ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կառավարությունը փախստականներին առաջարկում է, չի պարտադրում․ Միգրացիոն ծառայության պետ

Երևանի հինգ վարչական շրջաններում՝ Նոր Մարաշ, Մալաթիա–Սեբաստիա, Ավան, Աջափնյակ և Քանաքեռ– Զեյթուն, Միգրացիոն ծառայությունը վերահաշվառել է Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում դեռևս փաստացի բնակվող 112 փախստական ընտանիք։

Կառավարությունը 1․5 մլրդ դրամ է հատկացրել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։ Աննախադեպ համարվող այս որոշումից, սակայն, դժգոհություններ կան։ Շահառուները մտավախություն ունեն , որ կառավարության առաջարկած գումարով հնարավոր չէ Երևանում բնակարան ձեռք բերել։

Միգրացիոն ծառայության պետը համաձայն չէ։ «Բնակարանի գնման վկայականով հնարավոր է բնակարան ձեռք բերել Հայաստանի ցանկացած վայրում»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Արմեն Ղազարյանը, նաև նկատել, որ կառավարությունն առաջարկում է, բայց չի պարտադրում։

Շահառուները բնակարանի ձեռք բերման վկայականները կարող են իրացնել մեկ տարվա ընթացքում, բնակարան ձեռք բերելուց հետո երկու տարի չեն կարող վաճառել այն, գրավադրել կամ վարձակալության տալ։ Շահառուների համար պարտադիր պայման է նաև Հայաստանի քաղաքացիությունը, ուստի Միգրացիոն ծառայության պետը դեռևս քաղաքացիություն չունեցող փախստականներին հորդորում է անհապաղ դիմել ու քաղաքացիություն ստանալ։

Արմեն Ղազարյանը խոսել է նաև եվրոպական երկրներում բնակվող անօրինական հայ միգրանտների, միգրացիոն հոսքերի և ՌԴ «սև ցուցակում» հայտնված քաղաքացիների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button