ԿարևորՀասարակություն

Ինչպես Իջևան-Նոյեմբերյան մայրուղին ապահովագրել ադրբեջանական կրակոցներից

Երեկ ադրբեջանական կողմը կրկին կրակել է Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Կորուստներ չկան, իսկ նյութական  վնասի չափը գյուղում հաշվում են։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը վերջին մեկ տարվա ընթացքում  սահմանին մեղմացում նկատում է, սակայն միևնույն ժամանակ  պնդում է, որ Ադրբեջանի քաղաքականությունն է անընդհատ իրավիճակը պահել լարված։ Երեկվա կրակոցները վերլուծել են  ոլորտի մասնագետները։

Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական զինված ուժերը  կրակել  են Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:  Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Հայաստանի զինված ուժերի պատասխան կրակից հետո են միայն դադարել գործողությունները։

«Այդ պահին գյուղում հարսանիք էր։ Սակայն ուրախությունը շարունակվել է։ Մարդիկ իրենց ուրախությունը  շարունակել են»։  

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ  գիշերը և հիմա էլ կրակոցներ չկան, վիճակը հանգիստ է։ Կյանքը բնականոն իր հունով շարունակվում է։ Հայկական  կողմը կորուստներ չունի։ Նյութական վնասները հաշվում են, ասաց գյուղապետը։

Միջպետական այս ճանապարհը ոչ թե վերահսկվում է հակառակորդի կողմից, այլ  ճանապարհն իրենց դիրքերից տեսանելի է, ասում է ռազմական փորձագետ Վահագ Սարոյանը։ Այլընտրանքային ճանապարհ կարո՞ղ ենք  այդ հատվածում ունենալ, թե՞ ոչ` պետք է ուսումնասիրեն  ճարտարապետաշինարարներն ու  ռազմական մասնագետները։ Սակայն այնտեղ ժայռ ճեղքելու հարցեր կան, որը ծախսատար է։

«Ճանապարհի, այսպես ասած, անխափան երթևեկը ապահովելու կամ ճանապարհի տեսանելիությունը որոշակիորեն նվազեցնելու  համար  միջոցներ կարելի է ձեռնարկել։ Կարելի է այնտեղ  կառուցել պատնեշներ, կամ այլընտրանքային ճանապարհով շրջանցելու հարցը քննարկել»։    

Երեկվա ինտենսիվ  կրակոցներն ադրբեջանագետ  Տարոն Հովհաննիսյանը բացատրում է Ադրբեջանի ներքաղաքական դաշտի խնդիրներով եւ բանակցային  գործընթացների ինչ- որ փուլերում իրենց կրած  պարտություններով։ Ադրբեջանը շարունակում է  ապակառուցողական քաղաքականությունը եւ այդ դժգոհություններն ավելի ակնհայտ դարձան Բրատիսլավայի հանդիպումից հետո` ասում է։  

 «Չէին կարողացել նախապես տարածած իրենց հայտարարությամբ իրենց որդեգրած դիրքորոշումը պաշտպանել արդեն հանդիպման ընթացքում։ Բավականին կոշտ է անցել հանդիպումը և միգուցե հենց դա է հանգամանքներից մեկը, որ փորձում են սրել իրավիճակը սահմանին, ապակայունացնել իրավիճակը» ։

Առաջին քայլը Հայաստանն արդեն արել է երեկ, երբ պատասխան կրակոցներով լռեցրել է հակառակորդին։ Մյուսը քայլը, ըստ ադրբեջանագետի, ոչ այնքան Հայաստանինն է, որքան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինը, մասնավորապես Ռուսաստանինը, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը  ՀԱՊԿ անդամ երկիր են։ Սադրանքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանին էր։

« Պետք է հստակ գնահատականներ տան այս ամենին։ Եթե հստակ գնահատականները չեն հնչում, ապա նման գործողությունները շարունակվում են անընդհատ։ Իսկ եթե  իրենք կնշեն, որ  չունեն հստակ ապացույց, թե կողմերից որ մեկն է  առաջինը խախտել հրադադարը, ապա այս դեպքում պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա հրադադարի  վերահսկման մեխանիզմները գործադրելու ուղղությամբ»,- ասում է ադրբեջանագետը։

Հայաստանը երբ պետք է դիմի ՀԱՊԿ անդամ պետությունների օգնությանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ադրբեջանագետը  նշեց, եթե Հայաստանի անվտանգության հարցը վտանգի տակ լինի, այդ դեպքում Հայաստանը հստակ կարող է  դիմել։ Սակայն մինչ այժմ հայկական ուժերը կարողացել են  վերահսկել  իրավիճակը, ասում է ադրբեջանագետ Տարոն Հայրապետյանը։ Սակայն ՀԱՊԿ–ն միայն ռազմական կառույց չէ, այլ  նաև ռազմաքաղաքական  և  պետք է Ադրբեջանին զսպող արձագանք հնչի, որպեսզի մեր հակառակորդը հասկանա, որ  գործ կարող է ունենալ  ոչ միայն ՀՀ զինված ուժերի, այլ նաև ՀԱՊԿ- ի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button