Չոր աչքով և բարձր տրամադրությամբ․ զորակոչը՝ Արմավիրում


Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկել է ձմեռային զորակոչը: Նորակոչիկները պատրաստակամորեն և բարձր տրամադրությամբ են մեկնել բանակ, ծանոթ են բանակում տեղի ունեցած փոփոխություններին: Զորակոչի ավտոբուսները հավաքակայան են շարժվել բարձր ծափահարությունների ներքո։
Ձմեռային զորակոչն Արմավիրում դարձյալ մեկնարկեց Սարդարապատի հուշահամալիրից, այն վայրից, որը դարձավ մեր պետականության վերականգնման խորհրդանիշը: Նորակոչիկները բանակ մեկնելուց առաջ խոնարհվեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին և կարծես մտովի երդվեցին՝ ամուր պահել այն սահմանները, որոնք ձեռք են բերվել արյան գնով:


Տղաները մի քիչ շփոթված են, մի քիչ հուզված, բայց հաստատակամ որոշման մեջ: Կամո Մակարյանը սովորում և աշխատում է Գերմանիայում, չի խուսափել ծառայությունից և վերադարձել է հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը կատարելու համար.
«Տղային պետք է ծառայելը, և կոփվում ես, և ավելի շատ հասունանում: Գերմանիայից վերադարձել եմ, որպեսզի հետախուզում չհայտարարվի և ծառայությունից հետո կարողանամ գնալ, ուսումս ավարտել: Նկատել եմ, որ շատ փոփոխություններ կա դեպի լավը, պարոն Փաշինյանի որդին էլ է ծառայում, հիմա, չեն կարող խուսափել ծառայությունից»:


Կամոն ու մյուս նորակոչիկները գիտեն բանակում կատարված փոփոխությունների մասին, այդ թվում սննդի ու հագուստի մասին:
Փոփոխությունների մասին խոսեց նաև Արմավիրի զինվորական կոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանը.
«Հավաքակայանում ձեր հագուստը փոխում եք, ստանում զինվորական համազգեստ, իսկ ձեր ունեցածը դնում պարկի մեջ և փոխանցում ուղեկցող հարազատներին, եթե ուղեկցողներ չկա, ապա նշում եք հասցեն և զինկոմիսարիատից կփոխանցեն նշված հասցեով: Հավաքակայան հասնելուն պես նորակոչիկներին կերակրում են: Արդեն 2-րդ տարին է, որ զինվորներին թուլատրվում է պահել անձնական հեռախոսներ, բայց պայմանով, որ չեն ձայնագրում, չեն նկարում և չեն տեսագրում, պարզապես հասարակ հեռախոս»:


Ծառայության ընթացքում նորախոչիկները չպետք է թշնաբար տրամադրվեն միմյանց նկատմամբ, հավատարիմ լինեն քրրիստոնյա հավատքին, միմյանց ներեն ու ոխակալությամբ չլցվեն: Սա Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սիրոն արքեպիսկոպոս Ադամյանի կոչն էր բանակ մեկնողներին:
«Մենք մաղթում ենք, որպեսզի ձեր մեջ եղբայրասիրությունը ամուր լինի, դուք, հատկապես, հակառակորդ մի գտեք իրար մեջ, հակառակորդը մենք արդեն գիտենք ով է: Եղեք սիրով, եղեք ամուր»:
Սրբազան հայրը օրհնեց նրանց և բաժանեց խաչեր ու աղոթագրքեր: Արմավիրի մարզպետ Համբարձմում Մաթևոսյանը հորդորեց լավ ծառայել, անպարտ լինել, վերադառնալ ու լծվել մեր պատականաշինության գործին:


«Վստահ եղեք, որ ծառայության ընթացքում անցկացրած յուրաքանչյուր օր մոտեցնելու է մեզ մեր երազանքների հայրենիքին և կրելով զինվորի երդումը դուք պարտադրելու եք խաղաղություն թշնամուն, իսկ մենք մեր հերթին պարտավորված ենք լինելու պետականաշինության գործում անել առավելագույնը»:
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել հարազատները, որոնք մեկնելուց րոպեներ առաջ էլ խորհուրդներ էին տալիս որդիներին: Նրանց մեջ թաց աչքերով մայրեր չկային:


Զորակոչկների ավտոբուսները Սարդարապատի հուշահամալիրից բարձր ծափահարությունների ներքո շարժվեցին դեպի հավաքակայան: Իսկ թե որտեղ են ծառայելու որդիները, ծնողները կարող են տեղեկանալ՝ ներկա լինելով հավաքակայանում կազմակերպված վիճակահանությանը: