ԿարևորՀասարակություն

Լավագույն ցուցանիշը Գեղարքունիքում. մարզում իրականացվել է շուրջ 10 միլիարդ 228 միլիոն դրամի կապիտալ շինարարություն

Դեկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Օրակարգային առաջին հարցի՝ 2019 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցել է Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 88,1 տոկոսով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելին է 8,4 տոկոսով:

Օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին և 2020 թվականին նախատեսվող նոր ծրագրերի իրականացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներին:

Զեկուցմամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետարասնի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: Նա նշել է, որ 2019 թվականին մարզում իրականացվում են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 103 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 36-ը վերաբերում են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը և մայթերի նորոգմանը, 17-ը՝ ոռոգման, 13-ը՝ խմելու ջրի մատակարարման , 13-ը՝ արտաքին լուսավորության ցանցերի կառուցմանը, 5-ը՝ մանկապարտեզների, 2-ը՝ մշակույթի տների, 2-ը՝ բազմաբնակարան շենքերի, 3-ը՝ հանդիսությունների սրահների հիմնանորոգմանը:

Ծրագրերից 2-ը չեն իրականացվել Ճամբարակ և Գավառ քաղաքներում, 6-ը՝ կատարվել են 70 – ից ավել տոկոսով և չեն ավարտվել, 6-ի ավարտը նախատեսված է 2020 թվականին, 4 ծրագիր իրականացվել է 15-30, 3 ծրագիր՝ 30-50 տոկոսով, որոնք որակի առումով խնդրահարույց են: Մարզում դեկտեմբերի 18-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել է 82 սուբվենցիոն ծրագիր:

Մարզի խորհրդի նիստի աշխատանքների ավարտին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով համատեղ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ: «Տարին հաջողված էր Գեղարքունիքի մարզի համար կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Գովելի աշխատանք կատարեցին մարզի ուժային կառույցները, իրավապահ համակարգը, համայնքապետարանները: Բավական է ասել, որ այս տարի մեր մարզում իրականացվել է շուրջ 10 միլիարդ 228 միլիոն դրամի կապիտալ շինարարություն, որը հանրապետությունում լավագույն ցուցանիշն է: Համոզված եմ, որ համակարգված աշխատանքի դեպքում եկող տարի մենք կգերազանցենք նաև այս ցուցանիշը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button