ԿարևորՀասարակություն

Մանկատնից դուրս տուն կա. չկորցնելով ամենակարեւորը

Մանկատան շրջանավարտներից 19-ն այսօր իրենց ձեռքին սեփական բնակարանի գնման վկայագիր ունեն։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական ծրագրերից տնտեսած գումարների շնորհիվ կարողացել է 1.9 մլդ դրամ հատկացնել 300 շրջանավարտների բնակարանային պայմանները բարելավելու համար։ Ծրագիրը կտեւի մինչեւ  2020-ի դեկտեմբերը, յուրաքանչյուր շրջանավարտ կստանա  6.3 մլն դրամ բնակարանի գնման վկայագիր։

Ամենակարեւորը հավատն է պետության հանդեպ, որ վերականգնվել է. հենց այսպես է նկարագրում իր զգացողությունները Վալենտին Եպիֆանովը։ Նա 15 տարի պայքարել է բնակարան ստանալու իր իրավունքի համար։ 2004 թվականից սկսած կնոջ հետ ձեռք ձեռքի գնացել են միայն առաջ, պայքարել, որ օրենքը գործի։

Այսքան տարի անց պայքարն արդյունք է տվել․այսօր Վալենտինի ձեռքին իր բնակարանի գնման վկայագիրն է։ Եպիֆանովների ընտանիքն այս պահին աչքի տակ նախընտրելի բնակարան չունի։ Բայց… դեռ չունի, ասում  են. «Դա ժամանակի խնդիր է, միանգամից չենք որոշելու, թե որտեղ, ինչ ու ինչպես ենք անելու։ Երեւանում այդ գումարով բնակարան գնել չենք կարող, բայց բնակարանի գնից կախված ապագան ցույց կտա, թե որտեղ տան տեր կդառնանք»,- հուզված ասում է Վալենտինը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում մանկատան շրջանավարտների առաջին խմբին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման արարողությունն էր: Այս տարի սոցիալական ծրագրերից տնտեսած գումարների շնորհիվ նախարարությունը կարողացավ առաջարկ անել կառավարությանը՝ տարբեր տարիներին մանկատան շրջանավարտների բնակարանային պայմանները բարելավելու համար։

Առաջարկն ընդունվեց, արդյունքը` մանկատան շրջանավարտների առաջին խմբի 19 անդամների երջանիկ աչքերն են՝ ձեռքներին իրենց սեփական բնակարանների գնման վկայականները։

Նախարարն ասում է՝ պետության հնարավորությունները քիչ են, յուրաքանչյուրը 6.3 մլն դրամ կստանա, բայց փոխարենը` պետությունը նմանատիպ ծրագրերով հույս ու վստահություն կարող է տալ՝ անսահմանափակ քանակությամբ։

«Կցանկանամ, որ այդ պատմություններով կիսվեք, պատմեք, որովհետեւ Հայաստանին հաջողված պատմություններ են պետք, մարդիկ պիտի հավատան, որ իրենք անկախ ամեն ինչից կարող են ունենալ հնարավորություններ ու հաջողություններ»,- ասում է Զարուհի Բաթոյանը։

Հաջողակ պատմությունների հերոսներից մեկն էլ ես եմ, ասում է Վալենտինն ու ժպտում լիաթոք. կյանքը մանկատնից հետո նրա համար իր ընտանիքն է՝ երեք չափահաս տղաները, որ հասցրել են իրենց պարտքը տալ հայրենիքին` ծառայել են բանակում ու վերադարձել։

Կատակով ասում է՝ ճիշտ է արդեն պապիկ դառնալու տարիքին է մոտեցել, բայց կյանքի լավ օրինակ ունի՝ երբեք, երբեք, երբեք չկորցնել ամենակարեւորը՝ հավատը։

Ցուցադրել ավելի
Back to top button