ԿարևորՀասարակություն

Տեղեկատվության ազատությունը` կոռուպցիայի դեմ պայքարելու լավագույն գործիք

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած  նախագիծը, որը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում, լրջորեն մտահոգել  է քաղհասարակությանը։

Շրջանառվող նախագծով առաջարկվող փոփոխությունը նախատեսում է, որ տեղեկատվության տնօրինողը կարող է մերժել բնապահպանական տեղեկատվության տրամադրումը, եթե այն վերաբերում է բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Նախարարության ներկայացուցչի հիմնավորումները ընդդիմախոսներին, կարծեք թե, չեն համոզել։ 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում շրջակա միջավայրի նախարարության առաջարկած փոփոխությունները նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը փորձեց ներկայացնել  հնարավորինս պարզ  և հիմնավոր․

«Ամեն ինչ շատ պարզ է․ եթե շրջակա միջավայրի նախարարությունը չի տրամադրում տեղեկատվություն, օրինակ, կովկասյան ընձառյուծի բնակավայրի հետ կապված, սա խնդի՞ր է հասարակության կամ ՀԿ-ների համար, թե՞ ոչ։ Նախկին սկզբունքով յուրաքանչյուր քաղաքացի, որը պոտենցիալ որսագող  կարող է լինել, կարող է դիմել, տեղեկանալ  կարմիր գրքում գրանցված որոշ կենդանատեսակների բնակության վայրերի մասին և այդ տարածքներում որսագողություն իրականացնել։ Ի՞նչ եք կարծում, հարգելի գործընկերներ, այս փոփոխությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի կենսաբազմազանության վրա»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ ուզում է  լեզվի սայթաքում համարել  այն ձևակերպումը, թե յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ որսագող  կարող է լինել՝ միաժամանակ հիշեցնելով, որ անմեղության կանխավարկած գոյություն ունի։ Գոյություն ունի նաև տեղեկատվություն ստանալու իրավունք, որը, առաջարկվող նախագծով, ինչպես նշեց, սահմանափակվում է։

 «Տեղեկատվական ոլորտում իմ բազմամյա փորձը վկայում է՝ երբ պետությունը   ինչ-ինչ պատճառներով չի կարողանում իրականացնել իր առաքելությունը, որոշում է սահմանափակել տեղեկատվության ազատությունը։ Եվ սա վերաբերում է բոլոր ժամանակներին։ Չես հասկանում՝ ինչու՞ չի կարելի այդ տարածքներում պատշաճ կերպով ապահովել վերահսկողությունը և չսահմանափակել  տեղեկատվության ազատությունը»։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ նախագիծը  e-draft.am կայքում տեղադրելուց առաջ նախարարությունը  պետք է հանրային քննարկումներ  կազմակերպեր և լսեր բոլոր կարծիքները։  Առաջարկվող փոփոխություններից բխող կարևորագույն խնդիրը, որն առանձնացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ  Շուշան Դոյդոյանը․

«Տեղեկատվության ազատության մասին օրենքը չի կարող ենթարկվել ոլորտային փոփոխության։ Այսինքն՝  վաղը առողջապահության նախարարությունը կարող է որոշել, որ  իր ոլորտում այս մի խումբ տվյալները պետք է գաղտնի պահել հանրությունից, ապա  էկոնոմիկայի նախարարությունը, հետո մեկ ուրիշը։  Եվ սկսում են բզկտել այս օրենքը։ Եթե մեկին կարելի է, ինչու՞ մյուսը չի կարող անել։ Չի կարելի և պետք է բացառել այս հույժ կարևոր օրենքի հակակոռուպցիոն հզոր գործիքը մասնատելը և այն հատվածային բարեփոխումների ենթարկելը»։

Եթե առաջարկվող փոփոխությունները Շուշան Դոյդոյանը որակեց անընդունելի, ապա  լրագրող Արման Սուլեյմանյանը բնորոշեց ձևական․

«Ձևական է այս ամենը, որովհետև խոսքը գնաց բեզոարյան այծի մասին․․․բոլորս հենց հիմա կարող ենք իջնել  ներքև և տեսնել, թե ինչպես են Նոր Զովքի դիմաց ապօրինի սիգ վաճառում։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 1-ից հունվարի 10-ը արգելված ժամանակաշրջան է։ Այստեղ մշակութային խնդիր եմ ես տեսնում․ կա երկու հիմնական բառ, որը մեր պետական մարմինները, ի դեմս շրջակա միջավայրի նախարարության, չեն յուրացրել։ Մեկը թափանցիկությունն է, մյուսը հաշվետվողականություն բառը»։

«Եթե շրջակա միջավայրի նախարարությունը իսկապես մտահոգված է որսագողությունը կանխելով, գուցե սկսեին նրանից, որ կասեցնեին սիգի  ապօրինի որսը, հետո հավաքվեինք մի սենյակում  որոշելու՝ լավ էս անտանելի լրագրողների դեմը ոնց առնենք, որ ավել-պակաս հարցեր չտան»,-հավելեց մեր լրագրող գործընկերը։

Գուցե ոչ այսքան կտրուկ հարցադրման պատասխանը գտնելու, բայց մի սենյակում հավաքվելու անհրաժեշտության հարցում կարծեք  համաձայնության եկան բոլորը։  «Քաղհասարակության մտահոգությունները պետք է փարատել»,-նկատեց Շուշան Դոյդոյանը՝ հավելելով․ «Տեղեկատվության ազատությունը կոռուպցիա անվամբ  չարիքի դեմ պայքարելու լավագույն գործիքն է, որից ոչ մի դեպքում հրաժարվել  չի կարելի»։

Ցուցադրել ավելի
Back to top button