ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կնախընտրեն վերադառնալ ու ծառայե՞լ, թե՞ մնալ վտարանդի

Զինակոչիկների բուժզննումն իրականացնող հանձնաժողովն այս տարի  կգլխավորի առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ «Ռադիոլուրի  հյուրասրահում» ասել է ՊՆ  առընթեր  հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը՝ նկատելով, որ  նախկինում այդ հանձնաժողովը ղեկավարում էր զինկոմիսարիատի ներկայացուցիչը։

Հասարակական խորհրդի նախագահը խոսել է  դեկտեմբերի 16-ին մեկնարկած  ձմեռային զորակոչի ընթացքի մասին։

«Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը, ստացել ենք 30 դիմում։ 30-ից 29–ը վերաբերում էր առողջական խնդիրներին»,– ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ տարեցտարի ավելանում է սրտանոթային, հենաշարժողական խնդիրներ  ունեցող նորակոչիկների թիվը։

Գեղամ Հարությունյանը անդրադարձել է նաև կառավարության այն  որոշմանը, որը վերաբերվում է պարտադիր զինվորական ծառայության չանցած  27 տարին լրացած անձանց։ 

2019թ․դեկտեմբերի 31-ից այլևս չի գործի օրենսդրական այն կարգավորումը, ըստ որի՝ այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով քրեական հետապնդում է հարուցվել, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Հարությունյանը նշել է, որ  եթե անձն   արտերկրում է և չի կարող անձամբ գալ Հայաստան, ապա կարող է դիմում ներկայացնել այդ երկրում Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսարան, բայց՝ մինչև դեկտեմբերի 30–ը։

Ցուցադրել ավելի
Back to top button