ԿարևորՀասարակություն

Պետբյուջեից ՏՏ ոլորտին ուղղված ծախսերը 25 անգամ ավելի շատ հետ կգան Հայաստան. Հակոբ Արշակյան

2020 թ․-ին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը կրկնապատկվելու է։ Այս մասին  հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով անցնող տարին։

Ոլորտի մասնագետները գնահատում են, որ պետությունն այսօր ունի ռազմավարություն եւ քայլեր են ձեռնարկում դրան համահունչ իրենց անելիքները հստակեցնելու համար։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ հիմա վերափոխում են իրենց ռազմավարությունը, պետք է հասկանան, թե որն է այն նշաձողը, որին հարկավոր է հասնել 5 տարի անց։        

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց 2019 թ. ընթացքում նախարարության կատարած աշխատանքները, ձեռքբերած արդյունքները։ Տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության ոլորտում աճի տեմպերը, նախարարի ձեւակերպմամբ, բավականին լուրջ են. 17-ի համեմատ 18-ին աճը կազմել է 33 տոկոս։

15-18 թվականներին այս ցուցանիշի միջինը 28 տոկոս է եղել՝ ասաց։ Անդրադառնալով նաեւ ոլորտում կազմակերպված միջոցառումներին, այդ թվում՝ համաշխարային համաժողովին, Հակոբ Արշակյանն ասաց, որ դրանք դրական ազդեցություն են ունեցել եւ պտուղներն էլ դեռ քաղելու ենք առաջիկա տարիներին։  

«Ուզում եմ արձանագրենք, որ պետական բյուջեից մեր ծախսած գումարներն առնվազն 25 անգամ ավելի շատ ետ կգան Հայաստան»։

Նախարար Հակոբ Արշակյանը նաև ընդգծեց, որ 2020 թ․ ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը կրկնապատկվելու է։ Տեղեկացրեց, որ մինչ այդ էլ հավելյալ գումարներ էր հատկացվել ռազմարդյունաբերությանը. 

«Տնտեսումների հաշվին վերաբաշխումից շուրջ 1 մլրդ դրամ, ավելի հստակ՝ 984 մլն դրամ հատկացվել է հավելյալ ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ եւ նոր պրոյեկտներ սկսելու համար։ Դա շուրջ 2 ամիս առաջ է եղել եւ այդ երկու ամսվա ընթացքում մենք արդեն ռեալիզացրել ենք այդ գումարը։ Հիմա մնացած պայմանագրերն են կնքվում»։     

Նախարարը կարեւորեց այս ոլորտում արտադրող-սպառող տարանջատումը, ինչը, նրա համոզմամբ, դրական փոփոխություն է եւ հետագայում ավելի լուրջ զարգացումների կբերի։ Այս փոփոխությունը կատարելու համար երկար տարիներ պայքարում էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ դա մաս դարձնելով իր մշակած ռազմավարությանը, որն արդեն իրականացվել է։ Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասում է, որ իրենք իրենց ռազմավարությունն էլ արդեն համապատասխանեցնում են երկրում ընթացող պրոցեսներին։ Նա նաեւ պարզաբանեց ասվածը.

«Ի՞նչ ի նկատի ունեմ՝ առաջ միությունը ռազմավարություն էր գրում եւ այդ ռազմավարությամբ «ճնշում» էր պետությանը, որ ընդունի այդ ռազմավարությունը։ Այսինքն՝ մենք ստիպված էինք լինում ռազմավարությունը գրել ոչ թե միության համար, այլ ամբողջ երկրի տեխնոլոգիական զարգացման համար եւ այդ ռազմավարությունը առաջ տանել՝ ստիպելով, որ երկիրը նման ռազմավարություն ընդունի»։

Էական բաներ են փոխվել, մեր նախորդ ռազմավարությունն էլ  մեծ մասամբ իրականացվել է եւ առաջացել է նոր ռազմավարությամբ նոր խնդիրներ առաջադրելու անհրաժեշտություն, ինչը եւ իրենք անում են՝ ասաց Կարեն Վարդանյանը։ ՀԱՀ-ի  ինժեներական գիտությունների ծրագրի ղեկավար Սաթենիկ Մնացականյանի փոխանցմամբ՝ այսօրվա հիմնական խնդիրները երեքն են, որոնք էլ ներառելու են ռազմավարության մեջ եւ փորձելու են լուծել.

«Մենք չունենք պետական ստանդարտներ եւ, կարծես, որեւէ մեկը լուրջ չի զբաղվում պետական ստանդարտներ ընդունելով։ Հետեւաբար, մենք ստիպված ենք լինում ընդունել այլ երկրների կամ այլ միությունների կողմից թելադրած ստանդարտները, որոնք շատ հաճախ դեմ են լինում մեր պետական շահին։ Երկրորդ խնդիրը՝ տնտեսական է։ Շատ հաճախ էլեկտրոնային հարթակները ստեղծվում են ԵՄ-ի, ՀԲ-ի գումարներով, իսկ գումարը շատ հաճախ տրվում է վարկի տեսքով, թելադրվում են պայմաններ, մեծ տոկոս գնում է արտերկրի էքսպերտներին վճարելով. ՏՏ-ի հետ կապված հիմնական գործը կատարվում է Հայաստանում՝ մոտավորապես այդ գումարի 10 տոկոսը օգտագործելով, իսկ վարկը մնում է մեր երեխաների մարման համար»։

Ամենակարեւոր խնդիրներից մեկն էլ, որ այս համատեքստում պետք է լուծվի՝ տեղեկատվական անվտանգության խնդիրն է՝ ասաց Սաթենիկ Մնացականյանը։ Նրա փոխանցմամբ՝ այստեղ կա դրական տեղաշարժ. ԱԱԾ-ի հետ ստորագրվել է համապատասխան հուշագիր, որով հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային կառավարման հարթակները սեփական ուժերով վերահսկել։

Գնումների համակարգում էլ բացեր կան՝ տեղական արտադրողի շահերը պաշտպանելու առումով։ Քայլեր այս ուղղությամբ եւս ձեռնարկվելու են։      

Back to top button