ԿարևորՏնտեսական

Շուրջ 50 միլիարդ դրամ․ չվճարված հարկերը շարունակում են վերադարձվել

Հայաստանի տնտեսության շուրջ 22 տոկոսը, ըստ մոտավոր հաշվարկների,  ստվերում է, զարգացած երկրներում այդ ցուցանիշը  10–ից 12 տոկոս է։ ՊԵԿ ռազմավարական ծրագրում ստվերի կրճատմանն ուղղված  ծրագրերն առաջնայինների թվում են։

Խոսելով ստվերի կրճատման մասին՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ  Հովհաննսիյանը, բացառել է  խոշոր  տնտեսվարողների  թիրախային ստուգումները, բայց նաև տրամաբանական է համարել խոշոր հարկ վճարող ընկերություններում հաճախակի ստուգումներ անցկացնելը։

46․8 մլրդ դրամ՝  2018-ի առաջին 11 ամիսների 24․5 մլրդ դրամի փոխարեն։ ՊԵԿ–ն այս տարվա հունվար նոյեմբերին այսքան գումար է վերականգնել բյուջե։ Տվյալները փոխանցում է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ  Հովհաննսիյանը։


Նրա խոսքով` 46.8 մլրդ դրամի մեծ մասը բռնագանձման արդյունքում վերականգնված գումարն է: Չվճարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ այս տարվա 11 ամիսներին իրավաբանական վարչությունը կայացրել է 26 հազարից ավելի որոշում՝ 55․5 մլրդ դրամ ընդհանուր գումարով,  արդյունքում՝ պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամը:   

Գումարները հիմնականում վերկականգնվել են ստվերի վերհանման արդյունքում՝ հստակեցրեց  ՊԵԿ պաշտոնյան՝ հավելելով, որ խոսքը բոլոր  ոլորտների մասին է, բայց փոքր բիզնեսին չի վերաբերում։

Օրերս խորհրդարանում ԲՀԿ առաջնորդն էր հայտարարել էր, թե հարկային ստուգումներ են սկսվել իրեն պատկանող ձեռնարկություններում։

«Բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում։ Ցանկացած օբյեկտ գնացեք, նայեք, ես էլ ասում եմ՝ ստուգեք, հո չեմ ասում մի ստուգեք, բայց ստուգելուն ձև կա։ Այս երկրում մենակ Ծառուկյանն է սեփականատեր»,-ասել էր Գագիկ Ծառուկյանը։

ՊԵԿ պաշտոնյան այսօր վստահեցրեց՝  ստուգումների իրականցվում են  հատուկ կարգով․ ցանկացած պահին կամ կամայականորեն հնարավոր չէ որևէ  տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացնել։      

«Եթե կան այլ տնտեսվարողներ կան, ովքեր ունեն բազմաթիվ բիզնեսներ և դրանք խոշոր հարկ վճարող են, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում»,– ասաց Էդվարդ  Հովհաննսիյանը։

ՊԵԿ պաշտոնյան  չմանրամասնեց, թե էլ ո ր խոշոր տնտեսվարողների ընկերություններում են ստուգումներ իրականացվում ։

Անդրադառնալով   Գյումրու  նորաբաց  մաքսատանը վերաբերող խնդիրներին՝ ՊԵԿ փոխնախագահը հայտարարեց․   աշխատում են  շատ օպերատիվ։  Վստահեցրեց՝ մեկ մեքենայի մաքսազերծումը մեկ րոպեից ավելի չի  տևում։  Ինքն էլ է լսել, թե մարդիկ գումարով  հերթն առաջ են գցում։ Շեշտեց՝  կարող են արձագանքել միայն  կոնկրետ դեպքերին։

Ցուցադրել ավելի
Back to top button