ԿարևորՔաղաքական

Վարչապետի հայտարարության տողատակերը

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ. Թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման չափազանց կոշտ գնահատական տվեց պետական կառավարման համակարգին։

«Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ի հեճուկս, և սա ճշմարտություն է: Եվ եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է, դիմադրում է ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ։ Չկա ուրիշ տարբերակ, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն է տվել և մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ տվեց։  Համացանցը  քննարկում, վերլուծում ու մեկնաբանում է։ Ոմանց կարծիքով` այս հայտարարությունը տեղին էր, ոմանք էլ ասում են` ուշացած։ Ուշացած էր զուտ այն պատճառով,  որ այդ նույն պետական համակարգի նախարարները նշանակվել են հենց վարչապետի կողմից, հետևաբար` համակարգային փոփոխությունը պետք է լիներ ի սկզբանե։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում  է` խնդիրը վաղուց  կար, մատնանշում` պետական համակարգի հատկապես միջին օղակում աշխատողները   առանձնապես կողմ չէին այն փոփոխություններին, որն իրականացրել է հեղափոխական իշխանությունը։

«Մարդիկ չեն կարող  նույն ծավալով աշխատել  ու ստանալ  նույն գումարը  առանձնահատուկ ոչինչ  չստանալով,  որին սովոր են։ Բնականաբար` ընդվզում կարելի էր անկնկալել»։

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության  պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է, որ այս հայտարարությունը ուշացած էր,  քանի որ  Փաշինյանը  ունեցել է  ժամանակավոր կառավարություն, որից հետո ձևավորել է խորհրդարանական մեծամասնություն ու արդեն մեկ տարի  է  ամբողջական իշխանությունը  պատկանում է   իրենց, հետևաբար պետական համակարգը բարեփոխելու լայն հնարավորություն ունեին։

«Իսկ  վարչապետի այս ուշացած հայտարարությունը ավելի շատ արդարացում է կառավարություն կողմից գործադրված ջանքերի դանդաղկոտության, քանի թե չոր փաստի արձանագրում է։  Հին համակարգով բարեփոխումներ անել չես կարող։ Պետք էր ճիշտ թիրախներ դնել,  որ համակարգը կարողանար ճիշտ արձագանքել հեղափոխության նպատակներին»։

Ուշացած էր, թե` ոչ, ԲՀԿ- ական պատգամավոր Իվետա Տոնոյանն ասում է , որ Գագիկ Ծառուկյանը դեռ ամիսներ առաջ էր մատնանշել ու բարձրաձայնել կադրային խնդիրների մասին, քանի որ պետական համակարգում առկա է լուրջ  ճգնաժամ․ «Իրականում լուրջ մտածելու հարց կա, եթե չկա համակարգված աշխատանք, չկան ոլորտի խնդիրներին տիրապետող  անձիք, ապա տնտեսության զարգացումն է դանդաղելու և որևէ իրական լուրջ  հաջողությունների չենք կարող հասնել հետհեղափոխական Հայաստանում։

ԼԿՀ պատգամավոր Անի Սամսոնյանը դժվարանում է ասել, թե վարչապետի նման հայտարարության համար ինչն էր հիմք ծառայել, բայց նշում է․ բարեփոխումները,  որոնք իրականացվում են նախարարություններում՝  արվում են ոչ պատշաճ մակարդակով։

Իշխանական խմբակցության, «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը, սակայն, հստակեցնում է, թե որն էր վարչապետի հիմնական ուղերձը։ Այն պետք է ընկալել, որ շատ ավելի անհանդուրժող են դառնալու և կոռուպցիայի դեմ պայքարում չեն խնայելու նույնիսկ յուրայիններին։  

Վարչապետի հայտարարության մեջ ուղերձը հստակեցրեց նաեւ նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Խոսքը կադրային ջարդի մասին չէ։ Խոսնակը խորհուրդ տվեց` Փաշինյանի հայտարարություններին ավելի ուշադիր հետեւել։

Ցուցադրել ավելի
Back to top button