ԿարևորՀասարակություն

Ներառական կրթության առավելություններն ու հնարավոր ռիսկերը՝ Գեղարքունիքի մարզում

ՀՀ Կառավարության ծրագրով  նախատեսված է  մինչև 2023 թ-ը անցնել համընդհանուր ներառական հանրակրթության՝ հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։

Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցները ներառական կրթության պետք է անցնեն 2020թ.-ին: Որքանո՞վ են պատրաստ մարզի դպրոցները ներառական կրթությանը։

Գեղարքունիքի մարզում գործում է մեկ հատուկ դպրոց, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 33 երեխաներ: Մարզային ենթակայության 118 հանրակրթական դպրոցներից ներառական կրթություն այժմ իրականացվում է 6-ում, որոնցում ներառված են 118 աշակերտներ: Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցները ներառական կրթության պետք է անցնեն 2020թ.-ին: Առաջիկա անելիքներից խոսեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:

«Բավականին աշխատանքներ ունենք կատարելու, որպեսզի հավաքագրենք ընդհանուր թվային տեսքով՝ ինչքա՞ն աշակերտներ ունենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, համայնքներում կարողանո՞ւմ ենք ապահովել հատուկ մանկավարժների, այդ թվում սոդոմանկավարժների, լոգոպեդների, օլիգոֆրոմանկավարժների, սոդոմանկավարժների»,– նշեց Զազյանը:

Գավառի համար 1 հիմնական դպրոցը առաջիններից էր, որ 2008-ին կրթօջախի հարկի տակ առավ նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների: 

Ներառական կրթության համակարգին անցնելուց առաջ դպրոցի բոլոր ուսուցիչները, այդ թվում բազմամասնագիտական թիմի 4 անդամները, անցել են վերապատրաստում: Այժմ այս դպրոցում ներառված երեխաները 28-ն են: Նրանց թվում, բացի  Գավառից  կան երեխաներ նաև այլ համայնքներից։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքն իրականացվում է թե անհատական, և թե խմբային եղանակով: 11 տարիների հեռվից հետադարձ հայացք ձգելով, դպրոցի տնօրեն Գայանե Ղարիբյանը նշում է, որ հաղթահարել են մի շարք դժվարություններ:

«Մեզ թվում էր, որ մենք պատրաստ ենք կրթությունն իրականացնելու համար, բայց երբ սկսեցինք աշխատել, տեսանք, որ մենք ունենք տեսական գիտելիքներ, բայց գործնականը չէր բավարարում կրթությունն իրականացնելու համար: Առաջին հերթին ուսուցիչը ինքը պետք է հասկանա՝ ի՞նչ է ներառական կրությունը, ինքը իրեն հաշիվ տա՝ արդյո՞ք ինքը պատրաստ է այդ աշխատանքը կատարելու համար, շատ պետք է կարդալ, ուսումնասիրել առաջավոր փորձը և փորձել ներդնել, քայլ առ քայլ գնալ առաջ»,–նշեց Ղարիբյանը:

Նոր ուսումնական տարվանից դպրոցում կավելանան նաև ուսուցչի օգնականի հաստիքներ: Պետությունը հոգում է բազմամասնագիտական թիմի ֆինանսավորումը, երեխաների երթևեկության հարցը և սննդի ապահովումը:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը 2018 թ.-ին իրականացրած մշտադիտարկման ընթացքում պարզել է, որ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 12 ներառական դպրոցներում առկա վիճակը շատ հեռու է ներառական կրթության համար անհրաժեշտ պայմաններից։  Միակ բանը, որը գրեթե բոլոր դպրոցներում կա մուտքի թեքահարթակն է։

Մյուս ենթակառուցվածքները չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին։ Մարզադալիճների, հանդիսությունների դահլիճների, զուգարանների հասանելիության հարցը մնում է անլուծելի։ Թվարկածն ունենալու վերաբերյալ իր տեսակետը հայտնեց  դպրոցի տնօրենը:

«Մեր շենքը կառուցված է 1979թ.-ին, տիպային շենք է և ներկառույցներ, ենթակառույցներ իրականացնելու համար այստեղ բավականին ներդրումներ են պետք: Միշտ մտածում ենք՝ իրականացնե՞նք այդ ենթակառուցվածները, թե՝ շենք ամբողջությամբ հիմնանորոգվի և ավելի ժամանակակից պայմաններ ստեղծենք»,-ասաց տնօրենը:

Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանը կարծում է, որ ներառական համընդհանուր կրթության անցնելուց առաջ, մարզի հանրակրթական դպրոցներում նախ պետք է ստեղծվեին անհրաժեշտ պայմաններ:  


«Ես ուրախ կլինեմ, որ նմանատիպ երեխաները իրոք տեղափոխվեն այլ հաստատություն, բայց եթե երեխային տեղափոխում են այլ պայման, գոնե այդ պայմանն ավելի լավը լինի, կարողանա մատուցել այն, ինչ մենք չունենք: Ցավոք սրտի, երեխան կհանդիպի այնպիսի պայմանների, որ ընդհակառակը, մեզ մոտ ավելի շատ ենք այդ երեխային ամեն ինչի հասցնում, քան ներառական դպրոցում՝ սկսած փոքր, հասարակ պայմաններից՝ սանհանգույցից, ուտելուց, քնելուց, ոչ միայն կրթություն, միայն կրթությունը չէ որ պետք է ապահովես երեխային, այլ այն, ինչ խումբը աշխատում է»:

Գավառի թիվ 1 հատուկ դպրոցը գործում է 1976 թ.-ից, նախ որպես գիշերօթիկ, իսկ 2003թ.-ից՝ հատուկ դպրոցի կարգավիճակով: Պետության, միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների, բարերարների միջոցներով տարիների ընթացքում կառուցվել է  վերելակ, ավելացվել են արհեստագործական խմբակները, վերականգնողական ծառայությունները, իսկ աշխատակիցների  համար կազմակերպվել են բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ:


Աշխատակիցները  հատուկ դպրոցի փակման մասին ոչ մի հստակ տեղեկություն չունեն, փոխարենը լսել են, որ կառավարության որոշմամբ դպրոցը վերածվելու է մանկավարժահոգեբանական տարածքային կենտրոնի: Հատուկ դպրոցում մտահոգված են իրենց սաների ճակատագրով: Խոսում է հատուկ դպրոցի սոցիալական մանկավարժ Լուսինե Նաջարյանը:

«Փաստորեն երբ երեխան  մատնվում է անուշադրության, նա արդեն նորից վերադառնում է այն կետը, որտեղից, որ նրան բերել ենք և, արդեն մեր չարչարանքը այսպես ասած իզուր է անցնում, ոնց որ ջուրն ընկնի»:

Գավառի հատուկ դպրոցում կան երեխաներ, ովքեր ամեն օր երթևեկում են, և կան երեխաներ,  որ երկար  ժամանակով ապրում են դպրոցում, կրթությանը զուգահեռ, ստանում վերականգնողական բուժում ու դեղորայք: Իսկ դասերից հետո ու՞ր գնա այն երեխան, ով անգամ կացարան չունի. այո՛ հատուկ դպրոցում այսպիսի երեխաներ էլ կան:

«Ես չունեմ ներկա պահին կացարան, իմ երեխան անօթևան վիճակում է: Հատուկ դպրոցի փակման հետ միաժամանակ ես կրկնակի խնդրի առաջ եմ կանգնելու. ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով ես կարող եմ երեխայիս ապահովել կացարանով, որպեսզի նա և կրթվի, և դաստիարակվի,  և մեծանա, փողոց չգնա, հակառակ դեպքում, տարիներ հետո ես երեխայիս հանցանքների, զանցանքների կիզակետում չգտնեմ»,- մտահոգությունները հայտնեց Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի ծնող Իվետա Կարապետյանը:

Մեկ այլ ծնող Լալա Եփրեմյանն էլ նշեց, որ հատուկ դպրոցում կան նաև շատ ծանր խնդիրներով երեխաներ, որ անգամ դժվարանում են ինքնուրույն սնվել, տեղաշարժվել. արդյո՞ք հանրակրթական դպրոցներում նրանք կինտեգրվեն: Իսկ սեփական փորձն իրեն հուշում է, որ իր երեխան այստեղից բացի, ուրիշ դպրոց չի գնա:

«Քանի որ ես իմանում եմ, եթե այստեղից իմ երեխային դուրս հանեմ, նա չի համակերպվի ոչ մի տեղի հետ, ես այդ փորձի միջով անցել եմ: Հանրակրթական դպրոցներում երեխաներին երեսով են տալիս, ասում են դուք այսպիսի դպրոցից եք եկել, դուք ներառականի երեխա եք»,- նշեց Լալա Եփրեմյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button