ԿարևորՎերլուծական

Որն է թուրք-ամերիկյան հարաբերությունների սահմանագիծը

Կանցնե՞ն կարմիր գիծը Անկարան ու Վաշինգտոնը․ եթե մի քանի տարի առաջ այս հարցը զարմանք կառաջացներ քաղաքագետների շրջանում, այսօր պատկերը միանգամայն այլ է։

Մինչեւ պատժամիջոցների խորացում. սա այն սահմանագիծն է, որին կարող են հասնել թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնում է պետական մակարդակով ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը ՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման։ Էրդողանը ամերիկյան մայրցամաքի բնիկների կոտորածները բնորոշել է իբրեւ «ԱՄՆ-ի խայտառակություն»։

Քաղաքագետը կարծում  է,  որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները երբեք այսքան ցածր մակարդակի չեն եղել, սակայն կողմերը հասկանում են, որ լարվածությունը շատ երկար տեւել չի կարող։

«Եթե Թուրքիան շարունակի ՌԴ-ից զենք եւ զինամթերք գնել՝ լինելով ՆԱՏՕ- ի անդամ, ապա ԱՄՆ կխորացնի պատժամիջոցները»։

ԱՄՆ ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, ու լարվածության ավելի խորացումը պետք չէ ոչ մեկին եւ ոչ էլ մյուսին՝ կարծում է քաղաքագետը։ Սակայն նախ Թուրքիան պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է գնում՝ ՆԱՏՕ, թե՞ Ռուսաստան։ Այն ինչ անհավանական կարող էր թվալ մի քանի տարի առաջ, այսօր հնարավոր է, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվում՝ ասում է։

Այս մոտեցմանն ամենեւին համամիտ չէ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Էրդողանը չի ուզում ընկրկել ԱՄՆ առաջ։ Որքան էլ  ճակատ-ճակատ պայքարի ԱՄՆ-ի դեմ, ինքը ՆԱՏՕ-ի կազմում է եւ հասկանում է, որ ԱՄՆ հետ դաշնակիցներ են»։

Սիրիական ճգնաժամը փոխել է մոտեցումները։ Իրավիճակը թեժ է։ Մի կողմից ամեն բան կարելի է սպասել, սակայն մյուս կողմից, ըստ թուրքագետի, անհավանական է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը հատի կարմիր գիծը։  

Back to top button