ԿարևորՀասարակություն

Երազեք, որ դռները բացվեն

«Զանգակ» գրատնից ասում են, որ հայ փոքրիկներին ձյան փաթիլները նոր հեքիաթ են բերել։ Չնայած դրսում դեռ ձյուն չկա, բայց Ամանորի հրաշքը սպիտակ փաթիլներին չի սպասում. գալիս է։

Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը, «Կախարդական կոճակներ» նկարազարդ հեքիաթն է ներկայացրել։ Փոքրիկներին ու իրենց ծնողներին միայն մնում էր նախապես ապահովել իրենց աթոռն ու երազանքներն իրականացնող կախարդական կոճակը։

Ու քանի  «Զանգակ» գրատանը հրաշքները շարունակվում են, փորձեցինք պարզել՝ մանկական գրքեր հրատարակվո՞ւմ են։ Եվ եթե այո, դրանք կարդո՞ւմ են։

Տարիքը հոգով մանուկ լինելու համար խոչընդոտ չի կարող լինել, իսկ եթե քո միջի մանուկն այլեւս չկա, մանկական գիրք հաստատ չես գրի․

«Մենք այսօր խեղդված ենք օրվա հացի խնդիր լուծելու հարցով, եւ սա մեզ չի թողնում, որ մենք երազենք։ Այսօր երազողները քիչ են, եւ հենց այդ պատճառով մանկագրությունը վատ վիճակում է»,– ասում է «Արեւիկ» հրատարակչության խմբագիր Սաբեթ Հովհաննիսյանը։

Նյութն էլ սկսում եմ տխուր իրավիճակի նկարագրությամբ, որ ավարտին թողնեմ դրական ակորդը։

Մանկագրության խնդիրը բաց է ու մեծ, մանկագիրների պակասը՝ շատ։ Սաբեթն ասում է՝ անցնող տարին իրենց համար ուսումնասիրություն իրականացնելու տարի էր։ Վերջին երեք տարվա համեմատ մանկական գրքերի հանդեպ հետաքրքրությունն անկում է ապրել՝ պայմանավորված մարդկանց տնտեսական եւ սոցիալական իրավիճակով։

«Մարդիկ այսօր գրքին մի փոքր ավելի քիչ ուշադրություն են դարձնում։ Թվեր նշել չեմ կարող, բայց մոտավորապես մանկական գրքերի վաճառքի 30%–ի անկում է նկատվել շուկայում»,– բացատրում է Սաբեթը։

Սակայն շուկայի հետաքրքությամբ չէ միայն պայմանավորված մանկական այն գրքերի ցանկը, որոնք հրատարակվում են։ Ասում է՝ երբեմն հրատարակում են որակով գրքեր, որոնք գիտեն, որ լավ չեն վաճառվելու։

Իսկ հրատարակչություններից դուրս՝ մանկական գրքերի ու գնորդի հանդիպման վերջնական վայրում իրավիճակն ավելի հուսադրող է, ասում է «Բուկինիստ»  գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Վաճավող գրքերի մեծ մասը արտասահմանյան գրողների թարգմանված գրքերն են, բայց մանկական գրականության հանդեպ ուշադրությունը դա չի նվազեցնում։

«Բուկինիստն այսօր տպաքանակների 50%-ից ավելին վաճառում է իր գրախանութներում, բայց ներքին հարցերով պայմանավորված, այս տարի մանկական գրքերի վաճառքի քանակը զիջել է նախորդ տարվա ցուցանիշներին»,- ասում է Խաչիկ Վարդանյանը։

Չնայած մանկական գրքերի վաճառքի ու տպագրության ցուցանիշների թվերն այս տարի նվազել են, բայց պահանջարկը կա ու կլինի, ասում են։

Պահանջարկից բացի, Խնկո–Ապոր գրադարանը, «Արեւիկ» հրատարակչությունն ու «Արտբրիջ» գրախանութը  մանկագիրների եւ նկարազորդողների մրցույթ էր հայտարարել, նպատակով, որ կհայտնաբերեն հայ մանկագիրների նոր անուններ։

«Շատ գեղեցիկ պատմություն ես ունեմ հիմա սեղանիս դրված, որ գրել է մի կին, ով ունի 5 երեխա։ Մանկագիր չէ, բայց պատմվածքը չտեսնված լավն է ու այն լավ նկարազարդման արդյունքում մեծ սպառում է ունենալու»,- ասում է Սաբեթը։

Վերջում վերադառնալով սկզբին՝ ոլորտի մասնագետները հավատացած են, բոլոր խնդիրներով հանդերձ մանկական գունազարդ աշխարհն էլ ավելի վառ կդառնա, եթե մենք՝ մեծերս, չկորցնենք երազելու կարեւոր կարողությունը։

Միայն այդ պայմանով մանուկները կբացեն իրենց աշխարհի կախարդական դռները։

Ցուցադրել ավելի
Back to top button