Երեխաների իրավունքների պաշտպանության նոր դրույթներ են սահմանվել


Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը «Երեխայի իրավունքի հիմնախնդիրը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում» խորագրով ասուլիսի ժամանակ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունը, որտեղ առաջին անգամ երեխաների իրավունքների պաշտպանության դրույթներ են սահմանվել։ Մոտ ապագայում այն կվավերցվի ՀՀ կառավարության կողմից:
Այս նախագծում հաշվի են առնվել ոլորտում գոյություն ունեցող խնդիրները, հիմնականում դիտարկվում է երեխաների պաշտպանությունը բռնությունից: Քրիստինե Գրիգորյանը նաև նշեց, որ նախարարությունը շահագրգռված է ոլորտի խնդիրների լուծման մեջ տարբեր պետական և քաղաքացիական հասարակության մարմինների ներգրավվածությամբ։
Ասուլիսի մյուս բանախոս փաստաբան Դավիթ Թումանյանի խոսքով՝ երեխաների նկատմամբ բռնությունը տարբերվում է մեծահասակների նկատմամբ բռնությունից, և այն չափորոշիչները, որոնք օգտագործվում են մեծահասակների նկատմամբ բռնությունը սահմանելիս` միանշանակ կիրառելի չեն երեխայի նկատմամբ, քանի որ վերջինս ունի որոշակի առանձնահատկություններ և անգամ մեծահասակի համար աննշան թվացող բռնությունը երեխայի համար կարող է թողնել անդառնալի հետևանքներ:


Այս առումով նաև բռնություն է համարվում երեխայի առևանգումը: Գոյություն ունի միջպետական և ներպետական առևանգում և երեխային պաշտպանելու համար պետության կողմից պետք է լինի համակարգային համագործակցություն, կարևոր է նաև հասարակության մասնակցությունն այս պարագայում, որը հաճախ լատենտային բնույթ է կրում:
2007 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել «Երեխայի Միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիան:
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանի պարզաբանմամբ` առևանգում տերմինը ունի երկու իմաստ` առաջինը վերաբերելի է միայն երեխայի ծնողների խնամակալության իրավունքի սահմանափակմանը կամ ոտնահարմանը, երբ մի ծնողը առանց մյուսի տեղեկացման տեղափոխում է երեխային Հայաստանի Հանրապետությունից` կամ հակառակը, իսկ երկրորդը, երբ երեխան անօրինական կերպով պահվում է օտար երկրում: Մխիթարյանը նաև հավելեց, որ 2018 թ. երեխաների միջազգային առևանգման վարույթները, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների, քննարկվում են բացառապես դատարանի կողմից: