ԿարևորՀասարակություն

Հանել կալանավորվածի «լրացուցիչ պատիժը». ՄԻՊ առաջարկը

Քրեական գործերի քննության ընթացքում կալանավորված անձանց ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և  հեռախոսային խոսակցությունների վրա  դրվող  արգելքը մարդու իրավունքների տեսանկյունից խախտում է։ Այս համոզմանն է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։ Նա առաջարկում է օրենքի փոփոխություն ՝ արգելքը փոխարինել հարկադրանքի միջոցներով։

Քրեական գործերի քննության ընթացքում կալանավորված անձանց ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և  հեռախոսային խոսակցությունների վրա  դրվող  արգելքը մարդու իրավունքների տեսանկյունից խախտում են` կարծում են  իրավապաշտպանները։  Նախաքննություն իրականացնող մարմինն օրենքի ուժով իրավունք ունի  արգելանք դնել տեսակցությունների, հեռախոսազանգերի վրա, եթե այն   խոչընդոտում է գործի արդյունավետ քննությանը։

«Իրականում պետք է լինի բավականին լուրջ հիմնավորում, թե ինչո՞վ է դա նպաստում գործի արդյունավետ քննությանը։ Համատարած կիրառման տեսանկյունից մարդու իրավունքների մեծ խախտում է, սակայն բացառիկ դեպքերում՝ կոնկրետ հիմնավորումներով, առանձնապես  ծանր հանցագործությունների պարագայում, երբ  քննությունը առավել համապարփակ, բազմակողմանի և  օբյեկտիվ  տանելու պատճառաբանությամբ հնարավոր է լինեն նման  դեպքեր»,– նշեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Մեկ այլ խնդիր էլ առաջանում է, օրինակ, քրեակատարողական հիմնարկներում  դիտորդների այցելությունների հետ կապված, քանի որ օրենքը նրանց վրա ևս տարածվում է։ Իրավապաշտպանի խոսքով ՝ հաճախ չեն կարողանում առաքելություն իրականացնել օրենքի թերի լինելու  պատճառով․

«Որպես քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող դիտորդների  խմբի ներկայացուցիչ, կարող եմ ասել, բազմիցս բարձրաձայնել ենք  քննիչի կողմից  կիրառվող արգելանքի պատճառով հենց դիտորդական խմբի անդամների քրեակատարողական հիմնարկ կատարվելիք այցի խոչընդոտի վերաբերյալ։ Այս խնդիրը անգամ մեզ վրա է տարածվում, որն ի դեպ, դիտորդական խմբի կարգին հակասում է։ Խումբը գործում է մարդու իրավունքների  պաշտպանության տիրույթում և դիտարկում է մարդու իրավիճակը քրեակատարողական հիմնարկում գտնվելու պահին։ Ուզում եմ ասել, որ պրակտիկայում օրենսդրական բացեր և խախտումներ շատ կան»։

Խնդիրը համատարած բնույթ է կրում  և այս տարիների ընթացքում խորացել է, կարծում  է  ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։ Ըստ նրա` քրեական գործերի քննության ընթացքում կալանավորված անձանց ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և  հեռախոսային խոսակցությունների վրա  դրվող  արգելքը  նշանակում է լրացուցիչ պատիժ․

«Կարծում եմ չարաշահումներ են և այն պարզապես պրակտիկայում ունի մարդուն  զրկանքներ պատճառելու բնույթ։ Կարծեք, թե ավելի նմանվում է  մարդուն լրացուցիչ պատժի ենթարկելուն՝ զրկելով ընտանիքի հետ կապից, եթե նա չի համագործակցում քննության հետ և այլն»,– նշեց օմբուդսմենը։

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ օրենքում փոփոխությունների նոր նախագիծ են մշակել, առաջարկում են կիրառել հարկադրանքի միջոց․

«Մենք առաջարկում ենք, որ դա լինի հարկադրանքի միջոց, լինի ժամկետներով սահմանափակված, վերանայվի անկախ նրանից անձը բողոքո՞ւմ է, թե՞ ոչ։ Եվ ամենակարևորը` կոնկրետ նշվի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, ում հետ  տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունը պետք է սահմանափակի քննիչը։ Սկզբունքային մեկ այլ  հարց կա։ Կարծում եմ, որ քննիչը  այս որոշումները կայացնելու իրավունք չպետք է ունենա։ Դա մինչդատական վարույթում  պետք է անեն դատախազը և, իհարկե, դատական վարույթում ՝ դատարանը»,- ասաց Թաթոյանը։

Դեռևս 2017 թվականին է մշակվել օրենսդրական  փոփոխությունների փաթեթը և քննարկումներն արդեն տեղի ունեցել են։ Թաթոյանի խոսքով՝  տարաձայնությունները կապված են այն հանգամանքի հետ, որ  չնշվի մերձավոր ազգականի անունը, ազգանունը, ում հետ տեսակցությունը պետք է սահմանափակվի։ Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանը սա անհրաժեշտ է համարում․

«Սկզբունքային է իմ դիրքորոշումը և մինչև վերջ պնդելու եմ, որ պետք է նշվի։ Եթե պետությունը գնում է դրան, իսկ պրակտիկան այսօր այնքան վատն է, որ մենք պետք է ձերբազատվենք այս արատավոր երևույթից։ Եթե պետությունն այս կարևոր արժեքը սահմանափակում է և հնարավորություն չի տալիս մարդուն  շփվել իր երեխայի կամ ծնողի հետ, ապա այո, պետք է այսքան բարդացված ճանապարհով անցնի և  շտկի  այս արատավոր պրակտիկան»։

Այժմ Քրեական դատավարության օրենսդրությունում փոփոխությունների օրինագիծը  քննարկման փուլում է։ Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` շոշափելի արդյունքի հասնելու  համար անհրաժեշտ է  գործընթացն արագացնել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button