ԿարևորՀասարակություն

Իրանը Սբ Թադեոս հայկական վանքի մոտ զբոսաշրջային ճամբար կկառուցի

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սբ Թադևոս հայկական վանքին հարող տարածքում զբոսաշրջային ճամբար կկառուցվի` tehrantimes.com-ն է տեղեկացնում:

«Սա ծրագիր է, որը տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկների ճամփորդությունն ավելի հարմարավետ կդարձնի»,- ասել է Չալդորանի նահանգապետ Հասան Մոհամմադզադեն:

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2020-ի մարտին, նախագծում կներդրվի 10 միլիարդ ռիալ (մոտ 240 000 դոլար):

Ամեն ամառ հարյուրավոր քրիստոնյա ուխտավորներ Իրանից, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից այցելում են Սբ. Թադեոս: Սա մի ավանդույթ է, որը  փոխանցվել է սերնդեսերունդ:

Այն հատկապես մեծ նշանակություն ունի իրանահայերի համար, ովքեր հիմնականում գալիս են Թավրիզ, Ուրմիա, Թեհրան, Սպահան և Ղազվին քաղաքներից։

Եկեղեցին երկրում պահպանված ամենահին քրիստոնեական հուշարձաններից մեկն է։ Այն 2008-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է՝ ընդգրկվել է «Իրանի հայկական վանական համալիրները» անվան տակ։

Ցուցադրել ավելի
Back to top button