ԿարևորՀասարակություն

Մարզերում նախատեսում են կառուցել բազմաբնակարան շենքեր

Արմավիրի մարզի 2 քաղաքում նախատեսում են կառուցել  բազմաբնակարան նոր  շենքեր, որոնց համար մի քանի ներդրողներ առաջարկություն են ներկայացրել: Մարզերում նախատեսվել է կառուցել մինչև հինգհարկանի շենքեր՝ 4 բնակելի և մեկ ձեղնահարկով: Արմավիրում դեռ պարզ չէ քանի շենք կկառուցվի, բայց շինարարության համար հստակեցված տեղեր կան, որտեղ  դեռ 1980-ականների վերջերին  շարունակվելու էր բազմաբնակարան շենքերի կառուցումը:

Արմավիրի մարզում Խորհրդային տարիների փլուզումից հետո բազմաբնակարան շենքեր չեն կառուցվել: Նախապես պլանավորված, նախագծված և ֆինանսավորված  շինարարություններն անավարտ մնացին: Այդ տարիներին բնակարանային պայմանների բարելավումը կազմակերպվել է երկու ձևով՝ պետության ֆինանսավորմամբ և կոոպերատիվների միջոցով, երբ բնակարանի կառուցման համար վճարել է սեփականատերը: Արմավիր քաղաքում կոոպերատիվ կառույցներից անավարտ 5 շենք կա, դրանք արդեն 30 տարվա ընթացքում թալանվել են, քայքայվել, մի քանիսում էլ բնակվում են: Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ այդ շենքերի շինարարությունն ավարտելու համար իրենք լիազորություններ չունեն, իսկ այդ տարիներին ձևավորված կոոպերատիվներն էլ լուծարվել են.

«Կա շենք, գոյություն ունեցող շենք, բայց քանի որ շենքերն ավարտական տեսքի չեն բերվել, ավարտական ակտ չկա: Կիսավարտ շենքերի մի քանիսում մարդիկ բնակվում են և սեփականաշնորհման գործընթացի հետ կապված խնդիր են առաջանում: Ցանկանում են գազ քաշել, բայց չունեն սեփականության վկայական»:

Կիսավարտ շինությունները գտնվում են Երևան-Արմավիր-Գյումրի մայրուղու  հարևանությամբ և հատող Նալբանդյան փողոցի վրա: Արմավիր քաղաքապետարանի հաշվեկշռում  2 կիսավարտ կառույց է եղել, որից մեկի շինարարությունը տարիներ առաջ ավարտվել է կառավարության ֆինանսավորմամբ  ու հանձնվել զինծառայողներին, իսկ մյուսը մնում է նույնությամբ: Ինչ լուծում է նախատեսվել անավարտ շենքի շինարարության համար․

«Մյուս շենքի հետ կապված մի քանի ծրագրեր կան և  այս պահին քննարկվում են, բայց քանի որ քննարկման փուլում է, չեմ ուզում խոսել այդ մասին: Այդ կիսակառույցում բնակվողներ չկան»:

Աղետի գոտում բազմաբնակարան շենքերի կառուցումից հետո բնակարանային բում սկսվեց Երևանում, իսկ մարզերում անտեսվեց: Երկարատև դադարից հետո, վերջերս  բնակարանային շինարարության մասին սկսել են խոսել նաև մարզերում: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր մեկ տարվա աշխատանքային գործունեության ամփոփման ժամանակ՝   ներկայացնելով ներդրումային ծրագրերը, նշել էր քաղաքներում  բազմաբնակարան շենքերի կառուցման մասին.

«Արմավիրի մարզի 2 խոշոր քաղաքներում՝ Արմավիրում և Էջմիածնում կկացուցվեն բազմաբնակարանային նոր շենքեր, որը հնարավորություն կտա մարզի բնակիչներին օգտվելու հիպոթեքային վարկավորումներից»:

Այն իրականությանը մոտ ծրագիր է: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում նշել էր մարզերի հետաքրքրվածության, հողհատկացումների և գլխավոր հատակագծերի փոփոխության մասին: Հայտարարությունից ի վեր 40 համայնք առաջարկություն է ներկայացրել բնակարաններ կառուցելու համար.

«Մեծ ծավալներ չեն, դրանք մի մուտքով, 3000 քմ-ոց հինգհարկանի՝ 4 և մեկ մանսարդային հարկով,  տներ են: Երևան քաղաքում 1 քմ-ի արժեքը շատ ավելի բարձր է, քան շրջաններում, բայց, միևնույնն է, շահույթի որոշակի տոկոս է գոյանում, որը բավարար է շինարարությունն անելու համար»:

1980-ական թվականներին  բազմաբնակարան շենքերի կառուցմամբ նոր թաղամասերի հիմքեր դրվեցին Արմավիր քաղաքի արևելյան և արևմտյան մասերում: Արմավիր քաղաքի նախկին գլխավոր հատակագծով արևմտյան թաղամասում  բազմաբնակրան շենքերի կառուցումը շարունակվելու էր:  Այդ հողերը հիմա էլ ազատ են և հնարավոր է նոր բնակարանային շինարարությունը  հենց այդ վայրում իրականացվի:

«Մենք հիմա գլխավոր հատակագծի փոփոխության առաջարկով դիմել ենք Քաղաքաշինության կոմիտե՝ վերանայվի շենքերի հարկայնությունը, որպեսզի  ներդրողի, կառուցապատողի համար, որպես բիզնես՝ եկամտաբեր դիտվի: Մի քանի կառուցապատողներ նախագծեր են ներկայացրել, հիմա  քննարկման փուլում է: Մեր քաղաքում վերջին տարիներին բազմաբնակարան շենքերի խիստ պահանջարկ  կա»:

Ներդրողների ու բանկերի հետ քննարկելուց  ու որոշումներ կայացնելուց հետո բազմաբնակարան շենքերի կառուցումը կսկվի հաջորդ տարի և 2020 թվականին շատերը նոր բնակարանմուտ տոնելու առիթ կունենան:

Ցուցադրել ավելի
Back to top button