավորումներին դեմ է «Լուսավոր Հայաստան»- ը։ Այդպես էլ քվեարկեցին։ Որոշակի մտահոգություններ արտահայտեցին «Բարգավաճ  Հայաստան»–ի պատգամավորները, բայց ընտրեցին «կողմ» կոճակը։

Արմեն Եղիազարյան (Լուսավոր Հայաստան Կուսակցություն). «Մենք գիտենք, որ գյուղական համայնքներում մեծամասամբ գտնվում են արտագնա աշխատանքի եւ մենք արհեստական խնդիր ենք ստեղծում նրանց համար։ Ստացվում է, որ մենք մի կողմից լսում ենք, բայց կարեւորություն չենք տալիս։ Հանրաքվեի արդյունքները պետք է լինեն պարտադիր»։

Սերգեյ Բագրատյան (Բարգավաճ Հայաստան Կուսակցություն) «Ենթադրենք, թե Շատին համայնքը մասնակցել է 50 %-ով եւ քվեարկել է միավորմանը դեմ։ մենք որպես պատգամավորներ լսում ենք եւ ասում ենք՝ անկախ ամեն ինչից այդ միավորումը պետք է տեղի ունենա։ Oրենքներ ենք ընդունում, որոնք ավելի սոցհարցման են նման։ Ինչո՞ւ ենք այդ մարդկանց տանջում, ինչո՞ւ են փող ծախսում, լավ։ Համայնքը փող է հավաքում, որ մի բան անի, որի նպատակը որեւէ մեկին պետք չի»։

Տարոն Սիմոնյան (Լուսավոր Հայաստան Կուսակցություն) . «Առերեւույթ նպատակը շատ լավն է, բայց այն միջոցները, որոնք ներդվում են արդյունքը լինելու է այն, որ հանրաքվեներից շատերը չեն էլ կայանալու։ Մենք արդյո՞ք այդքան շատ են վախենում մեր համայնքի բնակիչներից, որ նրանք բացասական որոշումներ են տալու եւ դրա համար բարդացնում ենք համակարգերը»։

Արտահերթ նիստով այդ հարցը քննարկման առարկա դարձնելու պատճառն այն է, որ կառավարությունն արդեն քննարկում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները։  Դրանք հետո ուղարկվելու են ԱԺ։ Իսկ խորհրդարանը կառավարությանը լսելուն զուգահեռ՝ որոշումներ կայացնելուց առաջ պետք է լսի նաեւ համայնքների կարծիքը։ Սա պահանջում է Սահմանադրության 190–րդ հոդվածը։ Կառավարությունը, ի դեմս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, դեմ չէ նման կարգավորումների։

«Սա լրացուցիչ հնարավորություն կլինի ավելի ամբողջական կարծիք ձեւավորելու համար»։

Խորհրդարանական մեծամասնության կարծիքով՝ տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել բացատրել համայնքերի խոշորացման իրական նպատակները։ Հակազդեցության հիմնական պատճառը տեսնում են այդտեղ։ Ըստ պատգամավոր  Վիկտոր Ենգիբարյանի՝ հանրաքվեները պետք է ոչ թե ընդունեն կամ բացառեն, այլ պատասխանեն հարցին, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ խոշորացումը։  

 «Իհարկե, մենք պատրաստ ենք լսել մեր հայրենակիցներին, բայց նաեւ ասում ենք, որ առանց խոշորացման զարգացում չի լինելու։ Առանց խոշորացման էլ այս համայնքային, կենցաղային՝ փողոցներ ե՛ւ այլն,  ե՛ւ այլն խնդիրները լուծվելու են։ Բայց այդ խնդիրները լուծելով մենք զարգացման չենք գալու։ Համայնքների բնակիչները պետք է լավ իմանան, որ մենք ուզում ենք այդ բուն գյուղական համայնքներից ստանանք ապագայի խոշոր համայնքներ, որպիսիք այսօր կան եվրոպական շատ պետություններում։ Այսինքն՝ մենք համայնքները չենք խոշորացնում 1–2 մանկապարտեզ վերանորոգելու կամ փողոց կառուցելու համար։ Հարցին նայենք շատ ավելի երկարաժամկետ ու այո, մենք պետք է գնանք այս ռեֆորմին։ Եվ մենք ապագայում ունենալու ենք շատ լավ, մեծ զարգացած քաղաքներ»։

Ներկայումս Հայաստանում առկա 502 համայնքից 52-ը խոշորացված համայնքներ են: Մինչ միավորումը ՀՀ-ում կար 915 համայնք, որոնց 48%-ն ուներ 1000-ից պակաս բնակչություն: Վերջին խոշորացումը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 9-ին ընդունված օրենքով, որով խոշորացվել է ևս 34 համայնք: Սակայն խոշորացման այս փուլը միանշանակ չընդունվեց։

Ցուցադրել ավելի
Back to top button