ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթի ենթարկեց Թրամփին

Ավելի քան ութ ժամ քննարկումից հետո Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթի ենթարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Շարունակությունը Կոնգրեսի վերին պալատում է՝ Սենատում. Սահմանադրությունը Ներկայացիցիչների պալատին տալիս է «իմփիչմենթի լիակատար իրավունք», ինչպես նաեւ մեղադրանքներ ներկայացնելու իրավունք։ Սակայն Սենատն անցկացնում է դատավարություն եւ ունի նախագահին հանցագործությունների համար դատապարտելու լիազորություն։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ 45 նախագահներից երրորդն է, որը ենթարկվեց իմփիչմենթի Կոնգրեսի ստորին պալատում:

Ինչպես «Ամերիկայի Ձայնն» է նշում, իմփիչմենթի հայտ է ԱՄՆ-ի պատմության ընթացքում ներկայացվել նախագահներից 4-ի դեմ:

Էնդրյու Ջոնսոնին իմփիչմենթի ենթարկելու պատճառը, Կոնգրեսին հակառակվելով, ռազմական նախարարին աշխատանքից ազատելն էր։ Դատապարտումից նա ազատվեց մեկ ձայնի շնորհիվ։

Ռիչարդ Նիքսոնը հրաժարական ներկայացրեց, նախքան Ներկայացուցիչների պալատը կքվեարկեր իմփիչմենթի հոդվածները, որոնցով նա մեղադրվում էր հակադիր քաղաքական կուսակցության գլխավոր շտաբում կատարված կողոպուտի հետաքննությունը խոչընդոտելու համար։

Բիլ Քլինթոնի դեմ իմփիչմենթ ներկայացվեց, երբ նա ստեց՝ հերքելով Սպիտակ տանը փորձաշրջան անցնող աղջկա հետ սեռական կապը։ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց իմփիչմենթին, սակայն 1999թ․ Սենատը արդարացրեց նրան։

Դոնալդ Թրամփի իմփիչմենթը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ստիպել է Ուկրաինայի կառավարությանը հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ենթարկվելուց հետո, Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, նախագահին չի դատապարտի ու նա կշարունակի իր աշխատանքները երկրի նախագահի պաշտոնում։

Ցուցադրել ավելի
Back to top button