Հասարակություն

Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ermenihaber.am-ի փոխանցմամբ, թուրքական ATV և A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում անդրադարձել է օրերս ԱՄՆ-ի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։

Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այսպիսի գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությանը.

«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի ներքաղաքական բևեռացումները հետևանքներ են ունենում մեզ համար։ Նաև գիտակցում ենք, որ որոշ շրջանակներ որոշակի հարցեր շահարկման առարկա են դարձնում՝ Թրամփին նեղը գցելու համար»։

Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսին հորդորել է վերջ դնել այն գործողություններին, որոնք հարիր չեն իրենց փոխհարաբերությունների բնույթին և էությանը։ Էրդողանը հարկ է համարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար այն հետևանքները, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները։ 

Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնելուց։ Նա հիշել և հիշեցրել է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների մասին։ Վերջիններիս թեման Էրդողանը համարել է Ամերիկայի խայտառակությունը։ Իսկ ֆրանսիացիներին մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում իրականացրած կոտորածների մեջ։

Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ինջիրլիքի և Քյուրջեքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։

«Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք,- հարցադրումով եզրափակել է իր խոսքը Էրդողանը։ — Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»։

Back to top button