ԿարևորՀասարակություն

Պատերազմ՝ ֆեյքերի և ատելության խոսքի դեմ

Այսօր որոշում կայացվեց Աժ–ում ստեղծել հանձնաժողով, որը կաշխատի 6 ամիս։ Այն կուսումնասիրի եւ կմշակի ատելության խոսքի դեմ պայքարելու օրենսդրական մեխանիզմները։ Հարցը արդիական է համարել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նա էլ ընտրվել է համապատասխան հանձնաժողովի նախագահ։ Առաջիկա 2 օրվա ընթացքում պարզ կդառնա, թե որ պատգամավորներն են աշխատելու այդ աշխատանքային խմբում։

Ի՞նչ չափորոշիչների մեջ է մտնում օրինակ՝ սեւ ու սպիտակը։ Սա գո՞ւյն է, թե՝ ատելության խոսք։ Ինչպե՞ս պետք է այն պատժվի եւ արդյո՞ք պետք է պատժվի։ Այս ձեւակերպումն այսօր անգամ Աժ–ում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառ դարձավ։

Այսօր Աժ–ում շատ են պատգամավորները, որոնք կարծում են, որ ֆեյք հարձակումների են ենթարկվել եւ ատելության խոսքի արժանացել իրենց ընդդիմախոսների հրահրմամբ կամ  պատվերով։ Նաիրա Զոհրաբյանը հիշում է Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակաշրջանը, Թագուհի Թովմասյանն ու Արման Բաբաջանյանը՝ լրագրողական աշխատանքը։

Ֆեյքերի վերջին ակտիվացման օրինակն էլ՝ վարչապետի տիկնոջ հետ է կապված, երբ Աննա Հակոբյանը քաղաքացիներին հորդորեց հեռանալ ամանորի «սեղանային» մտածելակերպից եւ պարզապես վայելել տոնական օրերը։ Ֆեյքերի մասին խոսում են եւ իշխանական, եւ ընդդիմադիր հատվածից։ Բոլորը համոզված են՝ դրանք կառավարվում են ինչ որ կենտրոններից։  

Նաիրա Զոհրաբյան. «Կա այսպես կոչված «X» ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են այդ կեղծ օգտատերերի հիմնական գրողները, բոլոր այն անձանց դեմ, որոնք հանդգնում են իշխանության կարծիքին դեմ որեւէ կարծիք հայտնել»։

Արթուր Հովհաննիսյան․ «Երկու տարվա վաղեմության տեղեկատվություն է եւ մինչ հեղափոխությունը հավաստի տվյալներ կային, որ այդ տեղեկատվական ՊՈԱԿ–ը տարբեր տեսակի խողովակներով արշավներ է իրականացնել ընդդիմության նկատմամբ։ Իշխանական թիմի կողմից որեւէ «ֆեյք–ֆաբրիկա» չի աշխատում այսօր»։

Թագուհի Թովմասյան․ «Մեր կաշվի վրա վերջին շրջանում շատ բուռն զգացել ենք այդ ատելության խոսքի կոնկրետ դրսեւորումներ։ Ընդ որում ուղղորդված կոնկրետ պաշտոնյաների կողմից։ խոսքը նաեւ հենց ուժային կառույցների մասին էր։ Մի օրինակ էլ բերեմ։ Վերջերս ինչ ասաց տիկին Աննա Հակոբյանը։ Ընդամենը մի «անշառ» առաջարկ։ Ի՞նչ արեցին իր հետ հայտնի ուղղորդված ուժերը՝ ինչ բառապաշարով, ատելության ինչ չափաբաժնով»։  

Կառավարությունը խորհրդարան է արդեն ուղարկել բռնության կոչերի քրեականացման նախագիծը։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձում է շրջանառության մեջ դնել իր մշակած օրինագիծը, որը կոչված է պայքարել «ֆեյք» լուրերի դեմ։

Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սարգիս Խանդանյանն առաջարկեց ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ սահմանված 6 ամսում ուսումնասիրելու եւ ատելության խոսքի դեմ պայքարի գործուն մեխանիզմներ մշակելու եւ առաջարկելու համար։

Հանձնաժողովն այսօրվանից ստեղծված է, կազմը կորոշվի առաջիկա օրերին։ Նախ եւ առաջ ուսումնասիրելու են միջազգային փորձը, թեեւ ԵԽԽՎ–ում աշխատող պատգամավորները պնդում են՝ վերջին 2 տարվա ընթացքում սա խնդիր է նաեւ եվրոպական երկրների համար։ Այնտեղ նույնպես փորձում են կարգավորումներ գտնել՝ չվնասելով խոսքի ազատությանը։ Իսկ սա այն սահմանն է, որի խախտման դեպքում մշակված մեխանիզմները կարող են «պատժիչ մահակ»–ի վերածվել։ Իշխանական պատգամավորները այդ գիտակցումով խոստացան, որ կիսալուծումների եւ վատթարացումների ճանապարհով չեն գնալու։   

Ցուցադրել ավելի
Back to top button