ԿարևորՀասարակություն

Կապանը՝ 2019-ի լավագույն մշակութային համայնք

Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխության ընթացքում «Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կապան համայնքը։ Մարզկենտրոնում կազմակերպված միջոցառումները տարաբնույթ էին, որոնց վրա հատկացվել է 52 միլիոն դրամ։

Սյունիքի մարզկենտրոն Կապանը` 2019-ի լավագույն մշակութային համայնք․ Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախապատվությունը տվել է հենց Կապանին։ Այստեղ մեկ տարվա ընթացքում  կազմակերպվել են զանազան միջոցառումներ, ինչպիսիք են կորկոտի փառատոն՝ ծախսվել է 1 միլիոն 600 հազար դրամ, «Ուսանողական ամառ Կապան 2019»,  երիտասարդական փառատոն՝ 10 միլիոն դրամ, Կապան քաղաքի օր՝ 15 միլիոն դրամ, Եվրոպայի օր, «Իմ սրտում Ազնավուր» բարեգործական համերգ և այլ տարաբնույթ միջոցառումներ։ Կապանի համայնքապետի տեղակալ Դավիթ Հայրապետյանը  նշում է․

«Կապանը, որպես մշակութային լավագույն համայնք, մեզ համար վերջնական նպատակ չէ, այլ՝ միջանկյալ։ Նպատակն է, երբևիցե, կլինի 5, 10 տարի հետո, Կապանն իրապես դառնա խոշոր մշակութային կենտրոն, քանզի ունի այդպիսի ներուժ։ Կապանն այսուհետ ասոցացվի ոչ թե որպես արդյունաբերական կենտրոն, այլ  Կապան ասելով հասկանան հզոր մշակութային կենտրոն»։

Դավիթ Հայրապետյանը հավելում է՝ հատկանշական է, որ մշակութային կյանքը ակտիվ էր ոչ միայն Կապան քաղաքում, այլև բնակավայրերում․ «Տևական դադարից հետո երաժշտական  ու արվեստի դպրոցների սաները իրենց ելույթներով հանդես եկան գյուղական բնակավայրերում։ Մշակութային ստեղծագործությունների շարքում ես կցանկանայի առանձնացնել «Իմ սրտում Ազնավուր», «Իմ հոգում Կոմիտաս» գործերը, որոնք բեմադրվեցին Մշակույթի կենտրոնում, մեծ արձագանք գտան ինչպես համայնքում, այնպես էլ համայնքի  սահմաններից դուրս»։

Կապանի մշակույթի կենտրոնի տնօրեն Գևորգ Հարությունյանի խոսքով`աշխատել են նախապես կազմված ծրագրով․ «Ինձ համար ամենակարևորը ձևակերպել մշակութային քաղաքականությունը, համայնքում իրականացնել մշակութային ռազմավարությունը, որպեսզի հանրությունը հասկանա մշակույթի կենտրոնի դերը։ Առաջին հաղթանակը ես համարում եմ հենց դա, որ մենք կարողացանք որոշակի չափանիշներ ձևակերպել և իրականացնել»։

Կառույցի տնօրենը հավելում է` հաղթանակի հաջողության գրավականը օր ու գիշերվա փութաջան աշխատանք էր․

«Բնականաբար կտրուկ փոփոխությունները անհատների համար դժվար են։ Ինչքան էլ պատկերացնում  էի՝  ինձ համար նույնպես դժվար էր։ Այս տարի հիմնականում շեշտը դրվելու է դրա վրա, որպեսզի արդեն ստեղծված մակարդակը կարողանանք պահել, ամրապնդել, որովհետև երբեմն կտրուկ, թռիչքային ձեռքբերումները ունենում են նույն արագությամբ անկումներ»։

Արդյունքի հասնելու համար հետնաբեմում  հսկայական աշխատանք էր կատարվում։ Մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Աստղիկ Գրիգորյանն է պատմում․ «Գալիս են պահեր, երբ ես էլ եմ դառնում բանվոր, Գևորգն էլ։ Մենք չենք նայում, թե ով ենք, եթե պետք է արվի դա, արվում է, եթե պետք է գիշերը մնանք այստեղ, մնալու ենք, միայն թե հասնենք այն գագաթնակետին, ինչին նպատակ ունենք հասնելու»։

Աստղիկ Գրիգորյանն ընդգծում է թիմային աշխատանքի կարևորությունը․ «Մենք նման ենք,  առաջին բառը ես ասում եմ, երկրորդը իրենք հաստատ գիտեն և հակառակը։ Շատ արագ է կազմակերպվում միտքը, սցենարը։ Ամեն ինչը կազմակերվում է երկու վայրկյանում․ «վերջ, գնացինք, սկսեցինք»»։

Թիմի գաղափարը առաջին պլան է բերում  նաև ռեժիսոր Քրիստինե Սլոյանը․ «Մեր բոլոր պլանային համերգները քառակուսի ստանդարտներից դուրս եկան։ Ավելի թեմատիկ էին։ Մենք համագործակցում էինք սցենարիստի հետ, ինչը շատ կարևոր է, ձայնային, լուսային օպերատորների հետ։ Այսինքն` համերգներ կազմակերպելը միայն գեղարվեստական ղեկավարի, ռեժիսորի խնդիրը չէր, այլ թիմ էր ձևավորվել, ամբողջ թիմն էր աշխատում»։ Կազմակերպած միջոցառումների համար ծախսվել է 52 միլիոն դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button