ԿարևորՀասարակություն

«Ներուժ»-ը հայրենիքում ապրելու և ստեղծագործելու հնարավորություն է

Դիլիջանի միջազգային դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը: 
 
Ծրագրի բացմանը աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկակացուցիչներին ողջունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։Նախարարը նշել է, որ  այս ծրագրով հնարավորություն ենք տվել այն մարդկանց, որոնք մտքում ունեին ցանկություն Հայաստան գալու, ֆինանսավորել իրենց՝ Հայաստանում սթարթափ հիմնադրելու։
 
«Սա հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ունեն նորարարական միտք, ովքեր ցանկանում են որևէ կերպ կապվել իրենց հայրենիքին, նոր հնարավորություն են փնտրում։ Կարծում եմ, որ սա ուղղակի հրաշալի առիթ է, իսկ ինչու՞ չօգտագործել այդ առիթը։ Եվ այստեղ գտնվող մեր հայրենակիցները, ովքեր իրենց համարձակությունը դրսևորել են և որոշել են գալ Հայաստան և դիմել այս ծրագրին, և նրանցից այն հաղթողները, ովքեր հնարավորություն կունենան ապրել և ստեղծագործել Հայաստանում, հրաշալի առիթներ են ունենալու այստեղ զարգանալու, հզորանալու և սփյուռքի մեր հայրենակիցներին նորից քաջալերելու, որ գան Հայաստան»,- իր խոսքում նշել է նախարարը։ 

Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ Սիլիկոնյան հովտում ուսանելու համար։ Նախարարն ընդգծել է, որ կրթական բացառիկ ծրագիրը նախատեսված է Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից և հոգալու է ընտրված այն ձեռներեցների բոլոր ծախսերը, ովքեր կդիմեն ծրագրին՝ 7 շաբաթ շարունակ Սիլիկոնյան հովտի ամենանշանավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում, ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու համար։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է ծրագրի երկու հիմնական նպատակները՝ երկրի զարգացումը տեխնոլոգիաների և սթարթափերի միջոցով և հայրենադարձության խթանումը։

Նա նշել է, որ առանց տնտեսական կայուն զարգացման՝ չի կարող լինել մեծ հայրենադարձություն։ «Այսօր այս ծրագրի միջոցով մենք ականատես ենք հայրենադարձության մի հետաքրքիր տարբերակի։ Փաստորեն, մարդիկ, ովքեր կարող են իրենց սթարթափ գաղափարներն իրագործել աշխարհի ցանկացած անկյունում, նախընտրել են դա անել այսօր Հայաստանում։ Սա արդեն մեծ հաղթանակ է մեզ համար»,-ասել է Գլխավոր հանձնակատարը։
Մասնակիցներին ողջունել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է լինի կյանքի համար լավագույն  վայրը և Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենաառաջավոր երկրներից մեկը։ 

«Հաջողության հասնելու համար չենք կարող չօգտագործել յուրաքանչյուր գյուղի  բնակչի հնարավոր ներուժը։ Մեր երեխաների համար պետք է պարարտ պայմաններ ստեղծենք չուրաքանչյուր գյուղում իր տաղանդը դրսևորելու համար»,- ընդգծել է մարզպետը։ 

«Ներուժ» ծրագիրը կտևի չորս օր, որի ընթացքում արտերկրից ժամանած սթարթափերները հնարավորություն կունենան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից և վերջում ներկայացնել իրենց սթարթափը միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով: 

Մրցանակային ֆոնդը կազմում է 80 միլիոն դրամ, որից սթարթափներին կտրամադրվեն  15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Այս ամենից բացի՝ ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:  

Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ  հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):

Անցյալ տարի նույն ծրագրով հաղթող և պետական դրամաշնորհին արժանացած երեք սթարթափները՝  «Brushette», «Grüv» և «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում և ստեղծել են 14 նոր աշխատատեղ:

Back to top button