ԿարևորՀասարակություն

Մարտունի գյուղում «խելացի» անասնաշենքը կհեշտացնի ֆերմերի գործը, կավելացնի եկամուտները

Կառավարությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծախսերի մի մասը: Ճամբարակի Մարտունի գյուղի ֆերմեր Ազատ Խաչատրյանն այս ծրագրով կառուցել է Գեղարքունիքի մարզի «խելացի» առաջին անասնաշենքը, որտեղ արդեն ծնվել է առաջին հորթը: Նոր պայմաններ ունեցող  անասնագոմը ֆերմերին կօգնի ծավալել անասնապահական եկամտաբեր բիզնես:

Կառավարության «Խելացի» ֆերմա ծրագրի մասին Ճամբարակի Մարտունի գյուղի ֆերմեր Ազատ Խաչատրյանը լսեց այս տարի գարնանը: Պահանջներով ոգևորված նախ մասնակցեց մայրաքաղաքում անցկացվող դասընթացներին, ապա եկավ գյուղ ու անցավ գործի: «Խելացի» ֆերմա ծրագրով առաջարկվում է երեք մոդել. 10-15 գլուխ կենդանու համար ժամանակակից անասնաշենք կառուցելը կարժենա 11 մլն. դրամ, ուղիղ կեսը կտա պետությունը՝ որպես նվիրատվություն, անասնաշենքի երկրորդ մոդելը 20-25 կենդանու համար է՝ 23 մլն. դրամ արժեքով, դարձյալ 50 տոկոս փոխհատուցմամբ, 3-րդ մոդելի անասնաշենքում կարելի է պահել արդեն 45 կենդանի , 35 միլիոն դրամի կեսն էլ պետությունից: Ազատն ընտրել է 2-րդ մոդելը:

«Իմը 2-րդ ծրագիրն է, 25 գլուխ կովի համար: 23 միլիոն դրամ արժողությամբ ֆերմա է, որի ուղիղ կեսը պետությունը պետք է հատուցի: Այսօր իմացա, որ գումարի առաջին կեսն արդեն փոխանցվել է՝ 5 մլն. 750.000: Շատերն էին մտածում՝ արդյո՞ք պետությունը իմ փողը կփոխանցի՞, թե՞ չէ: Ես վստահ էի ու վստահում էի ու շատերի պատասխանն այսօր տվել եմ, որ գումարն իսկապես արդեն փոխանցել են»,-նշեց ֆերմեր, անասնաբույժ Ազատը:

Այս գարնանը Ազատը հին գոմը քանդեց և նույն տեղում կառուցեց նորը: «Խելացի» անասնաշենքն ունի 30,5 մ. երկարություն, 10,5 մ. լայնություն, 6 մ. բարձրություն : Շենքը լուսավոր է և՛ ցերեկը, և՛ երեկոյան, այն ունի երդիկ, 4 կողմերից օդափոխություն, ազատ պահվածքի անասունների համար առանձնացված կերասեղան, նստելու, հանգստանալու առանձնացված խցեր, կերի պահեստներ: Անասնաշենքի 6 դռներից էլ հնարավոր է տրակտորով ելումուտ անել, մաքրել գոմը, կիթն էլ կատարել մեքենայական եղանակով:

«Այստեղ ոչ միայն կովերի համար է լուսավոր ու հարմարավետ, այլ նաև իմ աշխատանքն է մի քանի անգամ հեշտացվել. այն տաժանակիր աշխատանքը, որ ես հին գում էի անում, վերածվել է հաճելի գործի: Ամեն մի երիտասարդ կուզենա նման պայմաններում կենդանիներ պահել, թե չէ նախկինում երիտասարդները չէին ցանկանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Այս ձևը կավելացնի իմ կենդանիների մթերատվությունը, կլինեն առողջ, ինձ եկամուտ կբերի, կդառնա բիզնես, որով կարելի է գյուղում ապրել ու աշխատել»:

Ազատի խոսքով, 5 տարեկանից անասնապահության մեջ է: Անասնաբույժի կրթություն ունեցող  ֆերմերը լավ է հասկանում կենդանիների լեզուն: Պահում է խոզեր, կովեր, ձի, շուն ու կատու: Նրա ֆերման ու տունը գյուղի ամենավերջում են՝ անտառի մեջ, ուր ժամանակին կենդանիներին պահում էր նաև վայրի եղանակով՝ դրսում: «Խելացի» ֆերա ծրագրի այս  տարբերակը Ազատի համար ամենաարդյունավետն է:

«Մեկ պարզ օրինակ բերեմ. մասնագիտությամբ անասնաբույժ եմ և շատերը կանչում են՝ իրենց գոմում կենդանիներին նայելու: Ցերեկով մինչև գոմի լույսը չվառենք, այդ կովերին չենք տեսնում: Պատկերացնու՞մ եք ամբողջ ձմեռ այդ կովը այդ մթության մեջ է, գազախցում, դռներն ու պատուհանները հերմետիկ փակած: Մի րոպե մտնում ես գոմ ու հոտը վրայիցդ չի անցնում: Բնական է՝ այդ պայմաններում մթերատվությունը շատ ցածր կլինի: Իսկ այս եղանակով, տեսնում եք ինչ լուսավոր է ու մաքուր օդ, կենդանիներն էլ իրենց շատ լավ են զգում: Ներսի ու դրսի ջերմաստիճանը հավասար է և սրանք են բնական պայմանները»:

Ազատն ունի 40 գլուխ խոշոր եղջերավորներ: Նոր անասնաշենքը հնարավորություն կտա  ժամանակակից մեթոդներով պահել նոր ցեղատեսակի կովեր: Շվից և հոշտին տեսակի կովերից Ազատը կստանա նոր սորտ՝ սիմենթալ, ինչու՞ պատասխանը շատ հստակ է:
«Որպեսզի կաթի և մսի փոփոխության ժամանակ ես կարողանամ լավ մանևրեմ. եթե պետք է միսն է թանկ, աշխատեմ մսի վրա և հակառակը: Այս ցեղատեսակը այդ հնարավորությունը տալիս է: Առաջին հորթը ունեցանք, անգամ հուզվել եմ: Նոր ֆերմայում առաջին հորթ. սա լավ նշան է և իմ ուզած հորթը»:

Ազատ Խաչատրյանը պատրաստվում է անցնել ծրագրի 2-րդ փուլին՝ անասնաշենքի վերազինմանը՝ դարձյալ պետության աջակցությամբ: «Ամբողջ կյանքում այս բնագավառում եմ եղել, նման հնարավորություն չեմ տեսել: Պետությունը ոչ միայն հեղափոխություն ապրեց, այլև հեղափոխություն է կատարում մեր տնտեսության, գյուղատնտեսության մեջ: Ինչու՞ չէ, այս ֆերմաները կարելի է կոչել հեղափոխական ֆերմաներ: Ես ոգևորված եմ այս ծրագրով և բոլորիդ խնդրում եմ ուղղակի, դուք էլ անցեք սրան»,- ասաց Ազատ Խաչատրյանը:


Back to top button