ԿարևորՀասարակություն

Անազատությունից դեպի նորմալ կյանք

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հնարավորությունների մասին խոսելիս ոլորտի պատասխանատուներն ասում են, որ վերջին տարիներին լուրջ աշխատանք է տարվել․ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, գործնական քայլեր են արվել, բայց  իրավիճակը հեռու է բավարար լինելուց։

Հայաստանի քրեակատարողական  համակարգում, մասնավորապես, լուրջ բացեր ունի  կրթության ու զբաղվածության խնդիրը։

Հայաստանի քրեական համակարգում պատժի հիմնական միջոցը շարունակում է մնալ  ազատազրկումը․ իրենց պատիժը ազատազրկման վայրերում է կրում հանցագործություն կատարած անձանց գրեթե կեսը։ Ազատազրկված անձանց ճնշող մեծամասնությունն ապահովված չէ աշխատանքով կամ զբաղվածության այլ ձևերով, ինչի պատճառով էլ հետագայում լուրջ խնդիրներ է ունենում վերասոցիալականացման, ավելի պարզ՝ նորմալ կյանք վերադառնալու առումով։

ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ  «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է վերլուծություն, որի նպատակն է նախ գնահատել ոլորտում առկա կարիքները, ապա առաջարկել  վերաինտեգրման և վերասոցիալականացման արդյունավետ մեխանիզմներ։ 

 «Վերասոցիալականացման համատեքստում մենք դիտարկել ենք աշխատանքով և այլ զբաղվածությամբ ապահովելու հնարավորությունները ինչպես քրեակատարողական հիմնարկի ներսում, այնպես էլ այնտեղից դուրս գալուց հետո։ Դրանք վերաբերում են գրադարաններից, մարզասրահներից օգտվելու, արտաքին աշխարհի հետ կապի  հնարավորություններին»,– ասաց կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Հայաստանի քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով արդարադատության նախարարությունը 2019-2023 թվականների ռազմավարություն է մշակվել ։ Նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանի խոսքով՝ սա առաջին ռազմավարությունն է, որը համապարփակ կերպով անդրադառնում է թե՛ քրեակատարողական, և թե՛ պրոբացիայի ոլորտներին՝ նախանշելով  առկա բոլոր խնդիրները։ Նախարարության ներկայացուցչի խոսքով ՝  վերոնշյալ վերլուծությամբ ամրագրված խնդիրները թիրախավորված են նաև ռազմավարության մեջ։  Մինչ խնդիրներին անդրադառնալը Արփի Սարգսյանը ներկայացրեց  վերջին տարիներին ոլորտում իրականացված առանցքային փոփոխությունները։

«Թե՛ օրենսդրական, և թե՛ գործնական մակարդակով բավական քայլեր արդեն հասցրել ենք անել, օրինակ արտաքին աշխարհի հետ կապի պահպանման առումով։ Այս ոլորտում  առանցքային փոփոխություններ ունենք»։

Կարևոր ձեռքբերումներ կան կրթության իրավունքի իրացման մասով․ մասնավորապես՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ –ի միջոցով  ապահովում են քրեակատարողական հիմնարկներում մինչև 19 տարեկան անձանց կրթության իրացման իրավունքը։

Քայլեր են կատարվել նաև զբաղվածության ապահովման ուղղությամբ։ «Այդուհանդերձ, չենք կարող ասել, որ այս ոլորտում արձանագրել ենք այն արդյունքը, որը կցանկանայինք ունենալ»,-ասաց արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

«Հաճախ հնչում են տեսակետներ, որ ազատազրկված անձինք իրե՛նք չեն ցանկանում աշխատել, ընդգրկվել  կրթական ու զբաղվածության ծրագրերում։ Նման խնդիր կա, և իսկապես բարդ է  նրանց ներգրավել նման ծրագրում»,-ասում  է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Վահե Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով․

«Այստեղ պետք է աշխատի խրախուսանքի մեխանիզմը։ Այդ անձանց հնարավոր բոլոր միջոցներով պետք խրախուսել, որպեսզի մասնակցեն նման միջոցառումներին։ Պետք է ստեղծել մոտիվացիա»։

Ազատազրկման վայրերից դուրս եկած անձանց գործազրկության մակարդակը   Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ  Լիզա Ղիասյանը ներկայացնում է՝ ըստ 2018-ից մինչև 2019-ի հունիսն իրականացված վերլուծության արդյունքների։

«Ազատազրկման վայրերից վերադարձած և մեր տարածքային 51 կենտրոններին խորհրդատվության համար դիմած անձանց թիվը  74-ն է։ Նրանցից միայն 21-ն է հաշվառվել որպես աշխատանք փնտրող։ Աշխատանքի է տեղավորվել մեկը»։

Լիզա Ղիասյանի խոսքով, ազատազրկումից հետո կյանք վերադարձած մարդիկ ունենում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ հոգեբանական, որի արդյունքում շատերը պարզապես մեկուսանում են, խուսափում են դիմել  զբաղվածության կենտրոններ, մեծ մասը վերադառնում է առողջական խնդիրներով, զգալի մասը չի ցանկանում  անգամ բնակվել  նախկին հասցեում, որպեսզի մոռանա այն, ինչ տեղի է ունեցել։ Ըստ Լիզա Ղիասյանի՝  մարդկանց նորմալ կյանք վերադարձնելու առումով նման խնդիրները ևս պետք է լինեն պետության ու   հասարակության ուշադրության առանցքում։

Ցուցադրել ավելի
Back to top button