ԿարևորՔաղաքական

Լուսավոր Հայաստանը և Լույսի ստվերը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկում են Երևանի ավագանիում  իրենց միակ ներկայացուցչին՝ Դավիթ Խաժակյանին  հետ կանչելու հարցը։  Խաժակյանի գործունեությունից  կուսակցությունում դժգոհ չեն, ավելին՝ այն օրինակելի են համարում, բայց նաև կարծում են, որ  խմբակցության  գործունեությունը պարբերաբար շեղվում է ԼՀԿ օրակարգից։

«Լույս»–ի մյուս՝ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող թևում բարձրացված աղմուկը չեն հասկանում ու խնդիրը ներկուսակցական են որակում։

Երևանի ավագանիում ընդդիմադիր «Լույս» խմբակցությունն ունի 3 անդամ։ Նրանցից մեկը՝ Դավիթ Խաժակյանը  ԼՀ–ի ներկայացուցիչն է, Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը՝«Հանրապետություն» կուսակցության։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է  Երևանի ավագանիի « Լույս» խմբակցությունում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին  հետ կանչելու հարցը:

Վերջնական որոշումը կայացնելու է կուսակցության կառավարման խորհուրդը։

«Եթե  խորհուրդը  որոշի, որ Դավիթ Խաժակյանը   պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք  ներկայացված լինել   ավագանիում, հետևաբար  չենք կրի պատասխանատվություն ավագանիում  « Լույս» խմբակցության գործունեության համար»,–այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀ կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանը։  Նրա խոսքով՝   հազարավոր դժգոհություններ  են ստացել  քաղաքացիներից ավագանու «Լույս» խմբակցության ոչ  իրենց  կուսակից անդամների՝ Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի  գործունեության վերաբերյալ։ Նրանք, հիշեցնենք,    «Հանրապետություն» կուսակցությունից են։

«Չենք կարող անդադար չունենալ ազդեցություն մի իրավիճակի վրա , բայց միևնույն ժամանակ դրա համար պատասխանատվություն կրել։  Եթե մենք չենք կարողանում ազդել և խմբակցության գործունեությունը բերել բովանդակային դաշտ, ապա ավելի լավ է դուրս գանք։ Մենք մեր անդամի համար ենք պատասխանատու»,– ասաց Մարուքյանը։  

Էդմոն Մարուքյանի դժգոհության առիթը, մասնավորապես,   ավագանու երեկվա նիստին Դավիթ Խաժակյանի բացահայտած դեպքի  շուրջ ծավալված քննարկումն ու դրա լուսաբանումն են։  Ըստ Մարուքյանի՝  ԶԼՄ–ների ամբողջ ուշադրությունը սևեռվել է Թեհմինա Վարդանյանի, Անի Խաչատրյանի և  Հայկ Մարությանի  բանավեճի և ավագանու անդամներին ծաղրելու քաղաքապետի  պահվածքի վրա։

Մենք ունենք մեկ անդամ խմբակցությունում,  և նրա  բովանդակային,  արժեքային քննադատությունը լսելի չի լինում՝ շարունակեց Մանե Թանդիլյանը։ Պատճառը նաև ԶԼՄ –ների լուսաբանումն է , որի արդյունքում էլ ձևավորվում է քաղաքացիների արձագանքը։ Ըստ Թանդիլյանի՝   ԼՀ–ն  ունի  իր  օրակարգն ու գաղափարախոսությունն ինչպես ԱԺ–ում, այնպես էլ  ավագանիում։ Կառավարման խորհրդի  գնահատմամբ՝   ավագանու «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է  կուսակցության գծից։  Այս իսկ պատճառով  կուսակցությունը պետք է  հասկանա, թե որքանով է նպատակահարմար  իր գործունեությունը շարունակելը ավագանիում։

« Մենք պետք է կարողանանք շարունակել կրել պատասխանատվություն մի բանի համար , որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն է։ Հետևաբար պետք է քննարկենք, թե ինչ անել  այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար,  որը,  ըստ էության, մեզ համար օրակարգարգային չէ»,– նշեց Թանդիլյանը։։

Իշխանությունը որևէ կերպ չի ազդել  կուսակցության այս որոշման վրա՝  շեշտեց  Էդմոն Մարուքյանը, ասաց, որ  գոհ է  Դավիթ Խաժակյանի աշխատանքից։  Նա  իր գործունեությամբ ցույց է  տվել , թե ինչպես պետք է աշխատի  ընդդիմադիր գործիչը՝  ասում է Մարուքյանը։

«Դավիթ Խաժակյանն օրինակ է երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ»։

Այս պահին Դավիթ Խաժակյանը դեռ ավագանու անդամ է։  Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց՝  իրենց որոշման հիմքում  ավագանու երեկվա նիստի  հանրային արձագանքն է։  Ըստ Խաժակյանի՝ «Լուսավոր Հայաստանի» բարձրացրած հարցերն  ավելի քիչ տարածում են ստանում՝ դաշինքի մյուս գործընկերների «անձնավորված ձևակերպումներով քննադատությունների» պատճառով։ 

«Երեկ ավագանու նիստում քննարկվեց այն հանցանքների մասին, որոնց հիմքը տեսել եմ  քաղաքապետի գործողություններում՝ պաշտոնեական լիազորությունների անցման եւ չարաշահման մասով, որը, սակայն, ստվերվեց Թեհմինա Վարդանյանի անձնական ձեւակերպումներով ելույթով»,– նշեց Խաժակյանը։

Դրանք դառնում են  վերնագիր ու գրավում մարդկանց ուշադրությունը՝ ասում է Խաժակյանը։

«Լույս»–ի մյուս՝ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող թևում բարձրացված աղմուկը չեն հասկանում, իսկ խնդիրը ներկուսակցական են որակում։

Լրագրողների հետ զրույցում  դաշինքի՝ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանն ասացին, որ  հարցի շուրջ «Լուսավոր Հայաստանի» հետ որևէ քննարկում չեն ունեցել եւ նպատակահարմար էլ չեն համարում նման քննարկում ունենալ. «Որովհետեւ մենք «Լույս» խմբակցությունն ենք եւ կարող ենք խմբակցության շրջանակներում քննարկումներ ունենալ»:

Թեհմինա Վարդանյանն ավելացրեց, որ  բարեկամաբար է  վերաբերվում Մարուքյանին և նրա ղեկավարած կուսակցությանը, իսկ իրենց հայտարարությունների համար  պատասխանատվու են  միայն  իրենք։

«Այդ աղմուկը նպատակայի՞ն է, թե՞  ոչ՝  չեմ հասկանում, բայց սա դիտարկում եմ  նորմալ աշխատանքային գործընթաց»,- ասաց Վարդանյանը։

Back to top button