ԿարևորՀասարակություն

Գյումրու տուն-ինտերնատը կանցնի մասնավորին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով  կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում լուծարվեց նախարարության ենթակայությամբ  գործող Գյումրու տուն-ինտերնատը, որը շուրջօրյա խնամք է տրամադրում  տարեց և հաշմանդամություն ունեցող  160 անձի։ 

Պետական կազմակերպության ծառայությունները կպատվիրակվեն մասնավորին։ Ի՞նչ է սպասվում տուն-ինտերնատի շահառուներին և  շուրջ  80 աշխատակիցներին։  

Գյումրու տուն-ինտերնատում  մթնոլորտն այս օրերին լարված ու սպասողական է։ Կառույցը լուծարելու վերաբերյալ կառավարության որոշումից հետո այստեղ ավելի քան արդիական է դարձել հարցը՝  ի՞նչ է լինելու վաղը։  Տուն-ինտերնատի տնօրեն Արմեն Սարուխանյանը  «Ռադիոլուրի» հետ  զրուցում նշեց, որ հաստատությունը ստեղծվել է դեռևս 88-ի երկրաշարժից առաջ, 91-ին վերակազմավորվել ու մինչև այսօր գործում է որպես խնամքի շուրջօրյա կենտրոն։

«Մշտական սկզբունքով կենտրոնը խնամում է 160 հոգու՝ տարեց և հաշմանդամ։  Ներկա պահին հաշմանդամների թիվը 114-ն է։ Կենտրոնի կարևորությունը դժվար է գերագնահատել, այստեղ խնամվում են շահառուներ ոչ միայն Շիրակի մարզից, այլև Հայաստանի ամբողջ տարածքներից։ Այն փաստը, որ 160 տեղն էլ զբաղված են, վկայում է, որ կարիքը  բավականին մեծ է»,– ասաց Սարուխանյանը։ 

Տնօրենն ընդգծում է, որ 160 շահառուների խնամքն իրականացնում են կենտրոնի 72 աշխատակիցները։  Պետական չափորոշիչներով աշխատակիցների թիվը նախատեսվածից 30 տոկոսով պակաս է։ Տրամադրվող  խնամքի ծառայությունների  ծախսարդյունավետության ցուցանիշներն այստեղ էապես բարձր են, քան նմանատիպ ծառայություններ մատուցող պետական մյուս տուն-ինտերնատներում։

Այնպես որ, արդյունավետության մասով, ինչպես նկատում է տնօրենը, հաստատությունը միանգամայն շահեկան դիրքերում է։ «Արմատական փոփոխությունների կարիքը հասունացած էր ամբողջ համակարգում»,-ասում է Արմեն Սարուխանյանը՝ միաժամանակ նշելով, որ լուծարման որոշման մասով վերապահումներ ունի։

«Ինչու ընտրվեց Գյումրու տուն-ինտերնատը։ Ավելի նպատակահարմար չէ՞ր ստեղծել նոր համակարգ, այնուհետև անդրադառնալ հնի լուծարմանը։  Եվ վերջապես, տուն-ինտերնատի գործունեության բնույթն այնպիսին է, որ անգամ մեկ ժամ չի կարելի կանգնեցնել գործունեությունը։ Դա անմիջապես անդրադառնում է խնամվողների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան  առողջության վրա»։

Սարուխանյանի տեղեկություններով՝ խնամվողներին, բարեբախտաբար, ոչինչ չի սպառնում։ Նրանք շարունակելու են մնալ տուն-ինտերնատում, փոփոխության է ենթարկվելու կառույցի կազմակերպչական բովանդակությունը, այսինքն՝ ՊՈԱԿ-ի ծառայությունները պատվիրակվելու են մասնավոր  ընկերության կամ բարեգործական կազմակերպության։ Պետությունն իրեն  վերապահում է միայն  վերահսկողական գործառույթը։ Մասնավոր ընկերության կամ  ներդրողների կոնկրետ անուններ Գյումրու տուն-ինտերնատում չեն շրջանառվում, այս հարցում լիակատար անորոշություն է։ Բայց սա աշխատակիցներին մտահոգող կարևորագույն հարցը չէ թերևս, վաղն ունենալու են աշխատանք թե՞ ոչ․ ահա նրանց հուզող գլխավոր հարցը։

«Կան բանավոր հավաստիացումներ, որ աշխատակիցների 70 տոկոսը կմնան նույն աշխատանքին, փոփոխությունը կվերաբերի միայն 30 տոկոսին՝ կապված կենսաթոշակային տարիքի  հետ։ Բայց սրանք միայն բանավոր հավաստիացումներ են»։

Տնօրենի տեղեկացմամբ՝ Գյումրու տուն-ինտերնատի աշխատակիցները ստեղծել են  իրենց շահերի պաշտպանության կոմիտե և իրենց իրավունքերը մտադիր են պաշտպանել դրա  միջոցով։  

Գյումրու տուն-ինտերնատի հետագա ճակատագրի վերաբերյալ փորձեցինք  պարզբանումներ ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունից։ Նախարարի  առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը  վստահեցրեց՝ փոփոխությունների արդյունքում  բարձրանալու է ծառայությունների որակը, բարելավվելու են շենքային պայմանները։ Ինչ վերաբերում է  տուն-ինտերնատի աշխատակիցներին․

«Ովքեր կենսաթոշակի տարիքի չեն հասել, աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չեն ունենա։ Նաև աշխատավարձի բարձրացում է նախատեսվում՝ միջինը 30 տոկոս»,– նշում է Գասպարյանը։

Գեմաֆին Գասպարյանի տեղեկացմամբ ՝ 2020-ի հունվարի մեկից Գյումրու տուն-ինտերնատում  ծառայություններ կմատուցի բարեսիրական կազմակերպություն։ Թե կոնկրետ ինչ կազմակերպության մասին է խոսքը, պարզ կդառնա միայն վաղը։   Կազմակերպության հետ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի  կունենա դեկտեմբերի 18-ին աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունում։ 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button